ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը տևական դադարից հետո նորից ակտիվացել և ֆեյսբուքում գրառումներ է անում։ Նա, հիշեցնենք, ՊԵԿ նախագահ է նշանակվել 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, իսկ 2020 թվականի հունիսին հրաժարական է ներկայացրել ու հեռացել։
Hayastan.news-ի հետ զրույցում անդրադառնալով իր ակտիվանալուն՝ Դավիթ Անանյանն ասաց․ «Որպես այդպիսին՝ ինչ-որ նպատակ է հետապնդում ակտիվացումը, չկա։ Նպատակը զուտ համամարդկային է կամ հայրենիքի, հայ ժողովորդի նկատմամբ ունեցած իմ վերաբերմունքիրց է բխում։ Ես միշտ ձեռնպահ էի մնում ակտիվ գրառումներ կատարելուց, որովհետև շատ դեպքերում մարդիկ կարող է և իմ գրառումները չընդունեին՝ համարելով, որ ինչ-որ մի ժամանակ լինելով այսօրվա քաղաքական իշխանության ձևավորած կառավարությունում ներգրավված պաշտոնյա, կարող է և երկիմաստություն լինի իմ գրածների մեջ, շատերը իմ ակտիվությունը վերագրեին, որ ես ուզում եմ մաքրվել կամ իմ ձեռքերը լվանալ իմ անցյալից։ Դրա համար, որպեսզի ավելորդ շահարկումների տեղիք չտայի, մի քիչ ավելի պասիվ էի։ Բայց հիմա, քանի որ բոլորս պարտավոր ենք նեղ-անձնային ամեն ինչից դուրս գանք և մի քիչ ավելի գլոբալ մտածենք, ես որոշեցի ժամանակ առ ժամանակ իմ մտքերը բարձրաձայնել։ Ի վերջո, որոշակի առումով հանրության նկատմամբ ես պարտավորություն ունեմ: Ոչ մեկից չեմ ուզում առանձնացնել ինձ, հակառակը՝ բոլորին ուզում եմ ասել, որ այն, ինչ մենք այսօր ունենք, բոլորիս մեղավորությունն է»։
-Իսկ ի՞նչ եք առաջարկում, ինչպե՞ս եք տեսնում լուծումը։
-Ազնվորեն ասեմ՝ ես կոնկրետ այսօր պատրաստի դեղատոմս չունեմ, որ ինքս ասեմ՝ եկեք հավաքվենք և այսինչ քայլը գործադրենք, այսինքն՝ ես պատրաստ չեմ այսօր ասելու, թե կոնկրետ ինչ է պետք անել։ Բայց կարծում եմ, որ հանրային առումով վեր կենալու, իրար հետ խոսելու և ինչ-որ բան ձեռնարկելու անհրաժեշտություն կա, ուստի ես համարեցի, որ պետք է առնվազն սկսեմ գոնե իմ մտքերը հայտնել հանրությանը։ Ես իմ մտքերով փորձում եմ հաղորդակից լինել ժողովրդին։ Եվ, միգուցե, այս ամենը ինչ-որ մի կարճ ժամանակ հետո հնարավոր կլինի տանել հրապարակ և հրապարակում հանրային քննարկում սկսել, դա կլինի ամենալավը։
-Իսկ որպես ստեղծված իրավիճակի լուծում այս իշխանությունների հեռացումը տեսնո՞ւմ եք։
-Ցանկացած բան, նույնսիկ ցանկացած խելառ բան կարելի է անել, բայց ոչ թե դասական ձևով իշխանության փոփոխություն լինի, այլ կարծում եմ՝ ամենաիդեալականը կլիներ, որ իշխանությունը, գիտակցելով իր ամլությունը, ինքը փոխանցեր իշխանությունը ժամանակսվոր ինչ-որ խորհրդի։ Այսօր կառավարումը, իմ կարծիքով, պետք է լինի կոլեգիալ։ Չկա որևէ ընդգծված մարդ կամ լիդեր, որը հավակնի ասի՝ ես հիմա կառավարումը կվերցնեմ իմ ձեռքը և կգնամ Արցախը կազատագրեմ, միջազգային հանրությանը կստիպեմ, որ Արցախը ճանաչի անկախ միավոր, իմ սահմանները կմքարեմ թուրքերից և ադրբեջանցիներից և կվերականգնեմ մեր պատմական Հայաստանը։ Չկա ինչ-որ մեկը, որ դա կասի։
-Իսկ ի՞նչ եք առաջարկում այդ դեպքում։
-Այսօր մենք ճգնաժամային կառավարիչների կոլեգիալ կառավարման անհրաժեշտություն ունենք։ Մարդիկ, ովքեր ասելիք ունենք հանրությանը, այնպիսի մարդիկ, որոնց նկատմամբ հանրությունն ունի հավատ, օրինակ՝ Հրանտ Թոխատյանը, Արման Թաթոյանը, Ռուբեն Մելիքյանը, Մհեր Մկրտչյանը, օրինակ՝ ես, եթե ես ունեմ այդպիսի հանրային ընկալում, բոլորը պետք է, եթե այդպիսի հնարավորություն կա, ես առաջարկում եմ, որ լինի մարդկանց մի խումբ, ովքեր կնստեն ու կորոշեն, բայց հանրության լայն շրջանակների վստահությունը վայելող անձանց մասին է խոսքը, հանրային դիրքորոշում ունեցող մարդկանց մասին է խոսքը, արդարության հետևից գնացողների մասին է խոսքը, և ամենակարևորը՝ գաղափար և էրուդիցիա ունեցողների մասին է խոսքը, ովքեր գիտեն՝ ինչ բան է հայրենիքը, ովքեր գիտեն՝ ինչ է նշանակում թշնամուն սարսափ պարտադրել։ Այդպիսի մարդկանց հանրային մոբիլիզացիայի կարիք կա այսօր։
-Եթե վաղը ընդդիմությունը կոչ անի ժողովրդին՝ դուրս գալ փողոց, համարելով, որ լուծումը այս իշխանությունների՝ օր առաջ հեռացումն է, Դուք փողոց դուրս կգա՞ք այս իշխանությունների հեռացման պահանջով։
-Հեռացման պահանջով իհարկե դուրս կգամ, և, իհարկե, ես ցուցադրել եմ իմ դիրքորոշումը և ժամանակ առ ժամանակ այնտեղ, որտեղ մարդիկ հավաքվել և մտքեր են փոխանակել, ես ֆիզիկապես մասնակցել եմ այդ ամեն ինչին՝ հանգիստ, շարքային ունկընդրի դերում։ Ես ոչ մի հավակնություն չեմ ունեցել, բայց միշտ իմ պարտքն եմ համարել լինել ժողովրդի կողքին, և եթե ինչ-որ մեկը իմ՝ համեստիս կարծիքը կամ տեսակետը ցանկացել է իմանալ, ես ասել եմ։
-Դուք այս կառավարությունում բարձր պաշտոն եք զբաղեցրել՝ գրեթե կառավարության անդամի կարգավիճակ եք ունեցել, երբևէ կմտածեի՞ք, որ այս Արցախը կհանձնեն և Ձեզ էլ կստիպեն ահազանգել հայրենիքը կորցնելու վտանգի մասին։
-Բնականաբար՝ ոչ։ Եվ կուզեմ, որ բոլորս հիշենք, թե 2018 թվականի մայիսին ինչպիսի իրադարձություններ եղան, և համազգային զարթոնքային իրավիճակում ես առաջարկ ստացա և 2018-ի մայիսի 18-ին գլխավորեցի Պետական եկամուտների կոմիտեն։ Պաշտոնավարեցի երկու տարի՝ մինչև 2020 թ․ հունիսի 6-ը։ Եվ ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այդ ժամանակահատվածում թե՛ կառավարության արածների և չարածների, թե՛ իմ արածների և չարածների վերաբերյալ ունեմ իմ պարտավորությունը, և այդ պարտավորությունից կյանքում ես չեմ խուսափել։ Բայց դրանից հետո թե ինչ տեղի ունեցավ, և ինչի հասանք մենք այսօր, իհարկե, ես չէի կարող ենթադրել, որ դա այդպես կլիներ։ Ես ասեմ, որ մարդիկ, որոնց հետ ես շփվել և աշխատել եմ այն ժամանակ և այդ նույն մարդիկ հիմա՝ սարերի ու ձորերի տարբերություն կա։ Միգուցե ես չեմ եղել այդքան մարդաճանաչ կամ իրադարձություններն են փոխել այդ մարդկանց, ես չեմ կարող ասել։ Ես երկու տարի աշխատել եմ և իմ շրջապատին, փաստորեն, չեմ ճանաչել։ Ես չեմ էլ ուզում այդպիսի գնահատական տալ, որովհետև կստացվի՝ ես ընդհանրապես մարդաճանաչ չեմ։ Ենթադրվում է, որ ինչ-որ բաներ են տեղի ունեցել, և ինչ-որ հանգամանքների բերումով մարդիկ ձեռք են բերել այն հատկանիշները, որոնք այսօր մենք տեսնում ենք։ Միգուցե դրանք թաքնված են եղել նրանց հոգում, սրտում, և հիմա են այսպես ցայտուն դրսևորում։ Բայց այս ամենի հիմքում անգրագիտությունն է, սեփական հայրենիքը չճանաչելը։ Եթե ուզում ես ինչ-որ բան ծնվի, պետք է խենթություն անես, իսկ խենթությունը արտահայտման տարբեր ձևեր ունի։ Այո, այսօր խենթություն անելու, խելառություն անելու, եթե կուզես իմանալ՝ այսօր ժողովրդի համար մեռնելու պահն է, գիտակցաբար գնալ՝ մեռնել, բայց ինչ-որ մի բան փրկել, եթե ոչ՝ քեզ համար, ապա քո սերունդների համար։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ