Հետևեք մեզ։

Ի՞նչ է պետք Արայիկ Հարությունյանին Արցախից

22:33, 21 մայիս 2023
Ի՞նչ է պետք Արայիկ Հարությունյանին Արցախից

Արցախում քաղաքական իրավիճակի մասին մի քանի անգամ որոշել ենք գրել, բայց, հաշվի առնելով ամեն օր ավելացող՝ Արցախի գոյության համար սպառնալիքները, այնտեղ որևէ բացասական տրամադրություն չառաջացնելու համար, չենք արել դա։ 

 

 

Իսկ այժմ արդեն, երբ Արայիկ Հարությունյանն ինքը, անտեսելով այդ սպառնալիքները, քաղաքական խաղերի է մասնակցում ու ինքն է սպառնալիք դարձել Արցախի համար, չխոսել այդ մասին հնարավոր չէ: 

 

 

Այո, այն ամենն, ինչով այժմ զբաղված է Արցախի նախագահը, այլ կերպ անվանել հնարավոր չէ։ Բայց եթե ամենայն մանրամասնությամբ վերլուծենք Արայիկ Հարությունյանի ամբողջ, ու հատկապես՝ 44-օրյա պատերազմից հետո ընկած ժամանակահատվածի գործունեությունը, կհասկանանք, որ ոչ մի նոր բան չկա։

 

 

Արայիկ Հարությունյանն Արցախի նախագահ լինելու իր հավակնությունները դրսևորել է վարչապետ, ապա՝ պետնախարար աշխատելու ժամանակ՝ անհասկանալի է, թե ինչպես ստեղծելով լավ կառավարիչի կերպար։ Իսկ անհասկանալի է, քանի որ դեռ այն ժամանակ Արցախում դպրոցներ վերանորոգելը, ճանապարհներ կառուցելն ու մնացած կապիտալ բարեփոխումները կատարվել են եթե ոչ կոռուպցիոն, ապա առնվազն՝ անբարեխիղճ վարչարարությամբ։ 

 

 

Նախագահ դառնալուց անմիջապես հետո Արայիկ Հարությունյանը բացահայտեց, որ Արցախն ու սեփական բիզնեսներն իրարից ոչնչով չի տարբերում, իսկ նախագահի պաշտոնը ծառայեցնում է այդ բիզնեսներին այնպես, ինչպես ծառայեցրել է վարչապետի դիրքը։

 

 

Ամեն կողմից հնչող հարցը, թե ինչո՞ւ Արցախին որպես` Մեր Արցախի չենք վերաբերվել ու չենք շենացրել 30 տարվա ընթացքում, ուղղված է շատերի թվում նաև Արայիկ Հարությունյանին, ով Արցախի տնտեսության ու ֆինանսների պատասխանատուն է եղել համեմատաբար ավելի նպաստավոր պայմաններում, բայց այդ ընթացքում կարողացել է միայն միլիոնատեր դառնալ։ Արայիկ Հարությունյանը փորձում է չնկատել այդ հարցն ու խուսափել դրան պատասխանելուց այնպես, ինչպես խուսափում է 44-օրյա պատերազմի մասին բոլոր հարցերից՝ ասելով, իբր բանակը ղեկավարելու իրավասություն չի ունեցել, թեև հենց ինքն իրականում տարբեր ստորաբաժանումներին իր հրամաններով այս ու այն կողմ է տարել։

 

 

Արայիկ Հարությունյանն Արցախում նախագահել ու նախագահում է իր պաշտոնավարումը ժամ ավելի երկարացնելու տրամաբանությամբ՝ այդ նպատակով քաղաքական խաղերի ու պայմանավորվածությունների մեջ մտնելով ու պաշտոններ շնորհելով բոլոր նրանց, ումից վտանգ է տեսնում իր համար։ Արայիկ Հարությունյանը Արցախի գոյության, անվտանգության, արցախցու վաղվա օրն ավելի լավը դարձնելու համար պատասխանատու պաշտոններում նշանակումների մեծամասնությունը կատարել է իրենցից ուժ, հետևաբար նաև իր պաշտոնավարման համար սպառնալիք ներկայացնողներին ինչ-որ կերպ գոհացնելու, աշխատավարձ ու որոշակի պաշտոնական դիրք տալով  բերանը փակելու մոտեցմամբ։

 

 

Բայց քիչ էր թե Արցախն այս ոգով ղեկավարվել էր մինչ պատերազմը, քիչ էր թե այդպես էր ղեկավարվում պատերազմից հետո, Արայիկ Հարությունյանը թշնամուց ու դավաճաններից դեռ մազապուրծ մի բուռ հողն այդպես կառավարում է նաև հիմա, երբ Արցախն ամիսներով շրջափակված է` լի օրվա հացի խնդիրներով, իսկ կարգավիճակի հարցը՝ ինքներդ գիտեք, թե ինչ։

 

 

Արայիկ Հարությունյանն այնքան է վախենում իր բիզնեսների զարգացման համար, որ զգալով, որ Արցախում այլևս դիրք ու իշխանություն չունի, իսկ արցախցին ուժեղ ու կամային ղեկավար է ուզում, սկսում է հերթական քաղաքական խաղը՝ փորձելով երկարացնել նախագահական պաշտոնավարումը։

 

 

Ապշել կարելի է միայն. ինչպե՞ս կարելի է Արցախի այս իրավիճակում այնտեղ ընդամենը ղեկավար աշխատելու կռիվ տալ, ինչպե՞ս կարելի է ծանր ժամանակներ ապրող Արցախում աշխատավարձ ստանալու ջանքեր թափել, ինչպե՞ս կարելի է այսօրվա Արցախում ընդհանրապես ներքին քաղաքական խաղեր տալ ու հնարքներ կիրառել, ներքաղաքական սուր վիճակ ստեղծել, վստահության հանրաքվե կամ նմանատիպ բաներ նախաձեռնել: Եվ սա վերաբերում է ոչ միայն Արայիկ Հարությունյանին, այլ նաև նրանց, ովքեր այսօրվա Արցախում ստեղծում են քաղաքական այնպիսի վիճակ, որ Հարությունյանը գնա քաղաքական խաղերի ճանապարհով։ 

 

 

Իսկ սա նշանակում է, որ այդ խաղերին մասնակցող բոլոր կողմերին Արցախից պետք է միայն դիրք ու նյութական միջոց, թեկուզ մեկ ժամ, թեկուզ վերջին անգամ, թեկուզ Արցախի վերջին օրը: Սա նշանակում է, որ Արցախի վաղվա օրվա խնդիրը միասնաբար լուծելու կամ լուծել փորձելու փոխարեն մի կողմը վիճակն օգտագործում է մյուսին ցած գցելու համար, իսկ մյուսը փորձում է ամեն կերպ մնալ, ուղղակի՝ մնալ։

 

 

Դա նշանակում է որ Արցախը բոլոր կողմերի համար միայն սնվելու, առաջին պատերազմում Արցախի համար արածը դրոշակ սարքած նորից ու նորից սնվելու միջոց է ու այդ բոլորն առանց բացառության հանձնում են Արցախը՝ փորձելով փախցնել վերջին պատառը։

 

 

Բեթղեհեմ Արաբյան