Հետևեք մեզ։

Հանեք դրան «համազգեստի» մեջից

17:03, 19 մայիս 2023
Հանեք դրան «համազգեստի» մեջից

Հակոբ Ասլանյանին, իհարկե, «համազգեստի» մեջից հանել հնարավոր չէ, որովհետև նա երբեք «համազգեստի» մեջ չի եղել ու չէր կարող լինել՝ չնայած լուսանկարներին, որոնցում զինվորական համազգեստով է։ Հակոբ Ասլանյանը մեր ազգային տարազի մեջ, ակնհայտորեն, ոչ մի կերպ չի տեղավորվում։

 

«Դաշնակցություն» կուսակցության մասին պատգամավորի հայտարարությանը չարձագանքել կարելի էր, դե ոմանց պետք է սովորական արհամարհանքով վերաբերվել։ Դա կարելի էր անել, եթե Ասլանյանն իր ապազգային հայտարարություններում լրտեսության մեջ չմեղադրեր հատկապես «Դաշնակցությանը»՝ անձամբ լինելով ներկայացուցիչն այնպիսի քաղաքական ուժի, որը բացահայտ և ամբողջությամբ հրաժարվել է հայոց ազգային արժանապատվության պահպանման հարցում հենց «Դաշնակցության» ձեռքբերումներից։

 

«Դաշնակցությանը» մեղադրել կարելի է շատ բաների մեջ, օրինակ՝ 2018-ի իրադարձություններին չմտածված աջակցության, իրենցից ակնկալիքներին այսօր տեր չկանգնելու և այլն։ Բայց Հակոբ Ասլանյանը ոչ միայն ամեն հնարավորություն օգտագործում է անմտություններ արտահայտելու համար ու, օրինակ, Տիգրան Մեծին մեղադրում ծովից ծով Հայաստան չունենալու համար, նաև իրեն թույլ է տալիս «Դաշնակցությանն» անվանել հայակործան կազմակերպություն ու մեղադրել, ոչ ավել, ոչ պակաս, լրտեսական գործունեության մեջ։

 

Դե, մի խոսքով՝ կյանքում ոչնչով աչքի չընկած, բայց մեր հայրենակից ընտրողների մեծամասնության քվեով Ազգային ժողովում ընդամենը նստելու համար աթոռ, իսկ ապազգային մտքեր արտահայտելու համար բարձրախոս ստացած, ապա անհայտ գործունեություն իրականացնող իր ՀԿ-ի համար կառավարությունից Երևանի կենտրոնում անհատույց տարածք վաստակած Հակոբ Ասլանյանն ի լուր աշխարհի հայտնում է, որ «Դաշնակցություն» կուսակցությունը, որի գաղափարախոսությունը չի համընկնում Ասլանյանի գաղափարների հետ, եթե այդպիսիք առհասարակ կան, հայակործան կազմակերպություն է։ Ավելին, նա այդ թշնամական մտքերն արտահայտելուց հետո շարունակում է, որ ինքն այդ մտքերի մասին դեռ նյութեր է հավաքում ու որ ամենահետաքրքիրն է՝ նա  պետք է պարզի, թե ինչո՞ւ է «Դաշնակցությունը» «համագումար» բառի փոխարեն օգտագործել «համաժողով» բառը։

 

Բայց, ամենավատը, իսկ եթե մանրամասն վերլուծենք իրադարձությունները, ապա Հակոբ Ասլանյանի տեսանկյունից ամենատրամաբանականն այն է, որ թուրքերի հետ հարաբերությունների «կարգավորման-չկարգավորման» փուլում հատկապես հակոբասլանյաններն իրենց կիսատ-պռատ խոսքերով քար են նետում այդ հարցերում բարձրության վրա մնացած «Դաշնակցության» ուղղությամբ։ Այո, Հակոբ Ասլանյանը տեղի ունեցած երկրաշարժից հետո իրենց կողմից ցեղասպանության ենթարկված հայերից այդպիսի օգնություն ստացած, բայց անմիջապես հետո թշնամական ելույթներն ու գործողությունները շարունակած  իր թուրք համախոհներին պետք է ասեր, որ նրանց համար միշտ դժվարություններ առաջացրած «Դաշնակցությունը» հակահայկական է, որովհետև, ըստ Հակոբ Ասլանյանի՝ հայկական ու ազգային է թուրքերի պատկերացրածը, որի դեպքում, ինչպես նրան համոզել են, ինքն ավելի լավ կապրի։

 

Հակոբ Ասլանյանին հուշեք, որ լրտեսությունն էլ սահմաններ ունի․․․ ու հետ պահեք դրանից․․․

 

Բեթղեհեմ Արաբյան

 

 

Վերլուծական