Մանկական թունավորման դեպքերի 90%-ից ավելին տեղի է ունեցել տանը՝ գերակշռող թույներն էին կենցաղային քիմիկատները (մաքրող միջոցներ, հիպոքլորիտ, լվացող հեղուկներ) և դեղերը․ գրում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
Մանկական քիմիական թունավորումները համարվում են հանրային առողջության գերխնդիր՝ ինչպես գլոբալ, այնպես էլ ազգային մակարդակներում։ Քիմիական թունավորումն առաջանում է, երբ երեխայի օրգանիզմը շփվում է կամ կուլ է տալիս թունավոր նյութեր՝
• տնային մաքրող միջոցներ,
• դեղորայք,
• կենցաղային գազեր,
• թունաքիմիկատներ (պեստիցիդներ),
• ծանր մետաղներ (սնդիկ, կապար, արսեն) և այլն։
Քանի որ երեխաների օրգանիզմը դեռ զարգացող է, նյութափոխանակությունը արագ է, իսկ պաշտպանական մեխանիզմները՝ թույլ, այդ թունավոր ազդեցությունները շատ ավելի վտանգավոր են, քան մեծահասակների մոտ։
Ըստ ԱՀԿ-ի ամեն տարի աշխարհում գրանցվում է 100,000-ից ավելի մանկական մահ քիմիական թունավորումներից, մոտ հինգ միլիոն երեխա ամեն տարի ենթարկվում է ոչ մահացու քիմիական ազդեցությունների՝ որոնք առաջացնում են նյարդաբանական, հոգեկան, լյարդային կամ երիկամային խանգարումներ և դեպքերի 80 %-ը զարգացող երկրներում է, որտեղ քիմիական նյութերի պահպանումը և թունաբանական հսկողությունը անբավարար են։
«Մուրացան» ՀՀ-ի Թունաբանության կլինիկայում «թունավորում» ախտորոշումով բժշկական օգնություն ստացած պացիենտների վերաբերյալ վերջին 4 ամիսների ընթացքում հավաքագրված տվյալների վերլուծությունն ամփոփում է թունավորման 196 դեպք, որից 195-ը պահանջել են հիվանդանոցային բուժում: Պացիենտների մեծ մասը տղաներ էին` 58%-ը: Վերլուծությունը ցույց է տվել, որ թունավորման դեպքերի 90%-ից ավելին տեղի է ունեցել տանը: Գերակշռող թույներն էին կենցաղային քիմիկատները (մաքրող միջոցներ, հիպոքլորիտ, լվացող հեղուկներ) և դեղերը:
1-6 տարեկան երեխաները կազմել են բոլոր դեպքերի 57%-ը. սա ցույց է տալիս մանկական անվտանգության կրիտիկական խնդրի առկայությունը հատկապես այս տարիքային խմբում:
Թունավորումների պատճառ հանդիսացող կենցաղային քիմիկական նյութերի ընդունման հիմնական եղանակը բերանայինն էր (99%+դեպք):
Երեխաները դրանք խմում են թունավոր նյութը՝ շփոթելով ջրի, հյութի կամ այլ խմիչքի հետ։ Սա համարվում է տանը կենցաղավարության և անվտանգության կրիտիկական ձախողում։
Երեխաների համար թունավորման պատճառներից ամենավտանգավորն են` մաքրող միջոցները, դեղերը, ինչպես նաև կոսմետիկան: Կենցաղային քիմիկատները` մասնավորապես հիպոքլորիտը (12+դեպք), «Դոմեստոս» ապրանքանիշի մաքրող հեղուկները (15+դեպք), քացախաթթուն, բենզինը (8+դեպք), պատճառ են հանդիսացել թունավորման 98 դեպքերի կամ 50%-ի համար:
Վերլուծական տվյալները թույլ են տալիս եզրակացնել, որ թունավորման դեպքերի գերակշիռ մասին նպաստել է կենցաղային քիմիկատների, մաքրող միջոցների հասանելիությունը մանկահասակ երեխաների համար, ուստի հիմնական ջանքերը պետք է կենտրոնացվեն տնային տնտեսություններում մանկական անվտանգության բարձրացման վրա, քանի որ դեպքերի ճնշող մեծամասնությունը տեղի է ունենում տանը և կապված է հեշտությամբ հասանելի կենցաղային քիմիկատների հետ։
Կենցաղային թունավորումները ունեն հետևյալ առողջական հետևանքները`
1. Սուր ազդեցություն՝ փսխում, ջրազրկում, ցնցումներ, շնչառական խանգարումներ, գիտակցության կորուստ։
2. Քրոնիկ ազդեցություն՝ նյարդային համակարգի ախտահարում, մտավոր զարգացման հապաղում, տեսողության/լսողության խնդիրներ։
3. Ծանր մետաղների (օր. կապար, սնդիկ) երկարատև ազդեցությունը կապված է ցածր մտավոր ունակությունների, վարքագծային խանգարումների, ուսումնական առաջադիմության անկման հետ։
Հարկ է նշել, որ քիմիական թունավորումների ավելի քան 90%-ը տեղի է ունենում տանը և կարելի է լիովին կանխել՝ դեղերի ու քիմիական նյութերի ճիշտ պահպանմամբ։
Մեծ է նաև խնդրի տնտեսական և սոցիալական բեռը, քանի որ թունավորումների բուժումը թանկարժեք է, երկարատև և երբեմն անարդյունավետ, ծանր դեպքերը հանգեցնում են վաղ հաշմանդամության կամ մտավոր հետամնացության, ինչը մեծացնում է պետության սոցիալական ծախսերը։ Նախադպրոցական, դպրոցական կրթությունը և ծնողակրթությունը քիմիական կենցաղային թունավորումների կանխարգելման անկյունաքարն են։
Մանկական քիմիական թունավորումները ոչ միայն բժշկական, այլև սոցիալ-տնտեսական և իրավական խնդիր են։ Դրանք լիովին կանխարգելելի են՝ պայմանով, որ պետությունը, կրթական համակարգը և ընտանիքը գործեն համատեղ ։