Իհարկե, Երևանում առկա բազմաթիվ առաջնային խնդիրների կողքին, մեգանախագծերը որոշ մարդկանց թվում են ոչ կարևոր։ Բայց հենց նման նախագծերն են նաև Երևանը դարձրել հզոր մայրաքաղաք։
Այս մասին գրառում է արել «Ապրելու Երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը։
«Պատկերացնու՞մ եք, եթե ժամանակին չկարևորվեր Մարզահամերգային համալիրի կամ Օպերայի շենքի կառուցումը։
Երևանի Հանրապետական մարզադաշտը կառուցվել է 1935թ․, որը սակայն 1965թ․՝ սրանից մոտ 60 տարի առաջ, այդ ժամանակվա իշխանությունների կողմից համարվեց մեր քաղաքին «չսազող», մեր նպատակների համար «փոքր» մարզադաշտ, և սկսվեցին Հրազդան մարզադաշտի շինարարական աշխատանքները։
Ես հավատում եմ այն մտքին, որ Արարատի չեմպիոնության մեջ մեծ դեր է խաղացել Հրազդան մարզադաշտը՝ այդ ժամանակ աշխարհի ամենամեծ մարզադաշտերից մեկը, որի այժմյան ճակատագիրը ուղղակի հերթական խայտառությունն է։
Եվ ահա, սպորտի զարգացող աշխարհում, Երևանն աշխարհին ներկայանում է 60 տարի առաջ արդեն մեզ «չսազող» մարզադաշտով, ընդ որում, հանդիսականների ավելի փոքր քանակով՝ ընդամենը 16,000:
Իսկ զուգահեռ իրականությունում, չնայած որ Հ1-յան Հայաստանում «աննախադեպ» տեմպերով զարգանում է մեր երկիրը, Վրաստանում է անցկացվում Ֆուտբոլի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որտեղ մի քանի տարի առաջ էլ անցկացվել է Եվրոպայի սուպերգավաթը։
Երևանին պետք է եվրոպական մակարդակի, ամենաբարձր՝ 4-րդ կատեգորիայի ազգային մարզադաշտ, որը ոչ միայն հնարավորություն կտա ավելի շատ մարդկանց վայելել մեր ֆուտբոլիստների հաղթանակները, այլ նաև անցկացնել միջազգային մրցաշարեր, եվրոգավաթների եզրափակիչ հանդիպումներ։
ՈՒժեղ լինելու մեր հանրահռչակումը պետք է իրականացվի բոլոր ոլորտներում։
ՈՒժեղ Երևան, հզոր Հայաստան կառուցելն այլընտրանք չունի»։