39 տարեկանում մահացել է հայազգի բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը։ Ըստ The Ring պարբերականի՝ մահվան պատճառը քաղցկեղն է, որի դեմ մարզիկը պայքարում էր վերջին շրջանում։
Մարտիրոսյանն իր մարզական ուղին սկսել է օլիմպիական ռինգից՝ 2004 թվականին ներկայացնելով ԱՄՆ-ն Աթենքի Օլիմպիական խաղերում։ 20 տարեկանում նա սկսել է պրոֆեսիոնալ կարիերան՝ նվաճելով WBA International, WBC Silver և WBO Inter-Continental տիտղոսները առաջին միջին քաշային կարգում։
Բռնցքամարտիկը երեք անգամ մենամարտել է աշխարհի չեմպիոնի կոչման համար (երկու անգամ՝ առաջին միջին, մեկ անգամ՝ միջին քաշային կարգում), սակայն բոլոր դեպքերում պարտություն է կրել։
Կարիերայի վերջին մենամարտը Վանեսն անցկացրել է 2018 թվականին՝ միջին քաշային կարգի միավորված տիտղոսների համար պայքարում` երկրորդ ռաունդում նոկաուտով զիջելով լեգենդար Գենադի Գոլովկինին։
Ընդհանուր առմամբ, պրոֆեսիոնալ ռինգում Վանես Մարտիրոսյանն անցկացրել է 41 մենամարտ՝ գրանցելով 36 հաղթանակ (21-ը՝ նոկաուտով), 4 պարտություն և 1 ոչ-ոքի։