Նոյմբերի 9-ին ես ստորագրեցի ԼՂ երկրորդ պատերազմը կանգնեցնելու եռակողմ հայտարարությունը: Պատասխանեմ հարցին՝ ինչո՞ւ ստորագրեցի և պատերազմը կանգ առավ հենց նոյեմբերի 9-ին: Այս մասին ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Այստեղ շրջադարձային դեր խաղաց Շուշիի անկման գործընթացը: Շուշիի կորստից հետո հարվածի տակ էր հայտնվելու Ստեփանակերտը, անխուսափելիորեն պիտի ուժեղանար ճնշումը ԼՂ Մարտունու վրա և մեր շուրջ 25 հազար զինվոր կհայտնվեին շրջափակման մեջ ընկնելու վտանգի առաջ: Նոյեմբերի 9-ի հայտարարությունը պատերազմը կանգնեցնելու մեր 5-րդ փորձն էր: Առաջին այդպիսի խոսակցությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 7-ին, երբ ծննդյան օրվա առթիվ շնորհավորելու համար զանգահարել է ՌԴ նախագահ Պուտինին: Պուտինը կարևոր համարեց, որ ես հարցազրույցներից մեկում հայտարարել եմ, որ ՀՀ-ն պատրաստ է գնալ կոմպրոմիսների և օգտնվելով այս առիթից՝ նա ուզում է միջնորդական ջանքեր գործադրել արագ կրակի դադարի հասնելու համար: Ասացի՝ համաձայն եմ՝ հետաքրքրքվելով, թե ինչ պայմաններով պետք է լինի կրակի դադարեցումը:
Մեր ըմբռնումն այն էր, որ կրակը պետք է դադարի առանց նախապայմանների, կողմերը պետք է մնան այդ պահին իրենց զբաղեցրած դիրքերում, որից հետո պետք է սկսվեն խորհրդակցություններ: Նույն օրը երեկոյան տեղի ունեցավ իմ 2-րդ հեռախոսազրույցը ՌԴ նախագահի հետ, նա ասաց, որ խոսել է Ադրբեջանի նախագահի հետ և նա ասել է, որ պատրաստ չէ գնալ կրակի դադարեցման: Այսուհանդերձ Պուտինն ասաց, որ պայմանավորվել է հաջորդ օրը նորից խոսել Ալիևի հետ: Հաջորդ օրը Պուտինը տեղեկացրեց, որ հրադադարի համար Ադրբեջանը նախապայման ունի: Ակնկալում է, որ առանց մարտի իրենց հանձնվի Ֆիզուլին և հայկական ուժերը Արաքսի երկայնքով նահանջեն մինչև Խուդաֆերինի ջրամբար, այնպես, որ այն լինի ադրբեջանցիների վերահսկողության տակ: Բացի այդ, Ադրբեջանն ակնկալում է հետ ստանալ Արցախում սպանության և մարդու առևանգման համար իրենց պատիժը կրող Գուլիևին ու Ասքերովին՝ հնարավոր համարելով իր հերթին գերիներ վերադարձնել: Այս ամենի դիմաց ոչ թե ռազմական գործողությունների դադար է հայտարարվում, այլ ընդամենը հումանիտար հրադադար: Դրանից հետո ռազմական գործողությունները չշարունակելու ոչ մի պայման չպիտի լիներ:
Ասացի, որ նախապայմանները ընդունելի չեն: Այնուամենայնիվ, որոշակի ճկունություն ցուցաբերեցի, որ Խոդաֆերինի ջրամբարի ջրի համատեղ օգտագործումը հնարավոր է, Ասքերովի ու Գուլիևի վերադարձի պայմանը քննարկելի է, թեթ Ալիևն ասի, թե ՌԴ միջնորդությամբ քանի հայ գերի է պատրաստվում վերադարձնել, Ֆիզուլին առանց մարտի հանձնելու և Արաքսի ափով նահանջելու առաջարկը ընդունելի չէ»,- ասաց Փաշինյանը: