Հետևեք մեզ։

Չեմ մեկնաբանի Թուրքիայի նախագահի հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

19:55, 14 հունիս 2023
Չեմ մեկնաբանի Թուրքիայի նախագահի հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Ազգային ժողովում պատհամավոր Լիլիթ Մինասյանն ԱԳ նախարարին հարցրեց  էրդողանի հայտարարության մասին, ըստ որի՝ «Ինչ վերաբերում է զանգեզուրյան միջանցքին, դա Հայաստանի հետ խնդիր չէ. Զանգեզուրի միջանցքը Իրանի հետ խնդիր է, այլ կերպ ասած, մեծամասամբ մուսուլմանական բնակչությամբ երկու երկրների միջև խնդիր։ Այն փաստը, որ Իրանն այդպիսի դիրքորոշում ունի, հուսահատեցնում է և՛ Ադրբեջանին և՛ մեզ: Իրականում սա պետք է վհատեցնի և նրանց: Ինչպես նաև հավաքագրումները միասնական մեկ վագոնից, ցավոք սրտի, շատ և շատ բարձր են։ Ես հույս ունեմ, որ մենք շուտով կհաղթահարենք այս խնդիրը։ Եթե նրանց մոտ լիներ դրական մոտեցում, այսօր Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը կինտեգրվեին իրար հետ ինչպես ավտոմոբիլային, այնպես էլ երկաթուղային ճանապարհով, և հնարավոր է բացվեր նաև Պեկին-Լոնդոն գիծը»։

Պատգամավորն ասաց, թե ցանկանում է նախարարի դիրքորոշումը լսել․ «Ըստ Ձեզ, ի՞նչն է պատճառը, որ Թուրքիայի նախագահը, Հայաստանի սուվերեն տարածքով անցնող ճանապարհին հերթական անգամ տալով միջանցքային տրամաբանություն, խնդիր է համարել Իրանի դիրքորոշումը, այլ ոչ թե Հայաստանի Հանրապետության»։

 

Ի պատասխան Միրզոյանն ասաց․«Չեմ մեկնաբանի Թուրքիայի նախագահի հայտարարությունը, հատկապես հատվածը, որ վերաբերում է երրորդ երկրներին և նրանց հնարավոր ինտեգրացիային կամ չինտեգրացիային, բայց քանի որ թեմային է առնչվում, ուղղակի խոսեմ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին: Կարծում եմ՝ սա շատ լավ հնարավորություն է ևս մեկ անգամ վերահաստատելու, բարձրաձայնելու Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը: Հայաստանի Հանրապետությունը մեծապես շահագրգռված է տարածաշրջանում տրանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ: Ակնհայտ է, որ այդ ենթակառուցվածքները պետք է ապաշրջափակվեն մի քանի հայտնի սկզբունքների հիման վրա, ինչպիսիք են, օրինակ՝ այն երկրների ինքիշխանության ներքո պետք է գործեն, որոնց տարածքով անցնում են: Այդ ենթակառուցվածքները պետք է գտնվեն այն երկրների իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են, այդ ենթակառուցվածքները պետք է բացվեն հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա: Պարբերաբար փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ, նաև վարչապետի մասնակցությամբ այս հարցերը քննարկվում են: Վերջին շրջանում գիտեք, որ ինտենսիվ են հանդիպումները նաև Ադրբեջանի ղեկավարի հետ: Եվ իմ մասնավոր տպավորությունը, գուցե սուբյեկտիվ տպավորությունն այն է, որ որոշակի առաջընթաց կա, հատկապես պարոն Գրիգորյանի վերջին հանդիպումների շրջանում, բայց վերջնական արդյունք դեռևս չունենք և առայժմ ցավոք սրտի չենք կարող հանրայնացնել դրանց բացակայության պատճառով, բայց, կրկնում եմ, Հայաստանի Հանրապետությունը մեծապես շահագրգռված է այդ ենթակառուցվածքների վերագործարկմամբ, այդ թվում և՝ հենց Թուրքիայի նախագահի մեջբերած կոնտեքստում՝ Պեկին-Լոնդոն, կամ որևէ այլ լոգիստիկ անցումների մաս կազմելու համար»: