Հետևեք մեզ։

Հիմա մենք ապագա ունեցող թիմ ենք. Եղիշե Մելիքյան

02:11, 14 նոյեմբեր 2025
Հիմա մենք ապագա ունեցող թիմ ենք. Եղիշե Մելիքյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի կարծիքով՝ այս ընտրական փուլի համար հավաքականի քայլ առաջը երիտասարդ ֆուտբոլիստների մտածելակերպի փոփոխությունն է ու հոգեբանորեն կայանալը:

 

«Ունեինք հնարավորություն այս խաղում չպարտվելու կամ էլ հաղթելու: Շատ եմ ափսոսում, որ չստացվեց, բայց հպարտ եմ իմ թիմի ֆուտբոլիստներով: Թիմային ոգի կա մեր խաղում, կա միասնականություն: Շնորհավորում եմ Հունգարիային ու հաջողություն եմ մաղթում նրանց: Նրանք արժանիորեն հաղթեցին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Եղիշե Մելիքյանը:

 

Վերջինիս խոսքով` այս ընտրական փուլում Հայաստանի հավաքականը մի քանի քայլ առաջ է կատարել:

 

«Մենք ունենք լավ թիմ, միասնականություն, թիմային ոգի, սկսել ենք պայքարել մինչև վերջ: Գիտենք` ինչ ենք ուզում, իհարկե, գուցե ամեն ինչ չէ, որ մեզ մոտ կստացվի: Թիմը գիտի, թե ինչ է անում դաշտում, ինչը շատ կարևոր է թիմի ապագայի համար: Հիմա մենք ապագա ունեցող թիմ ենք, երիտասարդ թիմ: Այս խաղը ցույց տվեց, որ թիմի ոչ մի ֆուտբոլիստ իր տեղը չի ապահովագրել մեկնարկային կազմում: Այս ամենում ամենավատն այն էր, որ մենք չենք կարողանում միավորներ հավաքել: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև մեր երկրպագուներին, որոնք գիտակից մոտեցում ունեն»,-ասաց նա:

 

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի նախավերջին տուրում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը, Երևանում ընդունելով Հունգարիային, զիջեց նվազագույն հաշվով:

 

Հաջորդ ու վերջին տուրում Հայաստանի ազգային թիմը նոյեմբերի 16-ին կմրցի Պորտուգալիայի հետ: Այս խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին:

 

Վերլուծական