Բրիտանացի Փիթեր Սալիվանը, որը գրեթե 40 տարի անցկացրել էր բանտում՝ մատուցողուհու սպանության մեղադրանքով, ազատ է արձակվել։ Դատավճիռը չեղյալ հայտարարվեց վերաքննիչ դատարանում՝ հին գործով նոր ապացույցներ ի հայտ գալուց հետո, գրում է BBC-ն։
21-ամյա Դիան Սինդալը բռնաբարվել և սպանվել է 1986 թվականին՝ աշխատանքից տուն վերադառնալիս:
Գործը անցյալ տարի վերաքննիչ բողոքարկման ուղարկվեց արդարադատության հնարավոր ձախողումները հետաքննող հատուկ հանձնաժողովի կողմից, այն բանից հետո, երբ հանցագործության վայրից վերցված նմուշներում հայտնաբերվեցին նախկինում չհայտնաբերված ԴՆԹ-ի նմուշներ, որոնք մատնանշում էին անհայտ հարձակվողի։
Երբ դատավճռի չեղարկման մասին լուրը հայտնեցին հենց Սալիվանին, ով ներկա էր վերաքննիչ բողոքարկմանը բանտից տեսակապի միջոցով, նա արտասվել է։
Այժմ սա համարվում է բրիտանական իրավական պատմության մեջ կենդանի բանտարկյալի մասնակցությամբ արդարադատության իրականացման ամենաերկարատև ձախողումը։
Սալիվանի փաստաբանի կողմից կարդացված հայտարարության մեջ նա պնդում է, որ «չի զայրանում կամ վիրավորվում» իր դատավորներից։
«Ինձ հետ վարվեցին չափազանց անարդարացիորեն», - ասվում է հայտարարության մեջ, - «սակայն դա ոչ մի կերպ չի նվազեցնում տեղի ունեցած նողկալի, սարսափելի սպանության իրական չափը»։
Լսումներից հետո Սալիվանի քույրը՝ Քիմ Սմիթը, ասել է, որ «բոլորը պարտվեցին այս գործում» և իր անկեղծ ցավակցությունն է հայտնել մահացած մատուցողուհու ընտանիքին։
«Նրանք մնացին առանց դստեր, և նրան հնարավոր չէ վերադարձնել», - բացատրել է Սմիթը։ «Բայց մենք վերադարձրինք Փիթերին, ուստի հիմա պետք է փորձենք բառացիորեն վերականգնել նրա կյանքը զրոյից», - ասել է նա։
Մեղադրող Դունկան Ատկինսոնը խոստովանեց, որ նոր հայտնաբերված ապացույցները խաթարում են Սալիվանի դատապարտման հիմքերը, ուստի դատախազները չեն պնդի վերանայման վրա։
Լոնդոնի Թագավորական դատարանի երեք դատավորներ չեղյալ են հայտարարել դատավճիռը և հայտարարել, որ «կասկած չունեն, որ արդարադատության շահերից ելնելով՝ անհրաժեշտ և նպատակահարմար է, որ նոր գենետիկական ապացույցները ընդունվեն»։
Ըստ տեղեկությունների՝ Փիթեր Սալիվանը գրեթե անմիջապես ազատ է արձակվել լսումներից հետո։
Նա բանտում անցկացրեց 38 տարի և գրեթե ութ ամիս՝ ընդհանուր առմամբ 14 113 օր։