2018 թվականի իշխանափոխությունից հետո ՊԵԿ նախագահ նշանակված Դավիթ Անանյանը նշանակումից կարճ ժամանակ անց՝ սկսեց կադրային ջարդ իրականացնել և ազատվել նախկինում երկար տարիներ հարկային ու մաքսային ոլորտում աշխատած պրոֆեսիոնալ կադրերից։ Մասնավորապես, 2019 թվականի սկզբին Դավիթ Անանյանի որոշմամբ տարբեր պատճառաբանություններով տասից ավելի մարդ պաշտոնանկ արվեց, որոնք համարելով, որ Անանյանի՝ իրենց աշխատանքից ազատելու որոշումն ապօրինի է, դիմեցին դատարան՝ բողոքարկելով այն և փոխհատուցում պահանջելով դրա դիմաց։ 2020 թվականին Անանյանն ազատվեց, իսկ նրա որոշման հետևանքով սկսված դատական պրոցեսները շարունակվեցին արդեն ՊԵԿ նոր նախագահի՝ Ռուստամ Բադասյանի օրոք։
Անանյանի կայացրած որոշումից շուրջ չորս տարի անց՝ այդ պաշտոնյաները սկսեցին հերթով հաղթել ՊԵԿ-ին դատարանում։ Ընդ որում, դատական յուրաքնաչյուր ատյանում պարտվելուց հետո Պետեկամուտների կոմիտեի իրավաբանները բողոքարկում էին դատական ակտը վերադաս ատյանում՝ հասնելով ընդհուպ Վճռաբեկ դատարան։ Hayastan.news-ի տեղեկություններով՝ Վճռաբեկ դատարանում էլ պարտվելուց հետո ՊԵԿ-ը վերջերս ստիպված է եղել արդեն շուրջ մեկ տասնյակ իր նախկին պաշտոնյաներին տասնյակ միլիոնների փոխհատուցում տրամադրել, որն իրենից ենթադրում է 2019 թվականից մինչ օրս ՊԵԿ նախագահի կայացրած ապօրինի որոշման հետևանքով նրանց չստացած աշխատավարձերը, գումարած՝ դրանից բխող տույժ-տուգանքներ։
Այսինքն՝ ՊԵԿ նախկին նախագահի որոշման պատճառով պետությունն այսօր ընդհանուր հաշվով մի քանի հարյուր միլիոն դրամի վնաս է կրել՝ ստիպված լինելով այդքան գումար փոխհատուցել ապօրինի կերպով աշխատանքից ազատված անձանց։ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը մեզ հետ զրույցում ընդունեց, որ իր ոչ բոլոր որոշումներն են եղել ճիշտ․ «Ես չեմ հավակնում ասել, որ իմ պաշտոնավարման ժամանակ իմ բոլոր որոշումները եղել են ամենաճիշտը։ Իհարկե, եղել են որոշումներ, որ հետագայում ցույց է տրվել դրանց սնանկ կամ ոչ ճիշտ լինելը։ Բայց մի բան կարող եմ ասել, որ ցանկացած որոշում, որ ես կայացրել եմ, դա կայացրել եմ այդ պահին իմ հստակ գիտակցությամբ, որ ես կատարել եմ շատ ճիշտ քայլ»։ Դիտարկմանը, թե իր որոշման հետևանքով պետությունը մեծ վնաս կրեց, Անանյանն ասաց․ «Տեսեք, դատարանի վճիռը կամ որոշումը դեռևս չի նշանակում, որ մեր կայացրած որոշումը սխալ է; Դատարանի որոշումը նշանակում է, որ այդ որոշումը կայացնելիս ինչ-որ պրոցեդուրային բաներ չեն պահպանվել, սա՝ մեկ։ Երկրորդը, նախադեպային ինչ-որ որոշումներ կան, որոնք պարտադրում են դատարանին, որ ինքը կայացնի այդպիսի որոշում։ Երրորդը, օրինակ՝ ՊԵԿ-ի համապատասխան մեր գործընկերները դատարանում պատշաճ մասնակություն չեն կարողացել ապահովել։ Այս օրինակները կարող եմ շարունակել։ Քանի որ դատավարական գործընթացը մրցակցային է Հայաստանում, այսինքն՝ երկու կողմն էլ գնում իր փաստարկներն ու հակափաստարկներն է ներկայացնում, դատարանն էլ սովորաբար օրենսդրությունից կաշկանդված՝ ավելի շատ աշխատակցի կողմն է բռնում, քան թե գործատուի, այդ բոլորի արդյունքում մենք կարող էինք ունենալ այն որոշումները, որ հիմա ունենք»։
Նրա խոսքով՝ ցանկացած որոշում, որ ինքը կայացրել է, այդ որոշումների արդյունքում կարող էր պետությունը օգուտներ քաղել կամ վնասներ կրել։ «Եթե իմ որոշումներից ուղղակիորեն բխում է, որ իմ գործողությունների կամ անգործության արդյունքում այդ պաշտոնավարման ժամանակ ես պետությանը վնաս եմ պատճառել, բնականաբար ես պատրաստ եմ այդ վնասները փոխհատուցել կամ կրել համապատասխան պատիժներ։ Ես իմ արածների համար լիարժեք պատասխանատվություն եմ կրում»,-հավելեց ՊԵԿ նախկին նախագահը։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ