Կառավարությունն առաջարկում է էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայությունների համար սահմանել պետական տուրք` յուրաքանչյուր փոխադրման դեպքում, ինչպես նաև պատվերի վճարման էլեկտրոնային անդորրագրի տրամադրման պահանջ: Կառավարության նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Ըստ Սանոսյանի՝ էլեկտրոնային հարթակներ ստեղծած կազմակերպությունները փաստացի ուղևորափոխադրման գործունեություն են իրականացնում, պատվերներ են ընդունում, փոխանցում են այդ պատվերները վարորդներին, կարգավորում են իրենց հարթակների միջոցով սակագները, նույնիսկ սահմանում են պահանջներ՝ էկոնոմ դաս, բիզնես, կոմֆորտ։ Փաստացի այս ամենն առանց իրավական հիմքի, հարկային պարտավորությունների և վերահսկողության։
«Առկա խնդիրները կարգավորելու և օրենսդրական բացերը լրացնելու նպատակով էլ այս փաթեթն է առաջարկվում քննարկել. լիցենզավորված մարդատար տաքսի ավտոմոբիլներով, ինչպես նաև էլեկտրոնային հարթակների միջոցով թեթև մարդատար ավտոմոբիլով ոչ կանոնավոր յուրաքանչյուր փոխադրման համար սահմանել արտոնագիր՝ պետական տուրք, և՛ անկանխիկի դեպքում, և՛ կանխիկի դեպքում երկու աղյուսակ ունենք: Անկանխիկի դեպքում 2024-ի սեպտեմբերի 1-ից՝ 1,5 տոկոս, 2025-ին՝ 2,5, 2026-ին՝ 4 տոկոս, իսկ կանխիկի դեպքում տոկոսներն ավելի բարձր են՝ 2, 3,5, 5։ Այսպես փորձել ենք խթանել անկանխիկը։ Սահմանել էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայությունների համար պետական տուրք՝ տարեկան մեկ միլիոն դրամի չափով»,-ասաց նա։