Հետևեք մեզ։

Աթաթուրքի ընթրիքը կամ թուրքական նվաստացումներ

23:39, 03 հունիս 2023
Աթաթուրքի ընթրիքը կամ թուրքական նվաստացումներ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը վատ վերաբերվել չի կարելի: Որքան էլ հասկանանք, թե ինչու մեր հասարակության մի մասը կամ քաղաքական կոնկրետ ուժեր այդ հարցին ընդգծված բացասական են վերաբերվում ու մերժում դրա հնարավորությունը, որքան էլ մեր պապերի հանդեպ պարտքի, իսկ անմեղ զոհերի համար վրեժի զգացում ունենանք ու արտահայտենք պատմությունից մեր նեղացածությունը, պետք է նկատի ունենանք, որ միևնույն է, այդ հարաբերությունների կարգավորման օրը գալու է։


Բայց այստեղ մի բայց կա և դա կապված է ոչ թե դիվանագիտության, այլ սովորական «բարոյական օրգանի»՝ ողնաշարի հետ. հարաբերությունների անհրաժեշտ ու անխուսափելի կարգավորումը չպետք է լինի այնպես, որ դրա ընթացքում և հետևանքով կորցնենք մեր անձնական ու ազգային արժանապատվությունը։

Թուրքերի հետ մեր հարաբերությունները, խոստովանենք՝ անկախության տարիներին գոնե վատ չեն եղել, ընդ որում՝ այնքան վատ չեն եղել, որ դիվանագիտական կապերի բացակայությունը չի խանգարել թուրքերի հետ առևտրին և այլն։ Ինքնաբերաբար ձևավորված այդպիսի միջանձնային ու առևտրական շփումներն ու կապերն էլ, հավանաբար, հասունացրել էին այն միջավայրը, որում սկիզբ առավ ֆուտբոլային դիվանագիտությունը, ապա հանդիպեց մի այլ կարմիր գծի՝ Արցախին ու կանգ առավ։

Ամեն ինչ հետագայում ավելի փոխվեց՝ կրկին Արցախով պայմանավորված։ Թուրքիան բացահայտ մասնակցեց 44-օրյա պատերազմին, դրան ներգրավեց ահաբեկիչների, ովքեր մտան Արցախի գյուղերն ու դաժան սպանդ իրականացրեցին։

Թուրքիան պատերազմից հետո ոչ միայն չի հերքել դա, այլ բացահայտ հանդես է եկել Ադրբեջանի հոխորտանքների պաշտպանությամբ։ Թուրքիայի պաշտոնական շրջանակները բոլոր առիթներով սպառնացել են Հայաստանին ու պահանջել ենթարկվել Բաքվի պահանջներին, քայլերն առաջ դնել հենց այնպես, ինչպես Ալիևն է պահանջում։ Իսկ այսօր իր բռնապետության նոր փուլի սկիզբը նշող Էրդողանը մի քանի անգամ կնոջ հետ եղել է Արցախի օկուպացված տարածքներում ու հեգնական «դե քիչ-քիչ հետ տվեք» խոսքերով խոսել դեռ այս պահին էլ ադրբեջանական բանտերում պահվող մեր գերիների մասին։


Այս պայմաններում էլ, երբ Թուրքիայում երկրաշարժի ժամանակ որոշում կայացվեց օգնության ձեռք մեկնել, շատերն, իմ կարծիքով՝ անտեղի քննադատեցին այդ որոշումը: Այդ ծանր պահին նման մեծահոգությունը տեղին էր, այն կարող էր երեխաների կյանքեր փրկել, և միաժամանակ ամոթի պատճառ դառնալ թուրքերի համար՝ հետագայում նույն վարքագիծը դրսևորելիս։

Բայց դրանից հետո էլ Թուրքիան չհրաժարվեց հայոց իշխանության ստորացման դիվանագիտությունից, իսկ վերջիններս չփոխեցին այդ նվաստացումներին ենթարկվելու պատրաստակամության գոնե աստիճանը։

Հայաստանի իշխանությունները շարունակեցին նույն կերպ՝ անպատիվ ու անթասիբ շփվել թուրքերի հետ, պահել իրենց պարտվածի ու ենթարկվողի պես, շարունակեցին ականջին օղ անել թուրքերի հոխորտանքները։ Սրանք չկարողացան դիվանագիտական նուրբ քայլերով հասնել գոնե նրան, որ թուրքերն իրենց հետ բանակցային ու պաշտոնական այլ շփումներում հարգալից լինեն: Օրինակ, ի՞նչն էր խանգարում կիսակարգավորված հարաբերությունների պայմաններում չգնալ նոր աթաթուրքի «հանդեսին» ու ցույց տալ, որ երկրաշարժին կօգնենք, բայց «տոնին» չենք գնա, ու չենք գնա, որովհետև մեր ազգային արժանապատվությունը խոցել են ու դեռ խոցում են։

Իհարկե ո՛չ, միանշանակ ո՛չ, պետք է գնան ու ենթարկվեն այն բոլոր անարգանքներին, որ թուրքական դիվանագիտությունը հատուկ պատրաստել է իրենց համար։ Հենց այդ դիվանագիտությունն էր, որ Նիկոլ Փաշինյանին նստեցրեցին հենց Ալիևի, հատկապես Ալիևի հետևում, դե էլ չասեմ օդային սահմանը փակելու, Նեմեսիսի հուշարձանը քանդելու պահանջի ու այն լկտի հայտարարությունների մասին, որ դեռ կլսենք։

Նաև անձնական արժանապատվությունը նվաստացնող այս քայլերը նրանից են, որ Հայաստանի վարչապետը կայծակնային արագությամբ քննադատեց Նեմեսիսի հուշակոթողի տեղադրումը, հանկարծ հիշեց Արագած լեռան մասին, բոլորին կոչ արեց մոռանալ Արարատն ու հիշել, որ այն Թուրքիայում է, ու էլի բազմաթիվ վախկոտ քայլեր։ Դա նաև նրանից է, որ սփյուռքում ապրած ու պաշտոնավարած, հայ դատի հարցին տեղյակ լինելու պարտք ունեցող Զարեհ Սինանյանը հրապարակավ հրաժարվում է Ցեղասպանության ճանաչման պահանջից: Կամ, ի՞նչ եք կարծում, թուրքական դիվանագիտությունն ի՞նչ է մտածում ձեր մասին, երբ վախվորած շմոն եք անում Ծիծեռնակաբերդի ծաղիկներն ու անարգում հուշակոթողը, բոլորը և թուրքերն՝ առավել ևս, ի՞նչ են մտածում ձեր մասին, երբ տեսնում են, որ մանր եք այնքան, որ ինչ-որ մեկի գրած ոչինչ չասող գրառումը Հայաստանի ԱԺ նախագահին այնքան կարևոր է թվում, որ անձամբ դարձնում է քննարկման առարկա, սոցցանցում կռիվ տալիս դրա հեղինակի հետ, ցույց տալիս, որ նա «փախել է» Հայաստանից։


Այո, Հայաստանի արտաքին քաղաքականության ու հեղինակության համար պատասխանատուների այս տեսակ լինելու պատճառով է ԵԱՏՄ գործընկերների շրջանում սիրված Մեհրիբան Ալիևայի ամուսինը նրանց ներկայությամբ Հայաստանի ղեկավարի հետ խոսում այնպես, ինչպես ուզում է։

Հասկացեք, խոսքը սովորական մարդկային, տղամարդկային պատվախնդրության, կռվելու, դրանում պարտվելու, բայց պատիվն ու արժանապատվությունը չկորցնելու մասին է, հակառակը՝ դրանք ավելի հաստատելու մասին, այնպես լինելու և այնպես անելու մասին, որ չնայած պարտությանդ, մարդիկ տեսնեն ողնաշարդ ու մտածեն՝ ինչպես խոսել հետդ։

Բայց ձեզ, իհարկե, դրանում մեղադրել չի կարելի, դուք ախր, չեք կռվել, դուք չգիտեք, թե դրանք ինչ են…

Վերլուծական