Հետևեք մեզ։

Ադրբեջանի 86,600 քառակուսի կմ-ը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը․ Փաշինյանը՝ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին (տեսանյութ)

13:52, 22 մայիս 2023

Տեսեք, 86,600 քառակուսի կմ-ն ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Բայց նաև պետք է արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ ֆորմատով։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Նիկոլ Փաշինայնը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք ինքը Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում՝ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քառակուսի կմ տարածքով։

 

Հստակեցնելով հարցը՝ այդպիսով Հայաստանի այսօրվա կառավարությունն ասո՞ւմ է, որ Արցախը Ադրբեջանի մաս է, Փաշինայնն ասաց․ «Ավելի կոնկրետ դժվար եմ պատկերացնում՝ ինչպես կարելի է ասել․ 86,600 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է ճանաչել, և, մեր ընկալմամբ, Ադրբեջանը պատրաստ է ճանաչել Հայաստանի Հանրապետության 29,800 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը։

 

Եթե մենք ճիշտ ենք հասկանում այս հարցում Ադրբեջանի հետ իրար, ապա Հայաստանի Հանրապետությունը, այո, ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քառակուսի կմ տարածքով՝ այն ըմբռնմամբ, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի Հանրապետության 29,800 քառակուսի կմ տարածքը։ Սա՝ առաջինը, երկրորդը՝ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջոցով, և մենք կարևոր ենք համարում այդ բանակցությունների միջացգային երաշխիքների ստեղծումը»։