Հետևեք մեզ։

Անկլավներ չկան, անկլավներ կան․ Փաշինյանը մեկ տարի առաջ այս օրը հայտարարել է՝ դե յուրե ՀՀ տարածքում անկլավներ չկան

19:07, 25 մայիս 2023
Անկլավներ չկան, անկլավներ կան․ Փաշինյանը մեկ տարի առաջ  այս օրը հայտարարել է՝ դե յուրե ՀՀ տարածքում անկլավներ չկան

Նիկոլ Փաշինյանի ոճն է՝ խառնել, բարդել, համեմատել, ՔՊ-ի ծրագրի ու խոստումների փոփոխության դեպքում պատասխանել, որ պատերազմ էր, է կռվեիք և այլն։


Սակայն, անկլավների թեման, որը քաղաքական օրակարգում էր նաև ուղիղ մեկ տարի առաջ ու հիմա, այդ ընթացքում ոչ նախկիններն են եղել իշխանության, ոչ ֆորսմաժորային իրավիճակ է եղել, գրեթե ոչինչ չի փոխվել։


Բայց, ուղիղ մեկ տարի առաջ մայիսի 25-ին՝ կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը խոսեց անկլավների մասին և ասաց, որ դե յուրե ՀՀ տարածում անկլավներ չկան։


Մեկ տարի առաջ Բրյուսելում՝ Ալիևի հետ հանդիպումից հետո Փաշինյանը 2022-ի մայիսի 25-ին հայտարարեց․ «Դե յուրե Հայաստանի տարածքում ադրբեջանական անկլավներ չկան։ Մինչև այս պահը մենք մեր ուսումնասիրություններով չենք արձանագրել, որ դե յուրե ՀՀ տարածքում գոյություն ունեն ադրբեջանական անկլավներ, հակառակը՝ մենք արձանագրել ենք, որ Արծվաշենը դե յուրե Հայաստանի Հանրապետության տարածք է», - ասել էր նա։


 
Ավելին, Փաշինյանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ավելի վաղ էր ասել, որ անկլավներ չկան․ «Անկլավների հարց չկա, քանզի մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանի տարածքում անկլավներ չկան»: Այս մասին «Ազատության» եթերում 02․12․2021-ին հայտարարել էր Արմեն Գրիգորյանը: 

Բայց, հետո Արմեն Գրիգորյանը դրանք «հայտնաբերեց»․ 2022-ի մայիսի 5-ին անդրադառնալով ընդդիմության կողմից բարձրաձայնված անկլավների հնարավոր փոխանակման թեմային, նշել էր․ «Ընդդիմությունն ընդհանրապես շարունակական, կարելի է ասել, անհիմն հայտարարություններ է անում, որն իրականության հետ մեծ աղերս չունի։ Մինչև այս պահն անկլավների հարց չի բարձրացվել, քանի որ երկու կողմից էլ անկլավ կա։ Գիտեք որ և՛ Ադրբեջանի տարածքում անկլավ կա՝ Արծվաշենը, և՛ Հայաստանի տարածքում կան անկլավներ, և նրանց տարածքները գրեթե հավասար են։ Երկու կողմն էլ լուռ է այս հարցում, այն դեռեւս չի քննարկվել։ Մեր հույսն այն է, որ հնարավոր լուծման տարբերակն է՝ Հայաստանի անկլավը թողնվում է Ադրբեջանին, Ադրբեջանի անկլավները, որոնք Հայաստանի տարածքում են, մնում է Հայաստանին»։


Այս պահին մի կողմ թողնենք Արմեն Գրիգորյանի անտեղյակությունը, որ դրանք հավասար չեն, բացարձակ։
 

Երեկ՝ Ազգային ժողովում, պարզվեց ՀՀ տարածքում դե յուրե անկլավներ կան։ Փաշինյանը հայտարարեց․


«Հայաստանը և Ադրբեջանը քաղաքական մակարդակում փոխադարձաբար ճանաչել են անկլավների գոյությունը, սակայն իրավական մակարդակում այս հարցով որևէ վերջնական համաձայնություն չկա։


Անկլավների թեման քաղաքական մակարդակում գոյություն է ունեցել միշտ և շատ վաղուց։ Օրինակ՝ 1999 թվականի տարածքների փոխանակման փաստաթղթերի մեջ հոդվածներից մեկը նվիրված է Հայաստանի և Ադրբեջանի անկլավներին։ Հարցն ունի իրավական և քաղաքական կողմ։ Քաղաքական մակարդակում Մյունխենում և Բրյուսելում եղել է հետևյալ խոսակցությունը, որ մենք փոխադարձաբար ճանաչել ենք անկլավների գոյությունը, այսինքն, որ կա Արծվաշեն, որը պատկանել է և պատկանում է Հայաստանի Հանրապետությանը և անկլավներ, որոնք Հայաստանի տարածքում են, որոնք պատկանել են Ադրբեջանին։ Եվ, այո, քաղաքական մակարդակում դա մենք ճանաչում ենք և ես ասել եմ, որ իրավական մակարդակում մենք լրացուցիչ հարցեր ունենք առնվազն նրանցից մի քանիսի հետ կապված»,- ասաց վարչապետը։


Փաշինյանը նշեց, որ անկլավների հարցով վերջնական համաձայնություն չկա՝ դրանք կփոխանակվե՞ն, թե՞ կտրվի այլ լուծում։ Մնում է նշել, որ Փաշինյանն երկուսն էլ նույն վստահություն է ասում։
 


 
Նշենք, որ անկլավը օտար պետության սահմանների մեջ գտնվող և այդ պետությանը չպատկանող տարածք է։