Հետևեք մեզ։

Հուշում Նիկոլ Փաշինյանին

22:51, 08 հուլիս 2025
Հուշում Նիկոլ Փաշինյանին

Նախկին հրապարակումներում առիթ եղել է նշելու, որ Նիկոլ Փաշինյանը խնդիրները շատ լավ ախտորոշում է և դրանք լուծում բոլորից վատ, Նիկոլ Փաշինյանը գիտի՝ որն է խնդիրն, օրինակ, հասարակության մեջ, օրինակ, կառավարման մեջ, Փաշինյանը շատ լավ գտնում է նաև քաղաքական թիրախը, բայց լուծումը անում է այնպես, որ լինի կատաստրոֆիկ։

Փաշինյանը նաև քննադատելիս է նույն տրամաբանությամբ՝ քննադատում է մի բան, որը ինքը հետո անելու է․ ընդդիմադիր Փաշինյանը քննադատում էր այն, ինչը և ավելին հիմա անում է, ավելին՝ մորուքով վարչապետ Փաշինյանը քննադատում էր այն, ինչը հիմա անում է առանց մորուք վարչապետը։

Սրա տարածված տարբերակն էլ կա․ մի ՔՊ-ական պատգամավոր կա, հինգ օր առաջ ասում էր՝ Աղազարյանն ի՞նչ գործ ունի ԱԺ-ում, եթե շիշ է շպրտում, այսօր նույնն անում էր ինքը, և իր մոտ իրեն ուղղված հարց չի առաջանում։ Հանուն ժողովրդի՞ էր նետում շիշը։ Ընդ որում, նույն պատգամավորը կարող է Աղազարյանից շիշ շպրտել սովորել, որ ծուռ չշպրտի։

Թվում է, թե մանրուք է, բայց ոչ․․․ ՔՊ-ն այն իշխանությունն է, որը անում է այն, ինչ ինքն առնվազն մեկ անգամ քննադատել է։ Այն, ինչ այսօր քննադատում է ՔՊ-ն, դա մեր վաղվա օրն է, որը բերելու է իշխանությունը։ Արսեն Թորոսյանը քննադատում է ում և երբ ասես, դատավճիռ կազմում բոլորի համար, իսկ ինքն անձամբ կոչ էր անում,որ դիմահար կրակոցով կրակեն Համեր մակնիշի մեքենայի վարորդին, չպատժվեց, իհարկե, հիմա էլ քննադատում է․․․։ Բնության մեջ երևույթներ կան, որոնք ի ծնե կամ տրվում են, կամ՝ ոչ, օրինակ ինքնասիրությունը։

Իսկ առավել արդիականն այն է՝  չի՞ տեսնում Փաշինյանը, թե  հանուն ՔՊ-ի ցուցակում հայտնելու ի՞նչ են անում ՔՊ-ականները։ Լավ, ինքը չի տեսնում, իր օգնականն ԱԺ-ում դռան տակ կանգնած էր, գոնե նա էլ երեկոյան զրույցների ժամանակ ցնորքի ժանրից հետո այս մասին չի՞պատմում։

 

Փաշինյանն 2016-ին Լելե-Թեփեի բարձունքի կորստի համար քննադատում էր Մովսես Հակոբյանին և Սերժ Սարգսյանին, շատ լավ էր քննադատում, իսկ հետո, տեսա՞ք ինչ եղավ․․․։

 

 

Սամվել Կարապետյանի «մասնակցել» բառի մեջ հանցակազմ տեսած Աննա Վարդապետյանը, որն անձամբ է կատարել Փաշինյանի ֆեյսբուքյան հրահանգը, չի՞ տեսնում, որ ՔՊ-ականները ոչ թե ասում են՝ կմասնակցենք, այլ անձամբ մասնակցում էին ծեծկռտուքին, կանգնում էին, թիրախավորում, ու հարվածում, բա այս ՔՊ-ականների մասնակցելը ոչի՞նչ։ 

 

Բայց․․․ այս շարքը հավերժ շարունակելի է․ հուշումս, պարոն վարչապետ, հետևյալն է․ քիչ քննադատեք ՀԷՑ-ի հոսանքազրկումները, որովհետև այն խլելուց հետո աշխատելու է ճիշտ այնպես, ինչպես ձեր ՔՊ-ականները շիշ են շպրտում․․․

 

Վերլուծական