Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, նախկին արտգործնախարար Մասիս Մայիլյանն «Արցախպրես»-ի հետ բացառիկ հարցազրույցում անդրադարձել է Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մեթոդաբանության խնդիրներին, Արցախի նկատմամբ Ադրբեջանի ահաբեկչական գործողություններին, այդ դրսևորումները միջազգային հանրության կողմից չեզոքացնելու քայլերին և օրակարգային այլ հարցերի՝ կապված Արցախյան հիմնախնդրի կարգավորման առկա խնդիրների հետ:
Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.
-Պարոն Մայիլյան, տարբեր տարիների Դուք խոսել եք բանակցային գործընթացի մեթոդաբանությունը փոխելու անհրաժեշտության մասին ու պնդել, որ գործող մեթոդաբանությունը վաղ թե ուշ հանգեցնելու է հակամարտության ուժային լուծման փորձերի։ Ի՞նչ նկատի ունեիք, և ի՞նչը պետք է փոխվեր, ըստ Ձեզ։
-Նկատի ունեի այն, որ կարգավորման հիմքում պետք է դրվեին ոչ թե հակամարտության հետևանքները, մասնավորապես՝ տարածքների հարցը, այլ հակամարտության սկզբնապատճառը՝ Արցախի կարգավիճակը։ Չգիտես ինչու շատերը մոռանում են, որ երբ սկսվեց արցախյան շարժումը, ինչն էլ վերաճեց ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության, քանի որ Ադրբեջանն ի սկզբանե ցանկանում էր արյան մեջ խեղդել արցախցիների կամարտահայտությունը, այն ժամանակ տարածքների հարց չկար, ինչպես և չկար փախստականների ու ներքին տեղահանվածների խնդիր։ Դրանք ծագեցին հետո՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի արդյունքում։ Այնպես որ, ասածիս իմաստը հիմնախնդրի պատճառահետևանքային կապերի ճիշտ ձևակերպումն էր։
Իսկ ուժային լուծման մեղավորի հարցը նույնպես սկզբունքային է։ Ինչպես հայտնի է, Ադրբեջանը միջազգային ճանաչում է ստացել այն պայմանով, որ ընդունում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ վեճը և պարտավորվում խաղաղ ճանապարհով լուծելու այդ վեճը։ Սակայն ԵԱՀԽ/ԵԱՀԿ-ին անդամակցելուց անմիջապես հետո Ադրբեջանը խախտել է այդ պարտավորությունները և պատերազմ է սանձազերծել Լեռնային Ղարաբաղի դեմ։ Պատերազմում կրած պարտությունը հանգեցրել է նոր ստատուս քվոյի և կողմերի միջև միջազգայնորեն ճանաչված շփման գծի ստեղծմանը։
Ցավոք, Ադրբեջանի ագրեսիան այդպես էլ պատշաճ միջազգային դատապարտման չի արժանացել։ Այդուհանդերձ, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի իշխանությունները բանակցային ողջ գործընթացի ընթացքում պատրաստակամություն են հայտնել փոփոխելու զորքերի շփման գիծը։Նման պատրաստակամությունն ուղեկցվում էր մինչև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման միջոցով հակամարտության ամբողջական կարգավորումը ռազմական գործողությունների չվերսկսման անխախտ երաշխիքներ ստեղծելու պայմանով։
Ադրբեջանն իր բոլոր ագրեսիվ գործողությունները քողարկում է այն թեզով, որ իբր գործում է իր միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքում. սեփական ապօրինի ու անմարդկային գործողությունների համար Ադրբեջանն այլ արդարացումներ չունի։ Հետևաբար, հարկ է դիմել բոլոր այն երկրներին, որոնք ճանաչել են Ադրբեջանի ինքնիշխանությունը, ու կոչ անել գիտակցելու, որ Ադրբեջանն իր անմարդկային քաղաքականությունն արդարացնում է՝ նրանց կողմից իր անկախության ճանաչման փաստով։ Այսինքն՝ ԽՍՀՄ փլուզման ժամանակ ընդունված միջազգային հապճեպ որոշումները խրախուսել են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ անպատիժ ապօրինությունների շարունակությանը։ Ոչ ոք չպետք է մոռանա, որ այդ ճանաչումը ստանալով՝ Ադրբեջանն ամբողջ աշխարհի առաջ իր վրա պատասխանատվություն է վերցրել և պարտավորություն է ստանձնել խաղաղ ճանապարհով լուծել վիճելի հարցերը։ Բայց բոլորն էլ ականատես են, թե ինչ արժեն Ադրբեջանի այդ խոստումները, թեև չեն շտապում նրան պատասխանատվության ենթարկել։
-Ֆեյսբուքյան գրառումներում Դուք որպես ահաբեկչություն եք բնորոշում Արցախի շրջափակումը։ Արդյո՞ք Ադրբեջանի գործողությունները համապատասխանում են ահաբեկչության դասական ձևակերպումներին։
-Ադրբեջանի իշխանությունների գործողությունները՝ Արցախի 120 հազար բնակիչների պատանդառումը և նրանց ազատման համար պաշտոնական Բաքվի ներկայացրած քաղաքական ու շահադիտական բնույթի պահանջներն, այո, հանդիսանում են պատերազմի և միջազգային ահաբեկչության դրսևորման ձև՝ ըստ միջազգային իրավունքի։ Դա նշանակում է, որ միջազգային արձագանքն էլ պետք է լինի համարժեք՝ ագրեսիային և միջազգային ահաբեկչությանը դիմակայելու և պատժելու տրամաբանությամբ:
-Ի՞նչ պետք է, ըստ Ձեզ, միջազգային հանրությունն անի ահաբեկչության այս նոր դրսևորումը չեզոքացնելու համար։
-Ահաբեկչական սպառնալիքի չեզոքացման նպատակով միջազգային իրավունքն ու միջազգային փորձը նախատեսում են պետությունների ուժային կառույցների համատեղ գործողություններ՝ուղղված միջազգային ահաբեկչության դեմ պայքարին։ Քանի որ Արցախի Հանրապետության ապօրինի շրջափակումը շարունակվում է տևական ժամանակ, և Արցախի ժողովուրդն առերեսվում է էթնիկ զտման իրական սպառնալիքի հետ, պետությունների ընկերակցությունը պետք է դիտարկի հնարավոր բոլոր տարբերակները, այդ թվում միջազգային հակաահաբեկչական համագործակցության շրջանակներում ուժային տարբերակը՝ հանուն 120 հազար խաղաղ բնակիչների փրկության։ Պետությունների ընկերակցությունը կարող է նման եզրահանգման գալ, և դրա համար կա իրավական կայուն հենք՝ ՄԻԵԴ-ի և ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշումները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից ստորագրված ու կոպտորեն խախտվող՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությունը։
-Պարոն Մայիլյան, անդրադառնանք ադրբեջանական մի վտանգավոր քարոզչական խարդավանքի։ Ի.Ալիևը ներկայումս շեշտը դնում է հետևյալ խոսույթի վրա՝ «չնայած 30-ամյա օկուպացիային՝ Ադրբեջանը պատրաստակամ է խաղաղության պայմանագիր կնքելու Հայաստանի հետ»։ Կարծում ենք, որ մեծ խորաթափանցություն պետք չէ հասկանալու համար սրա խորքային նպատակը, այն է՝ ի սկզբանե Հայաստանը դնել մահացու մեղքի տակ՝ խաղաղության պայմանագիրը ներկայացնելով որպես Ադրբեջանի բարի կամքի դրսևորում։ Ինչպե՞ս դիմակայել այս ծուղակին:
-Այս և մյուս քարոզչական հնարքների հիմնական նպատակը մեկն է՝ հնազանդեցնել ու նվաստացնել հայ ժողովրդին, որպեսզի նա ընդունի հետպատերազմյան իրողություններն ու Ադրբեջանի բոլոր պահանջները։ Ադրբեջանը նաև ուզում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրել իր իսկ պայմաններով՝ դրանով փաստացի օրինականացնելով 2020 թվականի հանցավոր պատերազմի արդյունքները։ Այսպիսի պայմաններով խաղաղության հաստատումն Ադրբեջանը դիտարկում է որպես Արցախի տարածքը զավթելու և այդ տարածքից հայ ազգաբնակչությանը դուրս մղելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունից առավելագույնը պոկելու հնարավորություն։
Սակայն իրողություններն այլ են։
1992 թվականին ճանաչելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման խնդրի առկայությունը՝ Ադրբեջանը միջազգային հանրության առաջ, ըստ էության, ընդունել է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի Հանրապետության իրավազորության բացակայության փաստը։ Առավելագույնը, ինչ միջազգային հանրությունից ստացել է Ադրբեջանը իր ինքնիշխանության ճանաչման ժամանակ՝ եղել է ԵԱՀԽ հովանու ներքո միջազգային համաժողովի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման բանակցություններում մասնակցության իրավունքը։ Ի դեպ, համանման իրավունք ստացել է նաև Հայաստանը։ Այդ իրավունքը ստանալու համար Ադրբեջանը միջազգային պարտավորություն է ստանձնել խաղաղ ճանապարհով լուծելու հակամարտությունը։
Ադրբեջանը խախտել է իր միջազգային պարտավորությունը և ագրեսիա է իրականացրել ԼՂՀ-ի դեմ՝ նպատակ ունենալով իր վերահսկողության տակ վերցնել նրա տարածքը։ Ադրբեջանական ագրեսիան զսպելու նպատակով ԼՂՀ Պաշտպանության բանակի ձեռնարկած հակագրոհի արդյունքում Ադրբեջանը ոչ միայն չկարողացավ իր վերահսկողության տակ վերցնել ԼՂՀ-ն, այլև ունեցավ տարածքային կորուստ։ Արդյունքում տեղի է ունեցել նախկին Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության բնակչության էթնիկական հատկանիշով առանձնացում. բնակչությունը տեղափոխվել է սեփական պետությունների վերահսկողության տակ գտնվող տարածքներ։ Այլ կերպ ասած՝ տեղի է ունեցել էթնոտարածքային տարանջատում։ Փաստացի նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքում կազմավորվել են երկու ինքնուրույն սուբյեկտներ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը։ 1994 թվականի մայիսի 12-ի զինադադարը կնքվել է Ադրբեջանի Հանրապետության և ԼՂՀ-ի միջև՝ Հայաստանի մասնակցությամբ։ 1994 թվականի հետպատերազմյան բանակցությունների արդյունքներով կողմերի միջև ձեռք է բերվել համաձայնություն առանց երրորդ երկրների խաղաղապահ զորքերի ներգրավման՝ սեփական զինված ուժերով հակամարտության գոտու ռազմաքաղաքական վերահսկողություն հաստատելու մասին։ Կողմերի միջև տարածքային սահմանազատման խնդիրը մտցվել է ԵԱՀԽ շրջանակներում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման նպատակով բանակցությունների օրակարգ։ Բանակցությունների ողջ ընթացքում ԼՂՀ վերահսկողության տակ գտնվող տարածքների վերահսկման կարգի որևէ գնահատական չի եղել՝ ընդամենը եղել են նախկին ԼՂԻՄ-ի շուրջ մի շարք տարածքներ Ադրբեջանին փոխանցելու մասին առաջարկներ՝ պայմանով, որ Ադրբեջանը պատասխանատվություն կստանձնի այդ տարածքներում միջազգային խաղաղապահ զորակազմ տեղակայել և ճանաչել ԼՂՀ-ի միջանկյալ կարգավիճակը՝ նախքան վերջնական կարգավիճակի որոշումը։
Ադրբեջանը համաձայնվել է բանակցություններ վարել այդ սկզբունքների հիման վրա։ Սակայն, 2020 թվականին պաշտոնական Բաքուն հերթական անգամ խախտել է իր ստանձնած պարտավորությունները և նոր ագրեսիա է ձեռնարկել Արցախի դեմ։ Պատերազմի արդյունքներով Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի էությունը, այն փոխարինելով «Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների 30-ամյա օկուպացիայի» թեզով (ի դեպ, Ադրբեջանի կողմից մշտապես չարչրկվող՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ ոչ մի բանաձևում խոսք անգամ չկա Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների օկուպացիայի մասին)։ Ավելին, Ադրբեջանն ինքն է խախտել 1993 թ. այդ բանաձևերը՝ չդադարեցնելով ռազմական գործողությունները, ինչի հետևանքով կորցրել է լրացուցիչ տարածքներ:
Իսկ այժմ Արցախի ժողովրդին, որին շրջափակման միջոցով Ադրբեջանը մեկուսացրել է արտաքին աշխարհից և վերջնագիր ներկայացրել, կեղծ ու անհիմն կերպով անվանում է «Ադրբեջանի քաղաքացիներ» և հպատակության պահանջներ է ներկայացնում։ Մինչդեռ Արցախի Հանրապետության տարածքի ու ժողովրդի նկատմամբ ոչ մի իրավազորություն Ադրբեջանը չունի, ինչպես և չի ունեցել իր անկախության բոլոր տարիներին։ Ադրբեջանում քաջ գիտակցում են, որ Արցախի ժողովուրդը մասնակցություն չի ունեցել ժամանակակից Ադրբեջանի և նրա սահմանադրության ձևավորման մեջ, հետևաբար, նաև այդ պատճառով Ադրբեջանի քաղաքացիությունը չի կարող տարածվել Արցախի ժողովրդի վրա։
Ադրբեջանի իրական մտադրությունը հետևյալն է՝ հասնել նրան, որ Հայաստանը հրաժարվի աջակցել Արցախի անկախությանը և էթնիկ զտման միջոցով բռնազավթել Արցախի տարածքը։ Իր այս պլանների իրականացումից միջազգային հանրությանը հեռու պահելու նպատակով էլ Ադրբեջանն առաջ է քաշել «Ադրբեջանի տարածքների 30-ամյա օկուպացիայի» հայեցակարգը։
Ու ամենևին էլ պատահական չէ, որ Ադրբեջանը միջազգային մակարդակով շրջանառության մեջ է դնում «լուրջ ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ արդարադատության ապահովման» մասին թեզը։ Հերթական անգամ տեղի է ունենում իրավունքի խնդրի նենգափոխում. փորձ է արվում Արցախի 150 հազար բնակչությունից խլել պաշտպանության կարիք ունեցող իրավունքները և դրանք փոխանցել անհայտ կորած ադրբեջանցիների միֆական 4 հազար թվաքանակին։ Հարկ է նկատի ունենալ, որ այս հայեցակարգը, հայերին ադրբեջանական հանրությանը ինտեգրելու մտադրության քողի տակ, օրերս հրապարակայնացվել է Ադրբեջանի արտգործնախարարի մակարդակով՝ Ռեյկյավիկում Եվրոպայի Խորհրդի գագաթնաժողովի ժամանակ։ Այսինքն, Ադրբեջանը փորձում է շարունակաբար ու առանց քաշվելու արհամարհել իր իսկ նկատմամբ ցանկացած պահանջ և աշխարհին պարտադրել սեփական քմահաճույքները։
-Այսինքն, Արցախի նկատմամբ իր հավակնությունների արդարացման համար Ադրբեջանն օրինական փաստարկներ չունի։
-Ոչ, չունի, ինչպես և չի ունեցել երբևէ։ Դրանք միայն զեղծարարություններ են՝ համեմված շանտաժով, ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ: