Դերասան և սցենարիստ Տիգրան Նալչաջյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ մահացել է քույրը՝ Նվարդը:
«Իմ սիրելի քույրիկի` Նվարդի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը` հունիսի 22-ին»,- գրել է Նալչաջյանը:
Ըստ ԶԼՄ-ների՝ Նալչաջյանի քույրը Փարաքարում սպանված 42-ամյա կինն է:
Նշենք, որ ավելի վաղ ՔԿ-ն մանրամասներ էր հաղորդել օրերս Փարաքարում 42-ամյա կնոջ սպանության վերաբերյալ: Մասնավորապես դեպքի օրը տուժողը Փարաքարում հանդիպել է իր 18-ամյա ծանոթի հետ։ Կնոջը պատկանող ավտոմեքենայով նրանք շրջել են, ապա մեքենան կայանել «Ծիրանանոց» կոչվող հատվածում։ Երիտասարդը, 42-ամյա կնոջը պատկանող «Iphone 13 pro max» մոդելի հեռախոսին տիրանալու և նրա ավտոմեքենան շահագործելու շահադիտական դրդումներով, սպանելու դիտավորությամբ, աջ ձեռքով բռնել է կնոջ պարանոցից, և, ձախ ձեռքը դնելով նրա գլխի հետին հատվածին, հրելու և պարանոցը սեղմելու միջոցով, կատարել է խեղդող հնարք՝ ապօրինաբար կյանքից զրկելով նրան:
Ապա 18-ամյա երիտասարդը կպչուն ժապավենով կապել է տուժողի ձեռքերը, ոտքերը և բերանը, մեքենայով նրան տեղափոխել Փարաքար համայնքի գերեզմանատանը հարակից տարածքում գտնվող, չշահագործվող քարի արտադրամաս։ Դին հրելով գցել է տարածքում առկա ձորակը, քարերով ծածկել և, վերցնելով կնոջ բջջային հեռախոսը, վերջինիս ավտոմեքենայով հեռացել այդ վայրից։ Հունիսի 20-ին նա ընկերոջ միջոցով վաճառել է 42-ամյա կնոջը պատկանող «I phone 13 pro max» մոդելի հեռախոսը, դրա դիմաց ստացել 200.000 ՀՀ դրամ գումար, իսկ ավտոմեքենան շահագործել իր կարիքների համար։
Նախաքննության ընթացքում երիտասարդի մասնակցությամբ դեպքի վայրում կատարվել է քննչական գործողություն, որի ժամանակ հայտնաբերվել է 42-ամյա կնոջ դիակը: