Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Մարդու իրավունքների խորհրդի 52-րդ նիստին.
« 2023 թվականին մենք նշում ենք Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի 75-ամյակը, որը մարդու իրավունքների առաջին պայմանագիրն է՝ ընդունված Գլխավոր ասամբլեայի կողմից։ Դրան հաջորդող օրն ընդունվեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: Նման հաջորդականությունն ամենևին պատահական չէր, քանի որ դա մարդկության պատմության մեջ ամենաարյունալի և ամենադաժան պատերազմին հաջորդող ժաանակաշրջանն էր: Այդ երկու փաստաթղթերը ՄԱԿ մարդու իրավունքների ճարտարապետության ամուր հիմքը դրեցին:
Մենք կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մարդու իրավունքների պաշտպանությունը շարունակաբար անտեսվել է։ Ըմբռնելով այլ վայրերում հակամարտությունների և ճգնաժամերի հետևանքով ստեղծված իրավիճակի լրջությունը՝ հավատացած ենք, որ չի կարող լինել տառապանքի հիերարխիա՝ հիմնված աշխարհաքաղաքական նկատառումների և շահերի վրա:
Ի հեճուկս ամենի, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ձգտում է ազատորեն օգտվել իր մարդու իրավունքներից: Այս վճռականությունը չի փոխվել նույնիսկ Ադրբեջանի ճնշման և ագրեսիայի ավերիչ, շարունակական ալիքներից հետո, ինչի հետևանքով զոհվեցին հազարավոր մարդիկ, ավերվեցին հարյուրավոր քաղաքներ ու գյուղեր, քաղաքացիական ենթակառուցվածքներ, մշակութային և կրոնական ժառանգության կոթողներ: Միջազգային հանրությունը, սակայն, հիմնականում անտարբեր մնաց, մինչդեռ Ադրբեջանն ավելի էր քաջալերվում՝ ոգևորված սեփական անպատժելիությունից: Այնուհետև այդ երկիրը հարձակվեց և օկուպացրեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները»։