«Հրապարակ» թերթը գրում է․ ««Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի՝ վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակվելուց հետո Մարուքյանի կուսակիցներից մի քանիսը լքեցին կուսակցությունը եւ խզեցին կապերը իշխանությունների հետ համագործակցության գնացած թիմակիցների հետ, իսկ նրանք, ովքեր մնացին, միանգամից փոխեցին քաղաքական գիծն ու ծայրահեղ արմատական ընդդիմադիրներից վերածվեցին երդվյալ նիկոլականների։ Մեր տեղեկություններով, նրանցից ոմանք նաեւ տարբեր միջին օղակներում աշխատանքի են անցնում:
Վերջերս Էդմոն Մարուքյանի թիմակիցներից մեկը՝ Կարեն Սարգսյանը, նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար-աշխատակազմի ղեկավար, ինչը բավականին բարձր պաշտոն է։ Այս պաշտոնը քաղծառայության պաշտոն է, եւ նշանակվելու համար վարչապետի աշխատակազմի քաղծառայության գրասենյակը պիտի մրցույթ անցկացնի։ Սարգսյանն այդ մրցույթում հաղթող է ճանաչվել ու նշանակվել, սակայն ամեն բան այնքան պարզ չէ, որքան առաջին հայացքից է թվում։ Բանն այն է, որ այս պաշտոնի համար 2 անգամ է մրցույթ հայտարարվել։ Առաջին մրցույթը կայացել է 2022 թվականի հուլիսի 7-ին, մրցույթին 29 հոգի է դիմել, 24-ի դիմումը հաստատվել է, մրցույթի թեստային փուլը հաղթահարել է 10, հարցազրույցի փուլը՝ 3 հոգի, այսինքն՝ վերջնարդյունքով 3 հոգի հաղթել է մրցույթը, սակայն նրանցից որեւէ մեկը, չգիտես ինչու, չի նշանակվել այդ պաշտոնին։ Հետո՝ նոյեմբերին նոր մրցույթ է հայտարարվել, որին մասնակցելու դիմում է ներկայացրել 17 հոգի,թեստային փուլը հաղթահարել է 5 հոգի, իսկ հարցազրույցի փուլը՝ միայն Կարեն Սարգսյանը, ում եւ վարչապետը դեկտեմբերի 16-ին նշանակել է այս պաշտոնին։ Ակնհայտորեն, պաշտոնը հատուկ պահել են ԼՀԿ-ականին նշանակելու համար:
Կարեն Սարգսյանը 2019 թվականին ԼՀԿ խմբակցության կողմից առաջադրվել էր Հաշվեքննիչ պալատի թափուր անդամի թեկնածու, սակայն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը նրա թեկնածությանը դրական եզրակացություն այդ ժամանակ չտվեց»։
Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում։