Հետևեք մեզ։

Այո, Ալեն Սիմոնյան, ոնց Դուք եք ասել՝ տենց բաները չեն ներվում և չեն մոռացվում Հայաստան աշխարհում

14:17, 28 մայիս 2025
Այո, Ալեն Սիմոնյան, ոնց Դուք եք ասել՝  տենց բաները չեն ներվում և չեն մոռացվում Հայաստան աշխարհում

Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հավասարության նշան է դրել Ադրբեջանի ու Վրաստանի, Արցախի ու Ջավախքի մեջ։ «Հիմա ո՞նց են հայերն ապրում Վրաստանում, նույն կերպ ադրբեջանցիներն են ապրելու այստեղ», -ասել է աղդամցին։

Վրաստանի որոշ փորձագետների հետ զրույցիցս հետո պարզվեց, որ նրան չեն պատասխանի, որովհետև լուրջ չեն ընդունում, այլապես դա հետևանքներ կունենար։

Կունենա հետևանքներ պետության կողմից, թե ոչ, Հայաստանում Վրաստանի դեսպանը քնած է, թե արթուն մայիսի 26-ի բուռն տոնակատարությունից հետո, թե ոչ, չգիտեմ, բայց, եկեք մեր տեսակետից նայենք․ թքող հարևանի հետ կա՞ հարց, որ կքննարկեք։ Ես՝ ո՛չ։

Երբ լսեցի Ալեն Սիմոնյանին, մի պահ որոշեցի մի քանի կետով բացատրել, թե ինչ է ասում ինքը, պարզունակ բացատրել, որ նուռը ձեռքիդ նկարը Մառնեուլիում չես արել, բացատրել, թե ով է ում սպանել, բացատրել, որ անձնական նպատակներիդ համար թշնամի-բարեկամ պետություններին խառնելը շատ վատ հետևանքներ կարող է ունենալ, բայց շատ արագ հրաժարվեցի այդ այդ մտքից։ Նախ որովհետև իրեն հետևանքները հետաքրքիր չեն, և հետո, անիմաստ է մարդուն բացատրել մի բան, որը վաճառքի գծով վա բանկ է գնում։ Երբ Սիմոնյանի կյանքի նպատակը Փաշինյանի ցուցակում հայտնվելն է, երբ արժեքները նրա աչքին աթոռի հետ են չափվում միայն, երբ նժարին դրված աթոռը ծանր է ամեն ինչից, ապա նրան անիմաստ է բան բացատրել, կամ ո՞վ է նա, որ ինչ-որ բան ապացուցես։ Ո՞վ է մարդը, որ երեկ Արցախի ճանաչման մասին էր գրում, Թրամփին էր մեջբերում, այսօր Արցախ բառը չի ասում։

Ալեն Սիմոնյանի կռիվը մեկն է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաղթելու պարագայում ԱԺ նախագահ մնա ինքը, ոչ թե օրինակ, Հայկ Կոնջորյանն անջատի իր խոսափողը․․․։ Հանկարծ դա չլինի, մնացածը կարևոր չէ։

Անիմաստ է Ալեն Սիմոնյանին բացատրել, որ Փաշինյանին դուր գալու համար Վրաստանը երբեք ու երբեք պետք չէ, չի կարող, հնարավոր չէ հավասարեցնել աշխարհում որևէ երկրի հետ առհասարակ, չի կարելի Արցախը համեմատել որևէ տարածքի հետ առհասարակ, անիմաստ է բացատրել, թե ինչ է Ջավախքը, ով է հայը Վրաստանում․․․

Սրանք չափազանց հասկանալի ու պարզ իրականություն են, անբեկանելի փաստեր, աքսիոմա, բայց Ալեն Սիմոնյանին դա բացատրելը նույնն է, թե բացատրես՝ մարդու դեմքին թքել չի կարելի։

Ալեն Սիմոնյանը իր շոուի շրջանակներում, երբ արագ կողմնորոշվում է, թե ինչպես դուր գալ Փաշինյանին (ինչը, վստահաբար, Փաշինյանը շատ լավ է հասկանում), ինչպես պահը որսալ և Սերժ Սարգսյանին քննադատել, ու ասել Աղդամն իր հայրենիքն է, ինչպես ԱԺ նախագահի աթոռը պահելու համար ուրանալ Արցախը, անգամ Արցախ չասել, հենց այդպես արագ կողմնորոշվելով էլ 2019-ի օգոստոսին Ռոբերտ Քոչարյանին ուղղված քննադատության մեջ, խոսքն ուղղելով նրա պաշտպաններից մեկին ասում էր․

«Մեկդ սրան ասեք, որ պարտադիր չէ պաշտպանյալիդ փրկելու համար Արցախի տարածքները տաս Ադրբեջանին, տենց բաները չեն ներվում և չեն մոռացվում Հայաստան աշխարհում»:

Իհարկե։ Այո', Ալեն Սիմոնյան, սա էլ է աքսիոմա, և պարտադիր չէ աթոռդ պահելու համար Արցախի տարածքները տաս Ադրբեջանին, տենց բաները չեն ներվում և չեն մոռացվում Հայաստան աշխարհում:

Վերլուծական