Հետևեք մեզ։

Շուշիի Կերպարվեստի թանգարանի բակում գտնվող քանդակների պուրակն ամբողջությամբ վերացվել է

20:26, 20 մայիս 2023
Շուշիի Կերպարվեստի թանգարանի բակում գտնվող քանդակների պուրակն ամբողջությամբ վերացվել է

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.

«2023 թվականի մայիսի 11-ին Շուշի կատարած իր այցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել է Շուշիի նախկին կերպարվեստի թանգարանում կազմակերպված Հեյդար Ալիևին նվիրված ֆոտոցուցահանդեսի բացմանը։

Տեսանյութում ակնհայտ երևում է, որ թանգարանի մուտքի մոտ տեղադրված քանդակներն այլևս չկան, չկան նաև թագարանի  սրահներում ցուցադրվող ստեղծագորցությունները։ Շուշիի Կերպարվեստի թանգարանի հավաքածուն կազմող բոլոր ստեղծագործությունների վիճակն ու վայրը մնում է անհայտ։

Կարող ենք փաստել նաև, որ Շուշիի Կերպարվեստի թանգարանի բակում գտնվող ժամանակակից արվեստագետների քանդակների պուրակն ամբողջությամբ վերացվել է, իսկ ստեղծագործությունների ճակատագիրը նույնպես մնում է անհայտ։ Այդ մասին անդրադարձ էր եղել դեռ 2021 թվականի օգոստոսի 15-ին, Caucasus Heritage Watch-ի կողմից հրապարակված արբանյակային լուսանկարների շնորհիվ, որին անդրադարձել էր «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագրի թիմը (Շուշիի կերպարվեստի թանգարանի «Քանդակների պուրակի» ավերումը)։

Ադրբեջանի կողմից տեղահանվել է  Շուշիի կերպարվեսի պետական թանգարանի ողջ հավաքածուն, ինչպես ցուցասրահներից, այնպես էլ  թանգարանի մերձակայքից։ Թանգարանի ներքին բակում գտնվող կոթողային քանդակների պուրակը հիմնահատակ վերացվել է և, ելնելով տեսանյութից, մուտքի երկու կողմերում գտնվող երկու քանդակները նույնպես տեղում չեն։ Գեղարվեստական, մշակութային  և պատմական արժեք ներկայացնող հարուստ հավաքածուի ներկայիս վիճակն ու վայրը մնում է անհայտ և տագնապալի։

Արձագանք

Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի ավերումն ադրբեջանական վանդալիզմի հերթական դրսևորումն է, որը  Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային կոնվենցիաների և հռչակագրերի մի շարք դրույթների կոպիտ խախտում և ոտնահարում է։ Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունը վերահաստատում է այս պահանջը և այդպիսի արարքը՝ ըստ 15-րդ հոդվածի, որակում որպես միջազգային հանցագործություն։ Մշակութային արժեքների ոչնչացման գործողություններն արգելվում են նաև Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի պատերազմից տուժածների պաշտպանության, պատերազմի օրենքների և սովորույթների վերաբերյալ միջազգային չորս կոնվենցիաների և արձանագրութունների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի և Մարդու իրավունքների պաշտպանության պայմանագրերի։