Իհարկե, ես գիտեմ իմ արժեքը, բայց միևնույն ժամանակ, ես գիտեմ իմ թերությունները և երբեք չեմ մտածել, թե օժտված եմ ինչ-որ յուրահատուկ կարողություններով: Այսպես ասեմ, ես ունեմ այն ամենը, ինչ ինձ պետք է: Միայն առանց կատակի: Ես սիրում եմ ծիծաղել, բայց նայած՝ ինչ առիթով: Ես ներում եմ պարզունակությունը, բայց չեմ ներում գռեհիկությունը, սիրում եմ նոր բաներ սովորել, ծանոթանալ նոր մարդկանց և մշակույթների հետ, բայց ամենաշատը սիրում եմ զարմացնել ինքս ինձ, քան ուրիշներին․ Շառլ Ազնավուր
Այսօր ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի 101-ամյակն է: Ազնավուրը ծնվել է 1924թ. մայիսի 22-ին Փարիզում՝ հայ գաղթականներ Միքայել և Քնար Ազնավուրյանների ընտանիքում։ Ծննդյան անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան:
Ազնավուրի հայրը ծնվել էր Ախալցխայում, արմատներով Էրզրումից էր, իսկ մայրը՝ Քնար Բաղդասարյանը, Իզմիրից էր, Հայոց ցեղասպանության ականատես փրկվածներից: Շառլի հայրը երիտասարդ տարիներին ապրել էր Թբիլիսիում, ուր աշխատանքի համար տեղափոխվել էր նրա ընտանիքը (Շառլի պապը Թբիլիսիի գլխավոր կառավարչի անձնական խոհարարն էր):
Ազնավուրի ծնողները
Ֆրանսիա տեղափոխվելուց հետո Միշա Ազնավուրյանը երգում էր ռեստորաններում, մինչ կհիմներ իր սեփական կովկասյան ռեստորանը՝ կոչելով այն Le Caucase («Կովկաս»)։ Շառլը թողեց դպրոցը 9 տարեկանում՝ արդեն տարված լինելով արտիստի կյանքով։ Նա սկսեց հանդես գալ այդ ժամանակից և շուտով վերցրեց «Ազնավուր» բեմական անվանումը։
11 տարեկանում Մարինյի թատրոնում Շառլը մասնակցում է Էդուարդ Բուրդեի «Մարգո» բեմադրության ստեղծմանը։ Այս բարդ պիեսը, որը ներկայացնում էին Պիեռ Ֆրեսնեյը և Իվոն Պղենտանը՝ Ժորժ Օրիկի ու Ֆրանսիս Պուլենկի երաժշտական ձևավորմամբ, անմիջապես դառնում է թատերաշրջանի ամենանշանավոր իրադարձությունը՝ պատանի Շառլին քայլ առ քայլ ճանաչելի դարձնելով ֆրանսիայի թատերասեր հասարակության շրջանում:
1940-ական թվականներին Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել Կաբարեում։ Առաջին երգը՝ «Ես հարբած եմ» (1944), Ժորժ Ուլմյերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին։
Ռոշ և Ազնավուր
Շառլի աստեղային ժամը եկավ 1946 թվականին, երբ Էդիթ Պիաֆը, լսելով նրա երգեցողությունը, պայմանավորվեց տանել նրան իր հետ Ֆրանսիայում և ԱՄՆ-ում շրջագայությունների։
Էդիթ Պիաֆ և Ազնավուր
Համաշխարհային հռչակ է ստացել 1956 թվականին, Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։ «Ֆրանսիան ազնավուրացված է»,- գրել է ֆրանսիական մամուլը։
1956 թ. Ազնավուրն սկսեց գրանցել առաջին լուրջ հաջողությունները՝ որպես միայնակ հանդես եկող երգիչ, հեղինակ կատարող։ Հենց 1956-ին գրված «Sur Ma Vie» երգը դարձավ Ազնավուրի առաջին հանրահայտ ստեղծագործությունը, իսկ նրա դիրքը՝ որպես առաջին մեծության աստղ, հիմնավորապես ամրագրվեց փարիզյան «Օլիմպիա» սրահի մենահամերգից հետո…
«J’aime Paris au mois de mai», «Ay ! mourir pour toi», «Sa jeunesse»… «Music-Hall» ամսագիրը նրան դասեց արական սեռի վարկանշային աղյուսակի առաջին հորիզոնականում:
1960 թ. դեկտեմբերի 12-ին Շառլ Ազնավուրին հաջողվեց վերջնականապես ու հիմնովին գրավել հանդիսատեսին: Համերգային այդ բացառիկ տրիումֆը դարձավ նրա համաշխարհային փառքի մեկնակետը:
Երաժշտական պրոդյուսեր Էդդի Բարքլեյը, ով ոլորտի շատ ազդեցիկ ներկայացուցիչներից էր, մեծ համերգ էր կազմակերպել Ալհամբրա համերգասրահում: Շառլ Ազնավուրին նվագակցում էին դիրիժոր Պոլ Մորիան և նրա նվագախումբը: Էդդի Բարքլեյը համերգին հրավիրել էր այդ ժամանակների ամենահայտնի ու ազդեցիկ անձանց՝ Ժան Կոկտո, Դալիդա, Լուի Արմսթրոնգ, Ջուլիետ Գրեկո… Ողջ Փարիզն այնտեղ ներկա էր:
Շառլն անձամբ հաճախ էր հիշում այդ առանձնահատուկ երեկոն, երբ հանդիսատեսը անհաղորդ սառնությամբ ընդունեց իր կատարած առաջին յոթ երգը։ Հետո նա երգեց վերջին՝ «Je m’voyais déjà» երգը, որը պատմում է մեծ նկրտումներով, սակայն ձախողակ արտիստի մասին: Ելույթի ավարտին լուսարձակներն ուղղվեցին դեպի հանդիսատեսը. ծափահարություններ չկային: Այնտեղ՝ ետնաբեմում, Շառլն արդեն պատրաստ էր հանձնվել… Երբ բեմ դուրս եկավ վերջին անգամ խոնարհվելու, անասելի մեծ էին նրա զարմանքն ու հուզմունքը, որովհետև դահլիճից օվացիաներ ու հիացական բացականչություններ հնչեցին։ Դա այդքան երկար սպասված ճանաչման ու հաղթանակի ձայնն էր․․․
Ազնավուրը ամուսնացել է երեք անգամ. առաջին անգամ տասնյոթամյա Միշելին Ռյուգելի հետ (1946 թվականի մարտի 16), երկրորդ անգամ Էվելին Պլեսիսի հետ (1955 թվականի հոկտեմբերի 28) և երրորդ անգամ շվեդուհի Ուլլա Տորսելի հետ (1967 թվականի հունվարի 11)։ Այս ամուսնությունների արդյունքում ունեցել է 6 երեխա՝ Սեդան, Շառլը, Պատրիկը, Կատյան, Միշան և Նիկոլան։ 1990 թվականին նա գրող-ռեժիսոր Մայքլ Ֆինի Կալանին առաջարկեց անդրադառնալ իր կյանքին հեռուստատեսային My Riviera շարքում, որի նկարահանումները տեղի ունեցան Հարավային Ֆրանսիայի Պորտ Գրիմո վայրում գտնվող Ազնավուրի տանը։
Շառլ Ազնավուրը մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին, իր՝ Մուրիեսում (Բուշ դյու Ռոն) գտնվող տանը։
Եթե ինքներդ ձեր տեղը չթողնեք, այն ոչ ոք չի զբաղեցնի․ Ազնավուր