Հետևեք մեզ։

Բաքվում զինծառայողներին ցուցադրել են 1918-1920 թթ․-ի Ադրբեջանի քարտեզը․ դրանում հայկական տարածքները ներկայացվում են որպես ադրբեջանական

18:16, 31 մարտ 2025
Բաքվում զինծառայողներին ցուցադրել են 1918-1920 թթ․-ի Ադրբեջանի քարտեզը․ դրանում հայկական տարածքները ներկայացվում են որպես ադրբեջանական

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական «ցեղասպանության» մասին հայտարարությունն է տարածել, այդ առիթով նաև միջոցառում կազմակերպել և զինծառայողներին ցուցադրել քարտեզներ, որոնցում պատկերված է 1918-1920 թվականների Ադրբեջանի Դեմոկրատական ​​Հանրապետությունը, սակայն այդ քարտեզում Հայաստանի տարբեր շրջանները ներկայացվում են ադրբեջանական։

 

Այս քարտեզների ցուցադրումը ուղղակիորեն կապված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման Ադրբեջանի նախապայմաններից մեկի հետ։ Հայտնի է, որ Ադրբեջանը պահանջում է փոփոխություններ կատարել Հայաստանի Սահմանադրության մեջ և մի շարք իրավական ակտերում՝ դա հիմնավորելով Երևանի կողմից իբրև թե առկա տարածքային պահանջներով։ Սակայն այս քարտեզներից ակնհայտ է դառնում, որ փաստացի Ադրբեջանը հավակնում է պատմական և իրավական առումով իրեն չպատկանող տարածքներին, որոնք ինչպես այդ ժամանակ, այնպես էլ այժմ ՀՀ տարածքի մաս են կազմում։

 

Փաստացի, խաղաղության պայմանագիրը համաձայնեցրած, քիչ անց՝ նոր նախապայմաններ առաջադրած Ադրբեջանը այս քարտեզներով ապացուցում է, որ տարածքային հավակնություններ ունի փաստացի հայկական տարածքների նկատմամբ և որ հայկական կողմի միանշանակ համոզումը, թե փոխադարձաբար ճանաչվում և հարգվում է երկրների տարածքային ամբողջականությունը, այդքան էլ հիմնավոր չէ։

 

Վերոնշյալի առնչությամբ այսօր Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, թե Բաքուն հաստատակամ և անդրդվելի է Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի տարածքային հավակնությունների դադարեցման պահանջի մեջ։

 

Քարտեզների ֆոնին ո՞րն է Հայաստանի պատասխանը։

 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս ընդգծել է, որ Հայաստանը, լինելով կարգավորման գործընթացում որպես կառուցողական կողմ, նման հարցեր չի բարձրացնում։ Սակայն նման իրավիճակում հարցը բարձր մակարդակում չքննարկելը, այն դեպքում, երբ զուգահեռաբար սահմանին կրակոցներ են և Բաքուն գնդակոծում է Սյունիքի մարզի բնակավայրերը, մասնավորապես՝ Խնածախը, մեղմ ասած, լուրջ չէ։

 

Վերլուծական