Հետևեք մեզ։

Անջատում ումի՞ց, ինքնորոշում որտեղի՞ց․ Նիկոլ Փաշինյանը՝ Արցախի կարգավիճակի մասին

13:18, 22 մայիս 2023
Անջատում ումի՞ց, ինքնորոշում որտեղի՞ց․ Նիկոլ Փաշինյանը՝ Արցախի կարգավիճակի մասին

Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ժամանակ հարց հնչեց այն մասին, որ 2021 թ․ ընտրությունների քարոզարշավի ժամանակ խոսում էր այն մասին, որ Հադրութն ու Շուշին օկուպացված են, ասում էր՝ «Անջատում հանուն փրկության», և չէր ասում, որ Արցախը Ադրբեջանի կազմում չլինելու որևէ հնարավորություն չունի, ուստի չի՞ ստացվում, որ ինքը անկեղծ չէ իրեն ձայն տված քաղաքացիների հանդեպ, որոնք ընտրել են իրեն՝ ակնկալելով Արցախի հայանպաստ լուծում։

 

Փաշինյանը պատասխանեց, թե ինքը 2021-ի խորհրդարանական ընտրություններից հետո հանդես է եկել հայտարարությամբ և ասել է, որ 2021 թ ընտրությունների քարոզարշավը շատ ակտիվ քարոզարշավ է ստացվել և դրա առանձնահատկություններից մեկն այն էր, որ քաղաքացիները հավասար ասողի և ոչ թե լսողի դերում են եղել։

 

«Հաջորդը, մենք այն, ինչ այսօր ասում ենք, ասում ենք մեր տված նախընտրական խոստումների հետևից գնալու արդյունքում, դրանց իրագործման ճանապարհը փնտրելու կամ մեր պատկերացրած ճանապարհով գնալու արդյունքում։ Ասում ենք՝ անջատում հանուն փրկության, անջատում՝ ումի՞ց։ Այսինքն՝ մեր պրոբլեմը միշտ եղել է դա, երբ մենք արձանագրել ենք ճշմարտության մի հատվածը միայն, կամ բանաձևի մի հատվածը միայն։ Հիմա անջատում ումի՞ց։ Եթե լիներ այնպես, ինչպես շատերը մեկնաբանում են, և մենք որևէ բանաձև ուղղակի արհամարհած լինեինք, մենք էս հարցերի՝ էս գենետիկ կամ բջջային մակարդակով հասնելու անհրաժեշտությունը չէինք ունենա պարզապես, կմնայինք կարգախոսների մակարդակում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

 

Փաշինյանն անդրադարձավ նաև Արցախի ինքնորոշման հարցին՝ դարձյալ հարց հնչեցնելով «Ինքնորոշում որտեղի՞ց։ Ես դրան անդրադարձել եմ և խոսել եմ նաև 90-ականների հայեցակարգի մասին, խոսել եմ նաև 2007 թվականին Մարդիդյան սկզբունքներով արձանագրված հայեցակարգի մասին։ 2007 թվականին, օրինակ, խելացի և գուցե խորամանկ կլիներ կանգնել և այդ բանակցային փաթեթը կարդալ։ Բայց դա կլիներ միջազգային սկանդալ, նաև բանակցությունների ավարտ, որովհետև կնշանակեր, որ բանակցույթւոնների ամբողջ բովանդակությունը բացահայտված է, և էդ փաստի բերումը կդառնար ձգան պատերազմի համար։

 

2018 թ դրությամբ հնարավոր չէր լիարժեք կանխատեսելի ընթացք ունենալ, եթե Հայաստանը չէր հրաժարվում Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմից դուրս տեսնելու տեսլականից։ Ի՞նչ պետք է անեինք, որպեսզի իրադարձություններն ընթանային շատ կանխատեսելի տրամաբանությամբ, օրինակ՝ պատերազմը բացառելու տրամաբանությամբ։ Պետք է էդ տեսլականից հրաժարվեինք»։