Հետևեք մեզ։

Ոչ թե պետպատվերն է վերջացել, այլ պլանային բուժօգնության համար հերթագրման համակարգ է ներդրվել․ ԱՆ պաշտոնյա

12:44, 13 հունիս 2023
Ոչ թե պետպատվերն է վերջացել, այլ պլանային բուժօգնության համար հերթագրման համակարգ է ներդրվել․ ԱՆ պաշտոնյա

Արդեն հունիս է, այսինքն՝ տարվա կեսը, և քաղաքացիները նորից դժգոհում են, որ բուժհաստատություններում պետպատվերի գումարը տարին դեռ չավարտված՝ նորից սպառվել է, ու բուժգնության դիմող քաղաքացիները, որոնց օրենքով հասանելի է պետպատվերով բուժումը, չեն կարողանում օգտվել դրանից։

 

Hayastan.news-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ պետական առողջապահության գործակալության պետ Ահարոն Բարսեղյանն ասաց, որ պետպատվերը ոչ մի հիվանդանոցում չի սպառվել, պարզապես ներդրվել է հերթագրման համակարգ, և այն քաղաքացիները, որոնք այդ պահին չեն ունենա անհետաձգելի վիրահատության կամ այլ բժշկական միջամտության կարիք, այսինքն՝ կլինի պլանավորած վիրահատություն, նրանց կհերթագրեն, և երբ հերթը հասնի, այդ ժամանակ էլ նրանք կենթարկվեն համապատասխան բժշկական միջամտության։

 

«Եթե քաղաքացու մոտ առկա չէ անհետաձգելի վիճակ, ապա նրա բուժօգնությունը պետք է կազմակերպվի հերթագրման մեխանիզմով։ Այսինքն, եթե քաղաքացու մոտ առկա է պլանային վիճակ, օրինակ՝ լեղապարկի հեռացման կարիք ունի, որը անհետաձգելի վիճակ չէ, և ինքն ունի անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք, ապա այդ դեպքում բուժհաստատությունը պարտավոր է իրեն բուժօգնությունը մատուցել հերթագրման միջոցով։ Այսինքն՝ ինքն ունի ամսական համամասնությունը, դրա շրջանակներում այս պացիենտի բուժօգնության համար անհրաժեշտ ազատ գումարը կա երկու ամիս հետո, արդյունքում՝ տվյալ պացիենտի բուժօգնությունը կկազմակերպի օգոստոս ամսին»,-ասաց Ահարոն Բարսեղյանը։

 

Դիտարկմանը, թե դրա հետևանքով այդ պահին անհետաձգելի վիճակում չգտնվող պացիենտը երկու ամիս հետո կարող է դառնալ անհետաձգելի վիճակում գտնվող պացիենտ, Բարսեղյանն արձագանքեց․ «Եթե տվյալ մտավախությունը բուժհաստատությունն ունի, որ տվյալ քաղաքացու մոտ առկա վիճակը կարող է դառնալ անհետաձգելի, ապա բուժհաստատությունը նաև իրավունք ունի իր մոտ ձևավորված հանձնաժողովի եզրակացության հիման վրա տվյալ քաղաքացու բուժօգնությունը կազմակերպել արտահերթ տվյալ ամսվա ընթացքում»։

 

Նա ընդունեց, որ դրանից կարող են դժգոհություններ առաջանալ քաղաքացիների մոտ, բայց այստեղ հարց է առաջանում, թե որքանո՞վ է քաղաքացու մոտ առկա բուժօգնությունն անհետաձգելի․ «Որովհետև իմ սուբյեկտիվ ընկալման մեջ իմ մատի մտած փուշը ինձ համար շատ ավելի անհետաձգելի է, քան թե մյուս քաղաքացու մարմնի կեսը պոկված լինելը»։ Նրա խոսքով՝ քաղաքացին այնպես չէ, թե չի ստանում տվյալ բուժօգնությունը, քաղաքացին չի ստանում այդ բուժօգնությունը տվյալ պահին։ «Դա իր ցանկությունն է, որովհետև ինքն ուզում է երկու ամիս հետո գնալ հանգստանալու, հետևաբար հիմա է ուզում վիրահատվել, որպեսզի երկու ամիս հետո իր հանգիստը չտուժի։ Բայց պետությունն ունի իր առողջապահության կազմակերպումը։ Նախորդ տարիների մասին, որ մենք խոսում ենք, այո, նախորդ տարիներին կար խնդիր, երբ բուժհաստատությունը պացիենտներին  բուժելու ծավալով իր տարեկան պայմանագրային գումարն արդեն իսկ սպառում էր։ Օրինակ՝ բուժհաստատությունն ունի 100 միավոր պայմանագրային գումար, ինքը մինչև սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսն այս 100 միավորին համարժեք հիվանդներին արդեն իսկ բուժօգնության ծառայություններ մատուցած էր լինում։ Հիմա առողջապահության նախարարույթւսնն այս տարվա մայիս ամսից ներդրել է հերթագրման ավտոմատացված մեխանիզմ, որը հնարավորություն չի տալիս այլևս, որ դու ավելի հիվանդ բուժես, քան քո տարեկան համամասնությունն է, եթե անհետաձգելի վիճակ չէ, իհարկե»,-ասաց ՀՀ ԱՆ պետական առողջապահության գործակալության պետը։

Այսինքն, ըստ պաշտոնյայի՝ պլանային վիճակում գտնվող պացիենտի համար նախատեսված գումարը այդ պահին սառեցվում է, և երբ նրա հերթը հասնում է, ինքն այդ գումարը պետության կողմից՝ նախատեսված իր բուժօգնության համար ստանում է։

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ