Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առերևույթ առևանգման գործով կալանավորված Գայանե Հակոբյանի (անձնագրով՝ Ազգուշ Մարտիրոսյան) գործով պաշտպաններ Ռուբեն Մելիքյանն ու Վահան Հովհաննիսյանը, ինչպես հայտնի է, օրեր առաջ հայտարարեցին, որ դադարեցնում են իրենց պաշտպանյալի շահերի պաշտպանությունը փոխադարձ համաձայնությամբ։
Այժմ զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի պաշտպանությւոնը ստանձնել են այլ փաստաբաններ, որոնցից մեկի՝ Հովսեփ Սարգսյանի հետ այսօր զրուցել է Hayastan.news-ը։
Հարցին՝ արդյո՞ք քաղաքական ենթատեքստ կար նրա մեջ, որ նախորդ փաստաբանները հրաժարվեցին Գայանե Հակոբյանի պաշտպանությունից, Սարգսյանն ասաց․ «Նրանց դիրքորոշումը կարծում եմ՝ բոլորին հայտնի է, որովհետև լրատվության միջոցներով իրենք հայտարարություն տարածել էին, թե ինչու, ինչի համար։ Եվ, վերջին հաշվով, պաշտպանության իրականացումը պայմանավորված է նաև հարազատների ցանկությամբ։ Սա է ընդհանուր կոնտեքստը, այլ բան պետք չէ փնտրել դրա մեջ»։
Անդրադառնալով բուն գործում քաղաքական ենթատեքստի առկայությանը, փաստաբանն ասաց, որ ինքը չի կարող ասել՝ քաղաքական ենթատեքստ կա՞, թե ոչ այստեղ կամ արդյո՞ք դատարանի, իրավապահ մարմինների նկատմամբ եղել է ճնշում, բայց կարող է ասել, որ ինքը իրավապահների կողմից ակնհայտ ջանասիրություն է նկատում այս գործում, ինչի մասին վկայում նաև գործին այդպես արագ ընթացք տալն ու դատարան ուղարկելը։
«Ինչ վերաբերում է խափանման միջոցը կալանքն ընտրելուն, այստեղ իմ դիրքորոշումը մի քիչ այլ է, որ դա պարզապես պայմանավորված է տուժողի անձով, որովհետև տուժողը գործադիր մարմնի ղեկավարի որդին է։ Բնականաբար, դա իրավապահ մարմինների վրա ազդեցություն է ունեցել, բայց ասեմ, որ ես տեղեկություն ունեմ, որ կոնկրետ ճնշում է եղել իրավապահ մարմինների վրա, չեմ կարող ասել, չգիտեմ այդպիսի փաստի մասին։ Բայց այն, որ դա նշանակություն է ունեցել գործի թե՛ քննության արագության, թե՛ ելքի, թե՛ կալանքի իմաստով, սա էլ միանշանակ է»,-ասաց Հովսեփ Սարգսյանը՝ նշելով, որ եթե տուժողը չլիներ Աշոտ Փաշինյանը, ոչ միայն կալանք չէր տրվի, այլ ընդհանրապես քրեական վարույթ չէր էլ նախաձեռնվի։
Մանրամասն՝ տեսանյութում.