Հետևեք մեզ։

Վարչապետ Փաշինյանն ու ընդդիմադիր Փաշինյանը կամ իրավական պետության սուտն ու մանիպուլյացիան

18:53, 23 մայիս 2023
Վարչապետ Փաշինյանն ու ընդդիմադիր Փաշինյանը կամ իրավական պետության սուտն ու մանիպուլյացիան

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը հիասթափեցնող էր՝ հարցերը նուրբ էին, զգայուն թեմաներով, պատասխանները՝ դրանց անհամարժեք։ Շատ հարցերի, ավելի ուրիշ պատասխաններ էի սպասում, բայց դրանք մանիպուլյատիվ էին ու հնչած բառերի մեջ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իսպառ բացակայում էր, ավելին՝ վարչապետ Փաշինյանը հերքում էր պատգամավոր Փաշինյանին, նրան մեղադրում նախկինում ցուցաբերած պոպուլիզմի մեջ։ Վարչապետ Փաշինյանի պատասխաններում իրավական պետության սուտն ու մանիպուլյացիան էր, թաքնվելը իրավական պետության շվաքում։

 


Երկրում կոռուպցիայի ու ներքին կառավարման խնդիրների մասին հարցերին Նիկոլ Փաշինյանը տալիս էր որոշ վերացական պատասխաններ, ապա կիսատ թողնում միտքն ու իր բարեկամների մասին, բայց թեմայից հեռու մի պատմություն հիշում ու համարում, որ հարցին պատասխանեց, այն էլ այնքան անկեղծ, որ պատասխանի մեջ մեծ դժվարությամբ խոսեց նաև այնպիսի բաներից, որոնց մասին խոսելն այդքան էլ ճիշտ չէր միջազգային առումով կամ դե մասնավոր գաղտնիք էր։ 

 


Նիկոլ Փաշինյանն իրենց մեջ քննադատություն պարունակող հարցերին պատասխանում էր այնպես, ինչպես ինքը նախկինում քննադատել է՝ խոսելով աջից-ձախից, տակից-գլխից, կիսահուզական մեջբերումներով, ընդհանուր ու փիլիսոփայորեն, իրենց տնից մի պատմություն պատմելով, հետո կարգին հաղորդումից մի մեջբերում, ու վատն այն է, որ իրեն թվում է պատասխանեց։

 


Երկրում ներքին վիճակի մասին հարցերի դեպքում Նիկոլ Փաշինյանը տեղին ու անտեղի խոսում է ձեռքբերումներից, օրինակ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վճարած հարկերից ու  դրանք համեմատում հնի հետ։ Նիկոլ Փաշինյանին թվում է, որ իրեն քննադատողներն ու որևէ խնդրի մասին հարց տվողները խոսում են նախկինների կամ ընդդիմադիրների անունից և սկսում է համեմատություններ անել հնի հետ ու պատմել, թե հնում ինչքան ավելի վատ էր։ Օրինակ՝ երկրում շարունակվող կոռուպցիայի մասին հարցերին Նիկոլ Փաշինյանը զավեշտալի պատասխան է տալիս՝ եթե կոռուպցիայի դեմ չենք պայքարում, ապա դրա դեմ օրենքներն ինչո՞ւ ենք ընդունում։ Սրա պատասխանը վարչապետ Փաշինյանին չի զարմացնի հաստատ․ հենց նույն նպատակով, ինչ նպատակով դրանք ընդունվել են նախկինում։ 

 


Կրկնեմ այն, ինչ շատ եմ ասել՝ այո, ԶՊՄԿ-ն ու մյուսները նախկինում ավելի քիչ հարկ են վճարել։ Բայց ամոթալի է խոսել նվերներ հայտարարագրելու մասին ու կոռուպցիան հերքել դրանով, երբ հայտարարագրեր ստուգող հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի ընտանիքի անդամները հայտարարագիր չեն ներկայացնում, երբ այդ հանձնաժողովը դզում-փչում է վարչապետի ցանկալիների խնդիրները, երբ ԲԴԽ նախագահն ու ԿԸՀ նախագահը բացահայտ կուսակցական են, երբ դատավորներ են նշանակվում կուսակցականներ, երբ հակակոռուպցիոն մարմիններում, դատարաններում նշանակվում են կոռուպցիայով ապրած մարդիկ կամ նշանակումները կատարվում են թիմակիցներին մի տեղ տեղավորելու համար։

 


Սուտ ու մանիպուլյացիա չէ՞, արդյոք, երբ իրավական գործընթացներից խոսում եք այն դեպքում, երբ ԲԴԽ անդամի ընտրության ժամանակ ունեցել եք ցանկալի թեկնածու, իսկ Կարեն Անդրեասյանը չի թաքցրել դա։ Ի՞նչ իրավական գործընթաց, եթե դադարեցնում եք դատավորի լիազորություններն ու դրա համար կողմ քվեարկել տալիս ԲԴԽ այն անդամին, ով նույն խախտումներից ավելի շատ է թույլ տվել, շարունակում է թույլ տալ ու միաժամանակ պատժել այլ դատավորների՝ առանց մտահոգվելու այդ խախտումների համար, քանի որ հրապարակային շփվում է Ձեր կնոջ հետ ու անում այն, ինչ կուզեք։ Ինչպե՞ս կարող է որևէ գործընթաց իրավական կոչվել, երբ դուք այն ձեր թիմակիցների ու հակառակորդների նկատմամբ տարբեր եք կիրառում։ Իսկ համաձա՞յն եք, արդյոք, որ նախկինում էլ, երբ իշխանականներին չէին կալանավորում, իսկ ձեզ կալանավորում էին, իրավական գործընթաց էր։ Դուք համաձայն եք, Դուք այսօր արդեն այդպես եք կարծում, բայց մենք, միևնույն է՝ ոչ։ 

 

 

Բեթղեհեմ Արաբյան

Վերլուծական