Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմում շարունակվում է սերնդափոխությունը․ ավագ սերնդին փոխարինելու է գալիս նորը՝ նոր երազանքներով, նոր ձգտումներով, նոր հավատով ու մեծ ակնկալիքներով: Հայկական ակումբային ֆուտբոլի պատմության մեջ դեռևս քիչ անուններ կան, որոնք հայկական ակումբների սաներն են, սկսել են ներքին առաջնությունից և իրենց փորձում են եվրոպական առաջնություններում:
Ազգային թիմի հեռանկարային մարզիկներից և մեծ հույս ներշնչող ֆուտբոլիստներից մեկը Վահան Բիչախչյանն է: Բիչախչյանի հետ մեր հանդիպումը կայացավ իր հարազատ Գյումրի քաղաքում` «Շիրակ»-ի մարզադաշտում: Այն մարզադաշտում, որտեղ Վահանին սիրում են հարազատ զավակի պես: «Արմենպրես»-ի հետ զրույցում Բիչախչյանը պատմեց անցած ճանապարհի, գալիք անելիքների և իր ֆուտբոլային փիլիսոփայության մասին:
-Վահան, Ձեր ընտանիքում սպորտը, ֆուտբոլը կոլորիտի մի մասն է: Ինչպե՞ս սկսվեց ֆուտբոլում Ձեր ճանապարհը: Ինչպե՞ս հասկացաք, որ այս մարզաձևն է ձերը:
-Եթե անկեղծ՝ հասկանալու կարիք չկար: Ֆուտբոլն իմն էր, երբ հասա գիտակցության մակարդակի: Մանկության տարիներին էլ գնդակը, ֆուտբոլը իմ առօրյայի մի մասն են եղել: Սերը ֆուտբոլի հանդեպ, կարելի է ասել, ի ծնե է ինձ մոտ: Ոչ մի ֆուտբոլիստ կամ խաղ չի եղել պատճառը, որ սկսել եմ սիրել այս մարզաձևը: Պարզապես սիրել եմ այն, իսկ ժամանակի ընթացքում սկսել եմ ավելի լուրջ վերաբերվել այս մարզաձևին:
-Ձեր պապիկը ծանրորդ է, հայրը` ֆուտբոլիստ: Առիթ չի՞ եղել այլ մարզաձևերում էլ ձեզ փորձել:
-Ի սկզբանե հայրս ցանկություն ուներ, որ ես ծանրամարտով զբաղվեի: Մի քանի մարզում էլ ըմբշամարտում եմ ունեցել: Բայց սկզբից ի վեր էլ ֆուտբոլին ոչինչ չի փոխարինում: Ոչ ծանրամարտը, ոչ էլ ըմբշամարտը չկարողացան գերազանցել ֆուտբոլին:
-Սովորաբար բարդ է որդիների այն ճանապարհը, ովքեր ընտրում են իրենց հոր ուղին: Ի՞նչ արձագանք ստացաք ավագ Բիչախչյանից:
-Առավել երիտասարդ հասակում ուրիշ մոտեցում ես ունենում, երբ մեծերը խորհուրդներ են տալիս, երբ խիստ կամ ոչ խիստ տոնով ինչ-որ բան են ասում, սովորեցնում, երբեմն մտածում ես, որ դու ճիշտ ես, սխալը նրանք են, բայց հիմա, հետ նայելով, հասկանում եմ, թե որքան ճիշտ խորհուրդներ եմ ստացել նրանից: Խորհրդատուների շարքում կարևոր դեր ունի նաև իմ մարզիչներից Արտակ Ադամյանը: Բայց այդ խիստ դաստիարակության, խորհուրդների կարիքն ունեցել եմ: Գուցե, ամեն ինչ այլ կերպ զարգանար, եթե հայրս քիչ խիստ լիներ: Սովորել եմ նրա խորհուրդները կյանքիս մի մասը դարձնել, աշխատել դրանց վրա և ժամանակի ընթացքում հասկացա, որ նրանք ինձ ճիշտ ճանապարհի վրա են դրել:
-Սպորտը Շիրակի մարզում՝ առավել ևս Գյումրիում, տարերքի պես մի բան է: Ի՞նչն եք ամենաշատը հիշում «Շիրակ»-ում կամ առավել շատ կարոտում:
-Գյումրին, «Շիրակ»-ն իմ տունն է: Այստեղից եմ սկսել ճանապարհս, կայացել որպես անձնավորություն ու ֆուտբոլիստ: «Շիրակ»-ը միշտ էլ առանձնացել է իր կարգապահությամբ, և հիշում եմ, որ ամեն խաղում միշտ մրցել ենք հաղթանակի համար: Թեպետ շատ երկար չեմ խաղացել «Շիրակ»-ում, սակայն այն ժամանակ, երբ ես էի խաղում, ակումբում ուժեղ կազմ կար, և մարզիչները քեզ հենց այնպես չէին ընդգրկի թիմում: Իհարկե, կարոտում եմ «Շիրակ»-ը: Այն կարծիքին եմ, որ կարող էի ավելին տալ թիմին` մի մրցաշրջան ավել խաղալով այստեղ: Քիչ եմ վայելել այստեղ խաղալու բերկրանքը:
-Դուք ձեր նորամուտը հավաքականի կազմում տոնել եք 2020 թվականին և 20-ից ավելի հանդիպում եք անցկացրել: Որքանո՞վ է ոգևորիչ ձեզ համար Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մարզաշապիկով դաշտ դուրս գալը:
-Ես բառերով չեմ կարող նկարագրել, թե ինչ կարևորություն, արժեք ունի ինձ համար Հայաստանի ազգային թիմում խաղալը: Ինձ համար անգնահատելի արժեք են մարզաշապիկի գերբը, դրոշն ու հենց ազգային ընտրանին: Էմոցիոնալ տեսանկյունից դեռ մանկուց տեսել եմ, թե ինչ ոգևորությամբ էին սպասում հավաքականի խաղերին: Հիմա ինձ համար մեծ պատասխանատվություն է խաղալ ընտրանու կազմում: Թեպետ 20 խաղից ավելի եմ խաղացել հավաքականում, սակայն դեռևս չեմ տվել այն ամենը թիմին, ինչն ուզում եմ անել ու տալ ընտրանուն: Ամեն ինչ անում եմ ու անելու եմ, որ գոլերով ու խաղով ավելի շատ հաղթանակ պարգևեմ իմ թիմին:
-Հավաքականն ունի նաև նոր գլխավոր մարզիչ: Ըստ Ձեզ՝ ի՞նչ ֆուտբոլային փիլիսոփայության կրող է Ալեքսանդր Պետրակովը:
-Կարող եմ ասել, որ նա կարգապահություն սիրող, անմնացորդ նվիրվող ֆուտբոլիստների է սիրում: Բայց նրա դեպքում բարձր մակարդակի վրա պետք է լինի գնդակով ու առանց գնդակի խաղը: Հույս ունեմ, որ իր որ նա իր փորձով շատ մեծ օգուտ կբերի Հայաստանի հավաքականին:
-Առաջիկայում Հայաստանի ազգային թիմը երկու հանդիպում ունի Ուելսի և Լատվիայի հետ: Ինչպիսի՞ մրցակիցներ են նրանք մեր ազգային թիմի համար:
-Ուելսի հավաքականին կհամեմատեմ Շոտլանդիայի ընտրանու հետ, որի հետ խաղալու փորձ ունենք: Ուելսը լավ թիմ ունի, ֆիզիկապես լավ պատրաստված են, արագ ու ուժային ֆուտբոլ են խաղում, բայց ֆուտբոլն այժմ շատ է փոփոխության ենթարկվել: Մենք էլ ուժեղ կողմեր ունենք: Ճիշտ է՝ դժվար հանդիպում է սպասվում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։