Հետևեք մեզ։

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն

20:10, 30 հոկտեմբեր 2025
Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն
Հայաստանի հավաքականը Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնություններում երրորդ ոսկե մեդալը նվաճեց: Այս մասին տեղեկացնում են Ծանրամարտի ֆեդերացիայից:
 
Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող երիտասարդների Եվրոպայի առաջնության 71 կգ քաշային կարգում Հայաստանի ընտրանու անդամ Տիգրան Կարապետյանը պոկում վարժությունում հաջորդաբար բարձրացրեց 131 կգ, 136 կգ ու 145 կգ: Վերջին մոտեցումով մեր ծանրորդը Եվրոպայի նոր ռեկորդ սահմանեց: Այս վարժությունում Կարապետյանն առաջինն է: Հրում վարժությունում մեր ծանրորդը բարձրացրեց 166 կգ, այնուհետ՝ 172 կգ ու 176 կգ՝ սահմանելով ԵԱ-ի նոր ռեկորդ: Այստեղ ևս նա առաջինն էր:
 
Երկամարտի 321 կգ արդյունքով` Տիգրան Կարապետյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն:
 
Հիշեցնենք՝ կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 58 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը Եվրոպայի երիտասարդների առաջնությունում երկամարտի 214 կգ արդյունքով (91+123 կգ) դարձել էր ոսկե մեդալակիր: Պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ նա բարձրացրել է 85 կգ, 89 կգ, 91 կգ կշռող ծանրաձողերը: Հրում վարժությունում մեր ծանրորդը բարձրացրել է 112 կգ, 116 կգ, 123 կգ կշռող ծանրաձողերը: Առանձին վարժություններում ևս Գրիգորյանն արժանացել է ոսկե մեդալներին:
 
60 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը չեմպիոնի կոչմանն արժանացել էր երկամարտի 267 կգ (120+147 կգ) արդյունքով: Առանձին վարժություններում ևս Չոլակյանը ոսկե մեդալներ է նվաճել: Պոկում վարժությունում նա գլխավերևում պահել է նախ 115, ապա 120 կգ կշռող ծանրաձողերը: Հրում վարժությունում նա հաջորդաբար բարձրացրել է 140 կգ, 145կգ ու 147 կգ կշռող ծանրաձողերը:
 
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սեյրան Խուդանյանը պոկում վարժությունում գլխավերևում պահել էր 115 կգ կշռող ծարաձողն ու արծաթե մեդալ նվաճել: Հրում վարժությունում Խուդանյանը բարձրացրել է միայն 135 կգ կշռող ծանրաձողը: Երկամարտի 250 կգ արդյունքով Խուդանյանը Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունում գրավել է 5-րդ տեղը:

Վերլուծական