Հետևեք մեզ։

Ազատ արձակեք հերոսի մորը․․․

11:06, 24 մայիս 2023
Ազատ արձակեք հերոսի մորը․․․
Վարչապետ Փաշինյանի ասուլիսի ամենաթեժ թեմաներից մեկը, ինչպես սպասվում էր, նրա որդուն առևանգելու մեջ մեղադրվող, արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի գործն էր։
 
 
Նիկոլ Փաշինյանն այս մասին հարցերին այնքան էր պատրաստվել ու այնքան էր կենտրոնացել փաստարկի վրա, որ իր որդին ևս հերոս է, իսկ իր կինը հերոսածին մայր, որ այդ մասին խոսում էր նաև թեմային չվերաբերող հարցերին պատասխանելիս։ Պետք չէ քննարկել վարչապետի խոսքերը կամ փորձել հերքել դրանք, անկախ նրանից, թե ինչքան է վատ, որ բնության հետ համերաշխ տոնով պատմում ես, որ դու Երևանում էիր, իսկ կինդ ռազմի դաշտում։ Եվ բացի այդ, ոչ ոք զբաղված չէ դա հերքելով և ոչ ոք չի պնդել, թե չզոհվածները հերոս չեն։
 
 
Հերոս են, Աշոտ Փաշինյանն էլ հերոս է ու միաժամանակ որդին վարչապետի, ում հետ, միևնույն է՝ կապվելու են պատերազմի նաև այն մեղքերը, որոնք հենց վարչապետինը չեն։ Իսկ Գայանե Հակոբյանը մայրն է բոլոր մեղավորների մեղքով այդպես դասավորված պատերազմում զոհված զինվորի, ով կատարել է խախտում, թե ոչ՝ մեր որոշելիքը չէ, մենք այն չենք արդարացնում։ Ի դեպ՝ դա նաև Նիկոլ Փաշինյանի որոշելիքը չէր, չնայած նա, ամբողջ ասուլիսի ընթացքում թաքնվելով տուժողի հոր կերպարում ու «մոռանալով», որ ինքը նաև վարչապետ է, հիմնավորում էր, թե ինչպիսի վատ հանցանք է արել Գայանե Հակոբյանը։
 
 
Բայց հերոսի մոր գործով բոլոր մտահոգությունները վերաբերել են նրան կալանավորելուն, իսկ Նիկոլ Փաշինյանն այդ հարցին շարունակում է նույն պատասխանը տալ՝ Աշոտ Փաշինյանը ևս հերոս է, իսկ գործընթացն իրավական է։
 
 
Նիկոլ Փաշինյանին հուշել է պետք, որ Գայանե Հակոբյանի կալանքի գործընթացը նույնքան իրավական է, որքան այն բոլոր կալանքներինը, որոնց հարցում դժգոհ լինելով, ինքը փակում էր դատարանների դռները, նրան ասել, որ ավելի ծանր ու բարոյապես անհասկանալի արարք կատարողներ կալանավորված չեն, նրան հիշեցնել, որ խղճի ու բարոյականության, մեծահոգության ու մնացած հարցերն այստեղ ավելի նուրբ են։ 
 
 
Նիկոլ Փաշինյանն այս հարցում ևս պետք է վերադառնա անցյալ ու որպես ընդդիմադիր պատգամավոր պատկերացնի, թե ինչպես են զոհված զինծառայողի մորը կալանավորում վարչապետի որդուն առևանգելու համար, այդ որոշումը կայացնում է ԲԴԽ անդամ ու միշտ իշխանահաճո հորեղբոր շնորհիվ դատավոր դարձած մեկը, իսկ վարչապետը դա հրապարակային արդարացնում է ու կարճ կապում՝ իրավական գործընթաց է, դե իրեն զեկուցող իրավապահներն էլ անկաշկանդ։ Նա պետք է պատկերացնի ու ազգային ժողովի ամբիոնից նույն տոնով քննադատի այդ միֆը ու պահանջի ազատ արձակել տիկնոջը։ Բայց Նիկոլ Փաշինյանը խոնարհաբար ընդունում է, որ բոլոր գործերով, որով կոկորդ էր պատռում նախկինում, իրավական գործընթաց էր, կամ այդպես կարող էին պատճառաբանել այն ժամանակ, իսկ ինքը փորձում էր խախտել իրավական գործընթացը։
Բայց հուշեք նրան նաև, որ սա ցավոտ ավարտ կարող է ունենալ ու ազատ արձակեք հերոսի մորը․․․
 
 
 
Բեթղեհեմ Արաբյան
 

Վերլուծական