Հոկտեմբերի 17-ին Մակրոնն ինձ տեղեկացրեց, որ ԱԼիևը համաձայն է հրադադար հաստատել հոկտեմբերի 18-ի գիշերից: Ես բնականաբար համաձայնվեցի: Այս որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին արված հայտարարության: Այս մասին ԱԺ քննիչ հանձնաժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Այս հայտարարության վերաբերյալ մենք խորհրդակցություններ ունեցանք ռուսաստանցի գործընկերների հետ: Ի հեճուկս հայտարարության՝ հոկտեմբերի 18-ին նույնիսկ հրադադար չհաստատվեց: Այս հայտարարությունից հետո դադար տեղի չունեցավ: ոկտեմբերի 19-ի կեսօրին Պուտինի հետ հեռախոսազրույց ունեցաք, որտեղ ինքը հաստատեց, որ դեռևս տարիներ առաջ մշակված ռուսական պլանի պայմաններով կարելի է կանգնեցնել պատերազմը: Պայմանը հետևյալն էր. 7 շրջանները վերադարձվում են 5+2 ձևաչափով, լուծվում է Լաչինի մջանցքով ԼՂ-ի և ՀՀ-ի կապի հարցը, ԼՂ-ում տեղակայվում են ռուս խաղաղապահներ, կարգավիճակի հարցը մնում է անորոշ ապագայում»,- ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ երեկոյան ՌԴ նախագահին տեղեկացրել է, որ համաձայն է այդ պայմաններին:
«ՌԴ նախագահը զանգահարեց հաջորդ օրը և փոխանցեց հետևյալը. Ադրբեջանը պատրաստ է պատերազմը կանգնեցնելուն, բայց ակնկալում է, որ դրա դիմաց կստանա բոլոր 7 շրջանները, կամ ավելի ճիշտ մնացյալ 5-ը, քանի որ Ֆիզուլին ու Ջաբրայիլը մեծամասամբ գտնվում էին նրանց վերահսկողության ներքո: Բայց սա ամբողջը չէր, այս օրն էր, որ ի հայտ եկավ ամենաշատը քննադատված դրվագը, թե եղել է հնարավորություն Շուշին հայկական վերահսկողության ներքո մնալու պայմաններում դադարեցնել պատերազմը, բայց ես այն բաց եմ թողել: Հոկտեմբերի 19-ին ՌԴ նախագահն ինձ ասաց, որ ադրբեջանական կողմը կնկալում է երաշխիքներ, որ ադրբեջանցի փախստականները վերադառնան Շուշի: Ռուսական կողմի համար սա ընկալելի առաջարկ էր»,- ասաց Փաշինյանը:
Նա նշեց՝ սա է պատճառը, որ ԱԺ ամբիոնից հետո հայտարարել է, որ Շուշիի հարցը միշտ էլ բանակցային օրակարգում է եղել:
«Ինձ ինչի մեջ են մեղադրում: Եթե ես համաձայնվեի, որ ադրբեջանցիները վերադարձվեին Շուշի, և թեկուզ ադրբեջանցիներով բնակեցված՝ կլիներ հայկական: Երբ Շուշիի հարցը բարձրացավ, փորձեցի պարզել՝ ինչպիսի տեսք պետք է ունենան ադրբեջանցիների ակնկալած երաշխիքները: Պրազվեց, որ ես պետք է հայտարարեմ՝ համաձայն եմ, որ ադրբեջանցի փախստականները վերադառնան Շուշի և Ղարաբաղի մյուս բնակավայրեր: ռդ նախագահն առաջարկեց, որ այդ հարցը փոխկապակցվածության մեջ դրվի ԼՂ կարգավիճակի հետ»,- ասաց Փաշինյանը և նշեց, որ ինքը այդ ձևակերպմանը համաձայնել է, ադրբեջանական կողմը՝ մերժել: