Հետևեք մեզ։

Ձեր բրենդը ժողովրդավարության մասին սուտն է

19:52, 31 մայիս 2023
Ձեր բրենդը ժողովրդավարության մասին սուտն է

Հայաստանում գործող իշխանությունը և հատկապես այն ղեկավարող Նիկոլ Փաշինյանը միջազգային վարկանիշային ցուցակներում տեղեր ապահովող երևույթների անունները լավ գիտեն, իշխանության են եկել դրանք հաճախ արտաբերելով, ապա մասնագիտացել դրանց հետ վարվելու այնպիսի եղանակի մեջ, որը կոչվում է «թոզ փչել»։ Ոչ միայն վարչապետին, այլև նրա բոլոր թիմակիցներին մի առանձնահատուկ շնորհ է տրված՝ իրենց բոլոր ապօրինությունների համար գտնել փիլիսոփայական հիմնավորումներ ու դրանք ներկայացնել որպես ազնվագույն, օրինական ու ժողովրդավարական արարքներ։

 

Բավարար է հիշել, թե ինչպես էր նա օրեր առաջ ասուլիսում պատմում իր որդու գործի մասին այն տրամաբանությամբ, որ դե իր որդին էլ է որդի ու նրան էլ առևանգել չի կարելի, գործը քննվում է սովորականի պես, իրենով կաշկանդված չեն, գործը քննողներն իր կնոջ ընկերուհին չեն և այլն։ Այս ամոթալի նպատակի համար իշխանականներն օգտագործում էին ու օգտագործում են նաև իրենց վաստակած հայհոյանքները՝ ասելով, որ միայն ժողովրդավարական երկրում կարող են այսքան ազատ հայհոյել իշխանություններին։ 

 

Նույն ականջահաճո, բայց իրականությունից հեռու ձևակերպումներով էլ լցված էր ժողովրդավարության հայկական ֆորումին Նիկոլ Փաշինյանի խոսքը՝ ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է։

 

Բայց ժողովրդավարությունն ու մնացյալ լավ բաները Հայաստանում բրենդ են այնքան, որ դրանցով հնարավոր լինի խաբել նմանատիպ ֆորումներին համեցած ու հասկանալի շահերի համար քաղցր խոսքեր ասած տիկնանց։ Հայաստանում ժողովրդավարություն կա միայն ստամբուլյան կոնվենցիաներ վավերացնելու ու դրանցով ազգային մտածողության վրա խաչ քաշող երևույթները թույլատրելու համար։ Իսկ իրական ժողովրդավարություն Հայաստանում չկա։

 

Ի՞նչ ժողովրդավարության մասին է խոսքը, երբ Հայաստանում քաղաքական պատճառներով ու վրեժխնդրությունից ելնելով, առանց բացատրության մարդկանց ազատում են աշխատանքից։

 

Ժողովրդավարություն կա՞ մի տեղ, որտեղ ԲՈՒՀ-երի բոլոր ղեկավարների ընտրություններն սկանդալային ապօրինություններով են եղել, երբ ընտրվածներին հեռացնելու եղանակներ եք գտել ու նրա փոխարեն նշանակել պարտված ձեր ցանկալիին։

 

Որտե՞ղ էր ժողովրդավարությունը, երբ ՏԻՄ ընտրություններում ձեր թիմակցի պարտությունից հետո ընտրված ընդդիմադիրին կալանավորում էիք ու նրա փոխարեն նշանակում կրիմինալի հետ սերտաճած ձեր թիմակիցներին։

 

Ի՞նչ ժողովրդավարություն, երբ ձեր թիմակիցների ու բարեկամների բացահայտ հանցանքների գործերը կարճվում են, իսկ հակառակորդներիդ գործերը հապճեպ հասնում դատարան։

 

Ի՞նչ ժողովրդավարության շրջանակներում էր Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում պատմում իր որդու առևանգման գործով օբյեկտիվության մասին, ինչո՞ւ և ի՞նչպես այդ գործը հաշված օրերի ընթացքում քննվեց ու դատարանում հայտնվեց, եթե հազարավոր գործեր քննվում են տարիներով։

 

Ինչո՞ւ են ժողովրդավարական երկրում ոմանց ձերբակալում անմիջապես, իսկ ոմանց դեպքում գործերը հավերժ քննում՝ եղելությունը պարզելու համար ու այդպես էլ չեն պարզում։

 

Կա՞ ժողովրդավարություն մի տեղ, որտեղ մարդկանց հավաքների վայրից հեռացնում ու անմիջապես ձերբակալում են, իսկ հերոսների մայրերին այս ու այն կողմ քարշ տված ոստիկաններին՝ ոչ։

 

Ի՞նչ ժողովրդավարություն, եթե միլիոններ հայտարարագրած նախկինները թալանչի են, իսկ ձեր թիմակիցները նախարար և կոռուպցիան կանխող բոլոր կառույցները նրանց միլիոններն ու անհասկանալի եկամուտները չեն տեսնում։

 

Ի՞նչ ժողովրդավարություն այնտեղ, որտեղ մարդկանց ապօրինի գաղտնալսում ու խուզարկում են։

 

Ժողովրդավարությու՞ն է, երբ ՔՊ-ական ԱԺ նախագահը բացարձակ անպատիժ թքում է քաղաքացու վրա, իսկ նախկինո՞ւմ էլ ժողովրդավարություն էր, երբ Ալեն Սիմոնյանի նման մահկանացու մի իշխանավորի նյարդեր տեղի էին տալիս ու նա ծեծում էր ձեր թիմակցին:

 

Ի՞նչ ժողովրդավարության բրենդ, երբ ձեր նշանակած ՄԻՊ-ը վախենում է իշխանավորի վարքագծին գնահատական տալ նույնիսկ երբ նա ինքն է ներողություն խնդրել:

 

Ի ՞նչ ժողովրդավարություն, երբ դրա համար պատասխանատու ՄԻՊ-ը միշտ հնազանդ է ու վախենում է խոսք ասել արատավոր երևույթների մասին, քանի դեռ դա տհաճ է ձեզ:

 

Ի՞նչ ժողովրդավարություն, եթե դատախազը զեկուցում է ձեզ, հետո գեղեցիկ բառերով բացատրում դա, ի՞նչ ժողովրդավարություն, եթե նա իսկապես ամեն բան զեկուցում է ձեզ։

 

Ի՞նչ ժողովրդավարություն, եթե ԲԴԽ նախագահը բացահայտ կուսակցական է, բայց վեթինգի միջոցով ստուգում է դատավորների քաղաքական կապերը, իսկ ավելի ճիշտ՝ հրապարակային հետապնդում կոնկրետ մարդկանց։

 

Այո, ֆորումի ընթացքում ճիշտ հասկացաք, նկատի ունենք նաև ԿԸՀ նախագահին․ ի՞նչ ժողովրդավարություն, եթե նրան ու էլի մի քանիսին նշանակելն արդեն գնահատվել է որպես քաղաքական կոռուպցիա, իսկ դուք պատմում եք, որ նա հանուն ժողովրդավարության է նշանակվել։ 

 

Հետևապես, Հայաստանում ժողովրդավարությունը բրենդ չէ, որովհետև իրական ժողովրդավարությունը կեղծ խոսքերի հետ չի կարողացել ապրել ու չի կարողանում, իսկ դուք ձեզ ձեռնտու ամեն ինչ անկաշկանդ բացատրում ու մեկնաբանում եք որպես ժողովրդավարության փայլատակում, իսկ ոչ ձեռնտուն՝ որպես հանցանք։

 

Ձեր ժողովրդավարությունն ավարտվել է հենց այն պահից, երբ սկսել եք համարել, որ ձեր կուսակցականին անհամատեղելի պաշտոնում նշանակելն ամեն ինչ արդար անելու համար է, ավարտվել է հենց այնտեղ, որտեղ ձեզ թվացել է, որ այն ինչ դուք եք անում, արդարն է։

 

 

Բեթղեհեմ Արաբյան