Հետևեք մեզ։

Ու՞մ է իր հետ շփոթում Կարեն Անդրեասյանը

09:33, 20 հունիս 2023
Ու՞մ է իր հետ շփոթում Կարեն Անդրեասյանը

Դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկելիս ԲԴԽ նիստում թույլ տված կրկեսը հերթական ցցուն վկայությունն էր, որ  իմաստազրկված այդ մարմնում նախագահող Կարեն Անդրեասյանը օրենք, իրավունք, դատարան և նույնիսկ խորհուրդ բառերի հետ շատ քիչ կապ ունի։ Լա՞վ, թե՞ վատ դատավոր է Դավիթ Հարությունյանը, նրա կողմից արդարացվածների, դատապարտվածների ու իրավաբանների գնահատման հարցն է։ Այս դեպքում կարևորը դա չէ, քանի որ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթը կապված է ոչ թե որևէ մեկին անարդար դատելու, այլ իր կարծիքն արտահայտելու և դա անելիս Կարեն Անդրեասյանին քննադատելու հետ։ Բայց սա, ահա, կարևոր է, և կարևոր է ոչ միայն այն պատճառով, որ Կարեն Անդրեասյանը վաստակել է այդ քննադատությունը։ Սա կարևոր ու հատկանշական է հատկապես նրանով, որ Դավիթ Հարությունյանը դատավորների շահերի երաշխավոր մարմնի ղեկավարին մեղադրել է դատավորների շահերը ոտնահարելու մեջ, մի բանի մեջ, որը բոլորս ենք տեսել ու մեր լրագրողական տեքստերում ամոթանք տվել Կարեն Անդրեասյանին՝ մեր գործընկեր Լիլիթ Շաբոյանի մեջքի հետևում թաքնվելու ու իր կարգավիճակին անհարիր հայտարարություն անելու համար։ Բայց դրանից զատ կարևոր է նաև այն, որ ճիշտը Կարեն Անդրեասյանի երեսին ասելու համար պատասխանատվության ենթարկվող Դավիթ Հարությունյանն այդպիսին եղել է միշտ, բարձրաձայնել է և՛ Վարդազարյանի, և՛ Ջհանգիրյանի այն արարքների մասին, որոնք չեն արտահայտել դատավորների շահերը, վտանգ են առաջացրել դատավորների անկախության համար։ Եվ ինչո՞ւ նա չպետք է խոսեր, երբ Անդրեասյանը բացահայտ քարոզում է ԲԴԽ անդամ ընտրել կոնկրետ դատավորի, իսկ մյուս թեկնածուին մեղադրում իր հրաժարականի լուրը տարածելու մեջ, ու դատավորներին քողարկված սպառնում՝ թե այդ դատավորն ուզում է խանգարել աշխատավարձեր բարձրացնելուն։

Ի՞նչ է ակնկալում Կարեն Անդրեասյանն իր այս քայլերով, ի՞նչ է ակնկալում, օրինակ, ԲԴԽ նիստը դռնփակ անցկացնելով, ինչո՞ւ էր անցկացնում հենց այս նիստը դռնփակ, եթե թաքցնելու բան չուներ։ Ինչո՞ւ է Կարեն Անդրեասյանին թվում, որ կարելի է արդարադատության նախարար ու կարգապահական վարույթ հարուցող աշխատած ժամանակ հայտարարել 40 դատավորներից ազատվելու մասին, հետո մի կոտրած ձեռքի ստորագրությամբ դառնալ ԲԴԽ նախագահ, սկսել բացահայտ հետապնդումներ ու չքմեղանալ էժան ու ցածրորակ բացատրությամբ, թե դատավորներից ազատվելու միտքը քաղաքական էր, իսկ փաստացի ազատվելը քաղաքական չէ և մենք խառնում ենք նրա քաղաքական խոսքը «ոչ քաղաքական» վարքագծի հետ։

Կարեն Անդրեասյանն իրեն այնքան է կորցրել իր մոտալուտ հրաժեշտի մասին լուրերից, որ պարզագույն իրավիճակներում նույնիսկ բացահայտում է, որ իր գտնվելու վայրի հետ համատեղելի չէ։ Կարեն Անդրեասյանը բացահայտ մոլորություն է ապրում՝ կարծելով, որ մենք հավատում ենք ակնհայտ ստերին, սեփական քաղաքական շահն առաջ տանելը բարեփոխումների տակ քողարկելուն։ Նա միանշանակ լավ չի պատկերացնում իրականությունն ու կորցրել է դրա զգացումն այն պահից, երբ իրեն սկսել է թվալ, որ կարող է իրեն թույլ տալ թքած ունենալ բոլոր չափանիշների վրա ու անել ցանկացած բան միայն այն պատճառով, որ իշխանության է եկել։ Բայց ինչպես իրականության զգացումը կորցրած բոլորին, Անդրեասյանին նույնպես,  հենց իրականությունը կորցնելը երկար սպասել չի տա։

 

Բեթղեհեմ Արաբյան

Վերլուծական