Հայաստանը հանդես է գալիս այն դիրքից, որ մենք որևէ հարևանից, այդ թվում՝ Ադրբեջանից, տարածքային պահանջ չունենք: Դա նշանակում է, որ անհրաժեշտություն ունենք ճշգրտել պետական սահմանները և այն տարածքները, որոնք մեր պետություններին են պատկանում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ պատասխանելով դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում ասաց՝ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, և հարցին՝ չի անհանգստանում, որ կթիրախավորեն որպես Արցախը հանձնողներ:
«Արցախահայության իրավունքների և անվտանգության հարցի կապակցությամբ պետք է ստեղծվի միջազգային ֆորմատ, որտեղ պետք է երկխոսության մեջ մտնեն Ստեփանակերտն ու Բաքուն: Այստեղ կարևոր հանգամանք կա, որ եթե Արցախը, Արցախի ժողովուրդը խոսում էր իր իրավունքների մասին, ուրեմն ինքը ներկա էր բանակցությունների սեղանի շուրջ, և բանակցությունների տրամաբանությունը փոխվել է այն բանից հետո, երբ նա բացակայել է այդ սեղանից: Այն պահից, երբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը սկսել է բանակցել ոչ միայն ՀՀ-ի, այլև Արցախի անունից, անուղակիորեն պարզվել է այնպես, որ Հայաստանը տարածքային վեճ ունի Ադրբեջանի ետ»,- ասաց Արշակյանը:
Ճշգրտմանը՝ եթե Հայաստանը կապ չունի Արցախի հետ, ՀՀ իշխանություններն ի՞նչ իրավունքով է որոշում Արցախի ճակատագիրը՝ ճանաչելով Արցախը Ադրբեջանի մաս, Արշակյանը արձագանքեց. «Այն իրավիճակը, որ ունենք, բխում է նոյեմբերի 9-ի հայտարարությունից, որը որոշ կետերում լավ չի գործում, որոշ կետերում լավ է գործում, չեմ ուզում մանրամասների մեջ մտնել: Հաջորդ փուլում խոսքը խաղաղության պայմանագրի ստորագրման մասին է, որի շրջանակներում պետք է հասցեագրվի երկու հարց. Հայաստանի և Ադրբեջանի հարցը, որը տարածքային ամբողջականության և միմյանցից տարածքային պահանջներ չունենալու մասին է, և երկրորդը՝ արցախահայության իրավունքների և անվտանգության հարցն է: Հիմա դուք ասում եք՝ ի՞նչ իրավունքով եք որոշում, ես ասեցի՝ որոշման իրավունքը, մեխանիզմը պիտի կառուցվի այն տրամաբանությամբ, որ Ստեփանակերտը լինի սեղանի շուրջ: Եթե ճանաչել, չճանաչելու մասին խոսենք, մեր տարածաշրջանում կա ՄԱԿ-ի անդամ, միջազգայնորեն ճանաչված մեկ հայկական սուբյեկտ, դա Հայաստանն է, եթե ձեզ հայտնի չի, հայտնում եմ, երբ դուք ասում եք՝ ճանաչում է, կամ չի ճանաչում, դա այդպես է որոշվո՞ւմ, եթե այդպես է որոշվում, ապա ինչի ենք ոտքներս կախ գցում, անկախության այսքան տարիներին չենք ճանաչել»:
Դիտարկմանը՝ Ադրբեջանի կազմում էլ չենք ճանաչել,Արշակյանը նշեց. «ՀՀ ոչ մի ղեկավար տարածքային պահանջ չի ներկայացրել ՀՀ հարևաններից որևէ մեկի վերաբերյալ»:
Հարցին՝ եթե հիմա Բաքուն չի համաձայնում Ստեփանակերտի հետ մի սեղանի շուրջ նստել և բանակցել, ՀՀ-ն կստորագրի՞ խաղաղության պայմանագիրը Ադրբեջանի հետ, Արշակյանը պատասխանեց. «Կա միջազգային ընկալում, որ միջազգային երկխոսության մեխանիզմ պետք է ստեղծվի»:
Դիտարկմանը՝ ստացվում է, որ մենք Արցախի կարծիքն անտեսում ենք, նրանք ասում են, որ չեն պատկերացնում իրենց ապագան Ադրբեջանի կազմում, մենք անտեսում ենք, և ՀՀ-ն կայացնում է որոշում, որին դեմ է Արցախը, մինչդեռ Փաշինյանը հայտարարում էր, որ որոշումները պետք է ընդունելի լինեն նաև Արցախի ժողովրդի համար, Արշակյանը պատասխանեց. «Ես չեմ լսել էդպիսի բան, բայց պատասխանեմ («Ղարաբաղի հարցում դավադրությունները բացառվում են. այս հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար». Փաշինյան. 4,11.2019թ.)
Մեր դիրքորոշումն այն է, որ պետք է ստեղծվի միջազգային մեխանիզմ, որի շրջանակում պետք է քննարկվեն արցախահայության իրավունքները: Հիմա Արցախի իշխանություններից ինչ-որ մարդիկ ինչ կասեն, ինչ չեն ասի, սա ՀՀ-ի սուվերենությանը, անվտանգությանը վերաբերող հարց է»:
Այն մասին, որ Ադրբեջանը ամիսներ շարունակ շրջափակել է Արցախը, ծառայություն իրականացնող ոստիկաններ են գնդակահարվել, ինչպե՞ս են ՀՀ իշխանությունները պատկերացնում, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, մի հատ էլ քննարկեն անվտանգությունը, հիմա կազմում չէ, բայց նման գործողություններ են իրականացնում, Արշակյանը արձագանքեց. «Դրա համար պատասխանատու, երաշխավոր երկիր կա և այդ մեխանիզմը պետք է գործարկվի: Մենք չենք ասում, որ ամեն ինչ հրաշալի է, ոչ մի խնդիր չկա, մենք ասում ենք՝ չենք ցանկանում, որ այս խնդիրները շարունակվեն: Մենք ցանկանում ենք, որ ապաշրջափակվեն ճանապարհները, հստակ ընկալելի լինի, որ Ադրբեջանը չունի Հայաստանից տարածքային պահանջ, Հայաստանը չունի Ադրբեջանից պահանջ, լինեն միջազգային մեխանիզմներ, արցախահայության իրավունքները և անվտանգությունը լինի այդ փաստաթղթի կետը»:
Դիտարկմանը, որ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ ՀՀ իշխանություններն Արցախը հանձնում են, ժողովուրդը պետք է դուրս գա փողոց, և հարցին՝ եթե մարդիկ դուրս գան փողոց և պահանջեն իրենց հեռացումը՝ համարելով, որ դեմ են այս օրակարգին, կհեռանա՞ն, Արշակյանը պատասխանեց. «Այն, ինչ դուք նկարագրում եք, սահմանադրությամբ արտոնված ցույց է, ապստամբություն չի, ինչ վերաբերում է ապստամբությանը, առաջարկում եմ, որ մարդիկ, երբ ինչ-որ տերմին են օգտագործում, ասեն՝ ինչ նկատի ունեն: Իրավապահ համակարգը ունակ է, նման մեխանիզմներով առաջնորդվելու դեպքում կստանան ուղիղ պատասխան: Ես համոզված եմ, որ մեր քաղաքացիները տեսնում են, թե ինչ լուծում է առաջարկվում, իշխանության և հատկապես վարչապետի հանդեպ վստահություն կա, որ գնում ենք պետության համար լավագույն ճանապարհով»:
Հակոբ Արշակյանը նաև հարց ուղղեց լրագրողներին. «Դուք` որպես ՀՀ քաղաքացի, Ադրբեջանից տարածքային պահանջ ունե՞ք, թե՞ չունեք»: Պատասխանին՝ «մենք պահանջ ունենք, որ մեր տարածքները մերը լինեն», Արշակյանը նշեց. «Հրաշալի է, մենք էլ ունենք: Դուք ասում եք, որ Շուշին ու Հադրութը ՀՀ տարածք է՞: Նորից եմ ուզում ասել, այն ինչ մենք խոսում ենք, ընկալելի է մեր ժողովրդի համար: ՀՀ-ն պիտի ունենա ճանաչված սուվերեն տարածք, մենք պիտի փոխադարձաբար տարածքային ամբողջականությունը ճանաչենք և Արցախը սեղանի շուրջ պետք է քննարկվի արցախահայության հարցը»: