Պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի կարողությունը հասել է 1,4 միլիարդ դոլարի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Bloomberg-ը։
Այսպիսով, Ռոնալդուն ֆուտբոլի պատմության մեջ առաջինը դարձավ միլիարդատեր։
Այս կարգավիճակը կապում են այն խոշոր պայմանագրի հետ, որը 40-ամյա ֆուտբոլիստը ստորագրել է սաուդյան «Ալ-Նասր» ակումբի հետ։ Պայմանագիրը ներառում է աշխատավարձ, բոնուսներ և բացառիկ իրավունքներ։
Ռոնալդուի կապիտալում նշանակալի ներդրում են ունեցել խոշոր ապրանքանիշերի հետ նրա համագործակցությունից ստացված եկամուտները։
Եկամտի մի մասը կազմում են առևտրային նախագծերը, օրինակ՝ հյուրանոցային բիզնեսը, CR7 ապրանքանիշի հագուստը։
Ռոնալդուն «Ալ-Նասր» ակումբի հետ պայմանագիրը երկարացրել է այս տարվա ամռանը։ Դրանից առաջ նա հանդես է եկել պորտուգալական «Սպորտինգ»-ի, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի, իսպանական «Ռեալ»-ի և իտալական «Յուվենտուս»-ի կազմում՝ դառնալով ազգային և միջազգային ակումբային մրցախաղերի բազմակի հաղթող։
Պորտուգալիայի հավաքականի կազմում Ռոնալդուն հաղթել է Եվրոպայի առաջնությունը և երկու անգամ՝ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի առաջնությունը։ Նա «Ոսկե գնդակի» հնգակի մրցանակակիր է։