Հետևեք մեզ։

Առողջություն Կարեն Անդրեասյանին

16:08, 21 հունիս 2023
Առողջություն Կարեն Անդրեասյանին
Կարեն Անդրեասյանին հարցեր տալը լրագրողական ամենահետաքրքիր զբաղմունքը չէ, իհարկե։ Բայց և շատ հասկանալի է, որ իրավական համակարգի իրադարձություններով հետաքրքրվող հասարակությունն ակնկալում է լուրեր այն մասին, թե ինչ է տեղի ունենում դատավորի այդքան աղմուկ հանած կարգապահական վարույթի հետ կապված։ Ընդ որում՝ հենց Կարեն Անդրեասյանն է իրեն, որպես պաշտոնատար անձի, դրել հանրային հետաքրքրության կենտրոնում ու  լրագրողներին ծանրաբեռնել իրեն հարց տալու կամ իր մասին խոսելու հոգսով։
 
Ոչ թե լրագրողները, այլ Կարեն Անդրեասյանն է նախարար եղած ժամանակ անցանկալի դատավորների մասին խոսել, ապա տեղաշարժվել դեպի ԲԴԽ՝ փորձելով այնպիսի խորհուրդ ձևավորել, որ կարողանա անցանկալիներին հեռացնել։ Ոչ թե լրագրողները, այլ նա է դատավորներին բացահայտ խնդրել չքվեարկել իր համար անցանկալի թեկնածուի օգտին, ապա՝ դատավորների ընդհանուր ժողովի նախորդ օրը, խախտել զուսպ լինելու էթիկական պահանջն ու ի վնաս անցանկալի թեկնածուի՝ հայտարարություն տարածել։ Ոչ թե լրագրողները, այլ Կարեն Անդրեասյանն է այս ամենից դժգոհող դատավորին փորձում պատժել՝ զրկելով նրան երաշխիքներից, ինքն է այնքան պարզունակ, որ կարողանում է պնդել, թե անցանկալի դատավորներից ազատվելու մասին հայտարարությունը քաղաքական էր, իսկ նրանցից ազատվելը քաղաքական չէ։ Կարեն Անդրեասյանն է, չէ՞, վերաքննիչ դստարանի դատավորների մի մասին հանդիպման հրավիրել ու ըստ լուրերի, փորձել հակասահմանադրական պայմանավորվածությունների գալ։ Լավ, ինչպե՞ս չհարցնենք նրան այս մասին, ինչպե՞ս չակընկալենք, որ նա գոնե հերքի սրանք։ 
 
Բայց ոչ, դրա փոխարեն, ինքն իրեն այս վիճակում դրած Կարեն Անդրեասյանը, հատուկ հանդիպում է լրագրողներին, ու իրեն ուղղված հարցերին տալիս ցինիկ պատասխան։ Դատավորի՞, պաշտոնատար անձի՞, մարդո՞ւ, թե՞ տղամարդու էթիկան է պահպանում Կարեն Անդրեասյանը, երբ իրեն հարց ուղղող աղջկան լսում է ու պատասխանում, որ նրան առողջություն է ցանկանում։ Այն, որ իրեն այդպես պահող Անդրեասյանը նույն բարեմաղթանքի կարիքն էապես ունի, ակնհայտ է, որովհետև, միայն առողջական խնդիրը կարող է այդպիսի վարքագծի պատճառ դառնալ։ Բայց Կարեն Անդրեասյանին մի քիչ գոնե ճանաչողները գիտեն, որ դա անցանկալի խոսակցությունից խուսափելու նրա ոճն է, որում նա փորձում է այդ խոսակցությունից վախը քողարկել իբր հոգեբանական կայունության տակ ու հունից հանել դիմացինին՝ բարեմաղթանքի տակ փաթեթավորած արհամարհանքով ու վիրավորանքով։ 
Բայց կարճ կապենք՝ Կարեն Անդրեասյանին իրականություն վերադառնալը չէր խանգարի…
 
 
 
Բեթղեհեմ Արաբյան
 

Վերլուծական