Հետևեք մեզ։

Սցենարներից մեկն էլ այն է, որ այս պահին սահմաններն ինչպես կան, այդպես էլ մնան․ Գնել Սանոսյանը՝ բանակցությունների, նոր ճանապարհների ու «անկլավների» մասին (տեսանյութ)

23:54, 30 մայիս 2023

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Hayastan.news-ի հետ զրույցում անդրադառնալով Տավուշի մարզում շրջանցիկ ճանապարհի կառուցման վերաբերյալ մեր տեղեկությանը, ասաց, թե այս պահին նման շինարարությւոն չկա, իրենք այդ հատվածներում ինչ շինարարություն անում են, գործող ճանապարհների վրա է։

«Բայց եթե բանակցությունների արդյունքում, խաղաղության պայմանագրի արդյունքում որևէ բան կփոխվի, ու մեր գերատեսչությունից կպահանջվի ինչ-որ հավելյալ աշխատանք տանել, իհարկե կանենք՝ ստեղծված իրավիճակից ելնելով։ Բայց այս պահին մենք այդ տարածքում այն աշխատանքները, որոնք իրականացնում ենք, բոլորը գործող ճանապարհներին է վերաբերում»,-ասաց Սանոսյանը։

-Եթե չեմ սխալվում, անցյալ տարի Դուք հաստատել էիք, որ Տավուշի մարզի որոշ հատվածներում նոր կամ շրջանցիկ ճանապարհների կառուցման աշխատանքներ իրականացվում են։ Հիմա ամբողջությամբ հերքո՞ւմ եք, որևէ նոր ճանապարհ չի՞ կառուևցվում Տավուշի մարզում։

-Նման բան չեմ ասել, մենք այդ հատվածի հետ կապված, որտեղ նշվում է, որ ճանապարհը 50 մետր հատում է սահմանը և այլն, չմոռանանք, որ ունենք դեմարկացիայի և դելիմիտացիայի երևույթ, և դա 50 մե՞տր է, դա այդպե՞ս է, թե՞ չէ, ո՞ր հատվածն է, ավելի շատ այդ գործողությունների արդյունքում պարզ կդառնա։ Այս պահին որևէ բան չի կառուցվում։

-Եթե Տավուշի մարզում այդ  «անկլավներն» անցնեն Ադրբեջանին, մենք քանի՞ կմ նոր շփման գիծ կունենանք, որի համար կարիք կլինի նոր ճանապարհ կառուցել։

-Չեմ կարող ասել, նայած, թե դեմարկացիայի և դելիմիտացիայի արդյունքում ինչ փոփոխություն կլինի կամ կլինի՞, թե՞ չէ։

-Հաշվի առնելով Սյունիքում ստեղծված իրավիճակը, որ շատ մեղադրեցին կառավարությանը, որ նախապես գիտեր կամ գուցե վերջին պահին իմացավ, որ պետք է Գորիս-Կապան մայրուղին անցնի Ադրեբջանին, ուշ սկսեց նոր, շրջանցիկ ճանապարհի կառուցումը, հիմա Տավուշում էլ, քանի որ արդեն գիտեք՝ ինչ է սպասվում, ինչո՞ւ մինչև հիմա չեք սկսել նոր ճանապարհի կառուցումը, որ վաղը տեղի բնակչությունն ու մենք՝ բոլորս, փաստի առաջ չկանգնենք։

-Բանակցություններ են, տեսնենք՝ ինչպես կզարգանան, պետք է ըստ դրա մեր քայլերը հետևեն։ Այսինքն՝ հիմա ինչ անել, որտեղով անել, ինչի համար անել, այդ հարցերը պարզ չեն։ Հիմա բանակցությունների արդյունքում կհասկանանք, մեր քայլերը կանենք։

-Իսկ «անկլավների»թեման նո՞ր է ծագել, թե՞ դա ի սկզբանե կար, և կառավարությունը տեղյակ էր դրանից, որ «անկլավներն» էլ պետք է հանձնվեն Ադրբեջանին կամ փոխանակվեն։

-Իմ պատկերացմամբ ու հիշելով՝ «անկլավների» թեման կա միշտ՝ երբվանից մենք սկսել ենք ինչ-որ բան բանակցել։ Արծվաշենի թեման մի՞շտ չի եղել, նոր չէ, չէ՞։

-Ի դեպ, Հայաստանի թե՛ ժողովուրդը, թե՞ իշխանությունը Արծվաշենը վերադարձնելուն հակված չեն, ասում են՝ թող Արծվաշենը մնա իրենց, Տիգրանաշենը մնա մեզ։ Կա՞ այդպիսի մոտեցում ձեր կողմից։

-Սցենարներից մեկն էլ այն է, որ այս պահին սահմանները ինչպես կան, այդպես էլ մնան, որովհետև խաղաղության պայմանագիրը ենթադրում է, որ կողմերը ինչ-որ բան պետք է իրար զիջեն, համաձայնեցնեն կամ հարմարեցնեն։

-Եթե Ալիևը չհամաձայնի այդ տարբերակին և պահանջի, որ Տիգրանաշենը պետք է անցնի Ադրբեջանին, դուք կհամաձայնե՞ք դրան կամ դրան այլընտրանք ունե՞ք։

-Մենք պետք է իմանանք, որ Արծվաշենը մակերեսով բավականին մեծ է։

-Բայց Տիգրանաշենը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի, այդ թվում՝ Քյարքիի ոլորանները, և եթե Ադրբեջանը պնդի, որ դրանք պետք է անցնեն իրենց, այստեղ ի՞նչ լուծում եք պատկերացնում։

-Այդ բանակցություններին կհաջորդի կամ բանակցությունների մաս կդառնա նախ իրավական գործընթացը, այսինքն՝ պետք է բոլորի իրավական ակունքները հասկանալ, թե դրանք անկլա՞վ են, անկլա՞վ չեն, ի՞նչ հիմքով են ստեղծվել, ե՞րբ են ստեղծվել, իրավական հիմքեր կա՞ն, թե՞ չէ։

 

Մանրամասն՝ տեսանյութում․

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ