Բժշկության ոլորտում առաջընթացը և սոցիալական բարենպաստ պայմանները թույլ կտան մարդկանց մոտ ապագայում ապրել ավելի քան 100 տարի: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Մոսկվայի գրասենյակի ղեկավար Բատիր Բերդիկլիչևը։
«Կարելի է ասել, որ ամբողջ աշխարհում մարդիկ սկսել են շատ ավելի երկար ապրել։ Կանխարգելման ժամանակակից մեթոդները, բարելավված սնուցումը, ավելի բարենպաստ կենսապայմանները, աշխատանքը, բժշկական օգնության հասանելիությունը ազդել են կյանքի միջին տեւողության ավելացման վրա»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին՝ արդյոք բժշկությունը կարող է հաղթել տարիքին, և արդյոք մարդիկ կապրեն մինչև 100 տարի։
Ըստ Բերդիկլիչևի, արդեն այժմ աշխարհի մարդկանց մեծամասնությունը կարող է ակնկալել, որ նրանք կհասնեն յոթերորդ տասնամյակի և ավելի երկար կապրեն: Միևնույն ժամանակ, «աշխարհի յուրաքանչյուր երկրում աճում է ոչ միայն տարեցների թիվը, այլև նրանց մասնաբաժինը բնակչության մեջ»։
Ինչպես նշել է ՌԴ-ում ԱՀԿ գրասենյակի ղեկավարը, դա բնորոշ է նաև Ռուսաստանի Դաշնությանը։ «Կարող եմ ասել, որ 2020-ից 2050 թվականներին ակնկալվում է, որ 80 տարեկան և ավելի բարձր տարիքի բնակչությունը կեռապատկվի և կհասնի 426 միլիոն մարդու աշխարհում», - ասել է Բերդիկլիչևը:
Նրա խոսքով, մոտ ապագայում բժշկության, հատկապես գենետիկայի, կենսատեխնոլոգիայի և դեղագիտության ոլորտում առաջընթացի շնորհիվ «մարդու կյանքի տեւողությունը կավելանա մինչեւ մարդու օրգանիզմի կենսաբանական հնարավոր սահմանները»։