Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօրվա նիստում որոշեց բավարարել «Դէ Էլ Էֆ Գրուպ Թրեյդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
«Դէ Էլ Էֆ Գրուպ Թրեյդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2023 թվականի մայիսի 16-ից մինչև 2025 թվականի մայիսի 15-ը ներառյալ։
Համապատասխան նախագիծն ընդգրկված էր կառավարության նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի ցանկում:
Համաձայն նախագծի հիմնավորման՝ «Դէ Էլ Էֆ Գրուպ Թրեյդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող ապրանքները նախատեսվում է օգտագործել զբոսաշրջության ոլորտում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել Սևանա լճի ազգային պարկի զարգացման ծրագիր, առագաստանավային ակադեմիայի ստեղծում, առագաստանավային ակումբի ստեղծում, ինչպես նաև հյուրանոցային համալիրի կառուցում։
Ծրագիրն իրականացվելու է ՀՀ Գեղարքունիքի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2022 թվականին։
Արդեն իսկ իրականացվել է 49 մլն դրամի ներդրում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1․6 մլրդ դրամի ներդրում շինարարական աշխատանքների իրականացման և հիմնական միջոցների ձեռքբերման համար։
Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 67 նոր աշխատատեղ՝ մինչև 460 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 295 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 44․3 մլն դրամ:
Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։