Հետևեք մեզ։

Էստոնական հավասարություն vs Փաշինյանի թոզ փչոցի․ երեկոյան տանը նորից ճշտեք, թե ի՞նչն է նորաձև…

15:50, 30 ապրիլ 2025
Էստոնական հավասարություն vs Փաշինյանի թոզ փչոցի․ երեկոյան տանը նորից ճշտեք, թե ի՞նչն է նորաձև…

Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստը հերթական անգամ անցկացրեց կյանքից իր դժգոհությունները պատմելով ու այս անգամ պատճառը նրա տպավորություններն էին էստոնական հավասարությունից, երբ բոլորը հավասար են։ Ոչինչ, որ մինչ նա կառավարության նիստն իջեցնելով «քուչի» մակարդակի, անզուսպ ժեստերով ու լեքսիկոնով քննադատում էր հայաստանյան «կռուտոյների» ու «քուչի» բարքերը, նրա թիմից մի թաղապետ թաղապետարանում ծեծի էր ենթարկում ակտիվիստին։

Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, ստում է ընդամենը, ստում է նույնիսկ այն ամենի մասին խոսելիս, ինչին մենք համաձայն ենք։

Հավասարությունը լավ է, բայց այս հարցում նա ստում է, թոզ է փչում, քանի որ նույն թաղապետը իր թիմակիցների «ծափերի» ներքո երեկ հայհոյել էր նույն Արթուր Չախոյանին, ոչ մի պատիժ չէր ստացել, իսկ նա կառավարության նիստերի դահլիճում հենց դրա հաջորդ օրը խոսում է, քննադատում է «կռուտոյների» բարքերը։

 

Երկար-բարակ վերլուծելու տեղ չկա արդեն: Բայց ի՞նչ հավասարություն, Նիկոլ Փաշինյան, եթե Ձեր թաղապետը, հայհոյելուց հետո հրապարակավ հայտարարում է, որ լավ է արել, որ հայհոյել է: Չասեք, թե Դուք դրան կողմ չեք, քանի որ հենց Ձեր ՔՊ-ի «սիվիկ»-ի լրագրողը նրա հետ հարցազրույց է կազմակերպել ու հենց Ձեր լրատվամիջոցն է պաշտոնապես հրապարակել Ձեր թաղապետի հայտարարությունը, որում նա հպարտ վերահաստատում է հայհոյանքը։

Ի՞նչ հավասարություն, եթե ակտիվիստին վիրավորում են ու պատասխան ստանալուց հետո ծեծում, ապա ձերբակալում։

Ի՞նչ հավասարություն, եթե իրավապահ համակարգդ գազազած հարձակվում է Ձեզ հայհոյողի վրա, իսկ ՔՊ-ականներիդ հայհոյանքները Ձեր լրատվամիջոցով տարածում եք ու ոգևորում։

Ի՞նչ հավասարություն, եթե դատախազդ ու նրա ընկերուհի ՄԻՊ-ը Ձեր իսկ թիմակիցների լկտիությունների դեպքում խուլ են և կույր։

Ի՞նչ հավասարություն, եթե ՄԻՊ-դ նկատում է միայն իր արտաքին տեսքի մասին հրապարակումները… Էստոնիայո՞ւմ էլ իշխանականների հայհոյանքն ու բռնարարքները ՄԻՊ-ի համար էթիկայի հարց են ու իր լիազորություններից դուրս են, իսկ հակառակը՝ մարդու իրավունքների հարց է։

 

Պարոն Փաշինյան, ի՞նչ իրավունքով եք խոսում հավասարությունից, կրթությունից ու առաջադեմ այլ բաներից եթե հովանավորում, անպատիժ եք թողնում կամ թիմային խողովակներով խրախուսում հակառակը… Երեկոյան տանը նորից ճշտեք, թե ի՞նչն է նորաձև…

Վերլուծական