Քիչ առաջ Շենգավիթի դատարանի դիմաց զոհված զինծառայողների ծնողներն ու ի սատարումն նրանց այդտեղ հավաքված քաղաքացիները փակեցին Արշակունյաց պողոտան։ Դրանից մի քանի րոպե անց ակցիայի վայր ժամանեցին նախկին «Սասնա ծռեր», այժմ՝ «Ազգային ժողովրդավարական բևեռ» անվանվող շարժման անդամները՝ Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ։
Hayastan.news-ը հարցրեց Սեֆիլյանին՝ ծնողներին աջակցելու համա՞ր են եկել, ինչին Սեֆիլյանը դրական պատասխան տվեց՝ նշելով, որ սա այն դեպքն է, երբ անկախ քաղաքական տարաձայնություններից՝ պետք է համախմբվել և աջակցել ծնողներին և թույլ չտալ, որ Աշոտ Փաշինյանին առևանգելու մեջ մեղադրվող Գայանե Հակոբյանը կալանավորվի։
Հիշեցնենք, այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում տեղի է ունեցել Գայանե Հակոբյանին կալավորելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը, որի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի վաղը, ժամը 15․00-ին։
Մինչ Սեֆիլյանը մեզ հարցազրույց էր տալիս ու խոսում համախմբման մասին, դատարանի բակում հավաքված քաղաքացիները, որոնց թվում՝ զոհված զինծառայողների ծնողներն էին, սկսեցին վեճի բռնվել Սեֆիլյանի թիմակիցների հետ, վիրավորական բառեր վանկարկել նրանց հասցեին՝ պահանջելով հեռանալ այստեղից։ Քաղաքացիները ԱԺԲ-ի անդամներին ու, հատկապես, Արա Պապյանին, որը ևս Սեֆիլյանի հետ եկել էր դատարանի բակ, մեղադրեցին Նիկոլ Փաշինյանին սատարելու, իշխանություններին ծառայելու մեջ։
Իրավիճակը փորձեցին հանդարտեցնել ոստիկանները՝ Սեֆիլյանին խնդրելով հեռանալ կամ միփոքր հեռու գնալ և ավելորդ չսրել իրավիճակը։
Սեֆիլյանը համաձայնեց, սակայն ԱԺԲ-ի մյուս անդամները այդ ժամանակ էլ սկսեցին ոստիկանների հետ վեճի բռնվել, որոնց հետո սաստեց Ժիրայր Սեֆիլյանը։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ