Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողը հարց ուղղեց վարչապետին՝ բոլոր հարցերը իրավական ճանապարհով լուծելու՝ իր հայտարարության համատեքստում․
«Ասում եք հարցերը պետք է իրավական ճանապարհով լուծվեն։ Պարոն Փաշինյան, երբ Աշոտ Փաշինյանն ասել է, որ հարցերը պետք է լուծվեն իրավական ճանապարհով, ինչին ի դեպ, ես համաձայն եմ, ասե՞լ եք, որ ՀՀ օբյեկտիվ քաղաքացու մոտ պատկերը հետևյալն է. Տուժողը վարչապետի որդին է, տուժողի մայրը գլխավոր դատախազի ընկերուհին է, գլխավոր դատախազը տուժողի հոր օգնականն էր, դատավորի հայրը դատախազ է, դատավորի հորեղբայրը դատավոր է, դատավորը դատավոր է նշանակվել, երբ հորեղբայրը ԲԴխ-ում էր։ Զուգահեռ իրականությունում այն ծնողներին, ում խոցել է ադրբեջանական բեկորը, Եռաբլուրից ուժի կիրառմամբ տարել են ոստիկանները սեպտեմբեր ամսին, այդ գործով իրավաչափ հարթությունում անգամ մեղադրյալ չկա։ Այսքանից հետո հարցը կլուծվի՞ իրավական ճանապարհով, ո՞րը կլիներ ձեր հայտարարությունը, օրինակ, եթե դուք չլինեիք վարչապետ։ Բացի այդ, այսօր էլ հայտարարում եք, որ ադրբեջական բեկորի արածը ուզում են Հայաստանում ավարտին հասցնել, արդյո՞ք սա էլ ուղեցույց չի լինի նույն գործը, վերաքննիչ ու վճռաբեկ բողոքները քննող դատավորների համար»։
Ի պատասխան՝ Փաշինյանը նախ անդրադարձավ Աննա Հակոբյանի, Մարիամ Փաշինյանի և Աննա Վարդապետյանի հարաբերություններին․
«Ընկերուհիներ չեն։ Կարծում եմ, որ դա ընդհանրապես որևէ հիմք չունի՝ այնքանով, որքանով այս ասուլիսին որևէ մեկը գալով կարող է համարվել իմ ընկերը», ինչին ի պատասխան՝ լրագրողն արձագանքեց․ «ինձ այստեղ այդպես չեն ներկայացնում»։
Փաշինյանը արձագանքեց լրագրողի դիտարկմանը․ «Ինչի՞, եթե դուք ներկայացնում եք մեկն էլ կողքից ասի՝ եկավ, կանգնեց, հարց տվեց, թողեց, գնաց, ոնց որ ընկերն է էլի, բա ուրիշ ոնց է լինում ընկերությունը։ Հաջորդը՝ դուք հիշատակեցիք Եռաբլուրի դեպքը․ իսկ Դուք համոզվա՞ծ եք, որ ոստիկանությունն էդտեղ ապօրինություն է թույլ տվել։ Եթե հանցագործություն չկա, այդ գործը ի՞նչ հիմքով գնա դատարան»։