Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Առուշան Հակոբյանը, որը 1988-1991 թթ․ եղել է ՀԿԿ Արարատի շրջկոմի 1-ին քարտուղարը, այսինքն՝ Արարատի մարզպետը, Hayastan.news-ի հետ զրույցում ուշագրավ մանրամասներ է ներկայացրել Հայաստանի պետական սահմանների, սահմանազատման ու սահմանագծման իրական պատկերի, Խորհրդային միության ժամանակ հաստատված քարտեզների և Տիգրանաշենի շուրջ բանակցությունների, այդ ընթացքում իր՝ պատանդի կարգավիճակում հայտնվելու և Քյարքին Վազգեն Սարգսյանի կոչով գրավելու մասին։
Հակոբյանն իր անձնական արխիվից ներկայացրեց մի շարք փաստաթղթեր, ինչպես նաև 1988 թվականին հաստատված քարտեզ, որոնց վրա, եթե հիմնվեն այսօրվա իշխանությունները Ադրբեջանի հետ բանակցություններում, ապա Հայաստանը շատ ավելի նպաստավոր իրավիճակ կունենա սահմանագծման և սահմանազատման աշխատանքների ժամանակ, քան կարող է լինել 1975 թ․ քարտեզի վրա հիմնվելով։
«Ես ուզում եմ բերել իմ արխիվից պաշտոնական փաստաթղթեր, որոնք օգտակար կլինեն այդ նույն սահմանազատման գործընթացներում։ Լավ կլինի, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կազմված հանձնաժողովը դրանցից օգտվի։ Բայց նախքան սրան անդրադառնալը ես ուզում եմ ներկայացնել փաստաթղթեր, որոնք կներկայացնեն ժամանակին արված սահմանազատման և սահմանագծման բոլոր մանրամասնությունները։ 1966 թ․ ԽՍՀՄ կառավարության որոշմամբ ստեղծվել է հանձնաժողով, որի կազմի մեջ են մտել Հայաստանից և Ադրբեջանից ներկայացուցիչները։ 1969 թվականից սկսվել են այդ աշխատանքները և ավարտվել են 1987 թվականին։ Այս ամբողջ աշխատանքը, կատարելով մոտ 17-18 տարի, այստեղ ներկայացված են բոլոր կետերը՝ Երասխից մինչև Նոյեմբերյան, գետակ առ գետակ, բլուր առ բլուր, սարագագաթ, ինչ հնարավոր է՝ բոլորը հաշվի է առնված, բոլոր նշագծումները կատարվել են ամեն տարի, և այդ ընթացքում կազմվել է 855 արձանագրություն։ Հանձնարարականի մեջ գրված է՝ օգտվել 1927 թվականից սկսած բոլոր այն փաստաթղթերից, որոնք կնքվել են այս երկու հանրապետությունների միջև»,-ասաց նա։
Առուշան Հակոբյանը, որպես օրինակ բերեց Նոյեմբերյանի շրջանի Բաղանիս և Ոսկեպար գյուղերի հարցը, որտեղ մի հավասարարժեք հողերի փոխանակում է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի հողերից, որովհետև Ադրբեջանի կողմից շահագործվող ջրամբարի պատճառով Հայաստանի հողերը լճի տակ են անցել։
Հակոբյանը պատմեց նաև հետաքրքիր միջադեպ Տիգրանաշենի առնչությամբ, դրվագներ Վազգեն Սարգսյանի և Գորգիսյանի կատարած աշխատանքների, մարտերի մասին և այլ դրվագների մասին։
Մանրամասն՝ տեսանյութում․
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ