Ինձ են դիմել Աբովյան քաղաքի և հարակից տարածքներից մանրածախ առևտրի մի շարք աշխատողներ, որոնք բողոքում են «Վայլդբերրիս» կոչվող ռուսական կազմակերպությունից, որն իր ճյուղերն ունի նաև Հայաստանում։ Այս կազմակերպությունից մարդիկ օնլայն ճանապարհով պատվերներ են տալիս և ստանում են ավելի էժան գներով ապրանքներ, իսկ մանրածախ առևտրի աշխատողները, որոնք, ենթադրենք, Չինաստանից, Թուրքիայից և այլ երկրներից ապրանքներ են ստանում, մաքսազերծման ժամանակ մուծում են մաքսեր և այդ ապրանքների վրա գներ դնելով՝ մտնում են հարկային դաշտ, վաճառքից նորից մուծում են հարկեր։ Իրենց ասելով՝ «Վայլդբերրիս»-ը հարկեր չի մուծում և էժան ապրանք ներմուծելով՝ ոչ մի բան չի տալիս պետությանը և այդ էժան ապրանքներով «խփում է» մյուս աշխատողներին, որոնք չեն կարող հարկեր մուծել և կանգնած են փակման եզրին։ Խնդրում եմ, պարոն նախարար, պարզաբանել, թե ինչ պայմաններով է գործում այդ «Վայլդբերրիս» կազմակերպությունը, և մեր պետությունն ի՞նչ օգուտ ունի դրանից։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովը՝ իր հարցն ուղղելով էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին։
Վերջինս նշեց, որ «Վայլդբերրիս»-ը ՀՀ խոշոր հարկատուներից է, և առաջին եռամսյակի տվյալներով 20-րդ տեղում է, ապա ավելացրեց, որ իրենք անցյալ տարի էլեկտրոնային առևտրի մեջ փոխել են կարգավորումներն այնպես, որ էլեկտրոնային առևտրով զբաղվող միջազգային ընկերություններն ԱԱՀ-ն վճարեն Հայաստանում։
«Այս առումով կարծում եմ, որ մենք արդեն արել ենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է, այսինքն՝ ապահովել ենք «Վայլդբերրիս»-ի և իր նման ընկերությունների համար Հայաստանում հարկերը վճարելու պարտավորություն, և դրանով մեր միսիան էս առումով համարում ենք ամբողջական ավարտված»,-ասաց Քերոբյանը։
Պատգամավորն էլ արձագանեց, որ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ մանրածախ առևտրով զբաղվողները չեն կարող մրցակցել այդ կազմակերպության հետ, միաժամանակ նրանք տարածքներ են վարձում, աշխատող են պահում, ընտանիք են պահում, ինչին ի պատասխան՝ Վահան Քերոբյանն ասաց․ «Ես հասկանում եմ Ձեր տեսակետը, բայց նաև սոցիալական բիզնես անելը անապահով չի, էլի, եթե դուք զբաղվում եք բզինեսով, ուրեմն պետք է ունենաք հաշվարկներ, բիզնես պլան, պետք է կարողանաք մրցակցությունը դիտարկել, հասկանաք, որ աշխարհը փոխվում է, և մրցակցության ձևերն էլ են փոխվում։ Եւ այսօր քանի որ մյուս կողմից էլ մեր մոտ տասնյակ հազարավոր թափուր աշխատատեղեր կան, ես կարծում եմ՝ այն մարդիկ, ովքեր բիզնեսում իրենց տեղը չեն կարողանում գտնել, հանգիստ կարող են իրենց տեղը գտնել որպես վարձու աշխատող»։