Ի՞նչ է պատկերված մեր զինանշանի վրա. մեր զինանշանը շատ է արտահայտում մեր հոգեբանությունը: Ի՞նչ է պատկերված այնտեղ․ Նոյյան տապանը Արարատի վրա, Հայաստանի 4 գահակալությունների, հարստությունների զինանշանները: Միշտ, միշտ չէ, բայց վերջերս այդ զինանշանին նայելիս, ինձ մոտ հարց է ծագել, իսկ այդ զինանշանը, որ 1991-ին ընդունել ենք, որը մեզ համար սրբություն է, 1991 թվականին հիմնադրված պետության հետ ի՞նչ կապ ունի, ինչի՞ մասին է:
Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Ընդ որում նայելով կենտրոնին, Արարատ սարի վրա Նոյյան տապանն է, իսկ այսօրվա Հայաստանի տարածքը ջրհեղեղի տակ է: Առյուծը, որն արդեն Հայաստանում բնական պայմաններում վաղուց չի ապրում: Եվ այս խնդիրը, որը մենք քննարկում ենք, իրականում մեզնից յուրաքանչյուրի մեջ առկա երկվության մասին է՝ պատմական Հայաստանի և իրական Հայաստանի»,-ասաց Փաշինյանը։
Ըստ նրա՝ ինչի մասին է ամբողջ բանավեճը․ իրական Հայաստանը պե՞տք է ծառայի պատմական Հայաստանին, թե՞ պատմական Հայաստանը՝ իրական Հայաստանին: Փաշինյանի ձևակերպմամբ՝ դա դարակազմիկ հարց է, և որի պատասխանը պետք է տալ։