Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը հունիսի 12-ին հրապարակել է արտահերթ եռալեզու զեկույցի թարմացված տարբերակը՝ Ադրբեջանի կողմից Արցախի վեց ամսվա (182-օրյա) շրջափակման հետևանքով մարդու անհատական և հավաքական իրավունքների խախտումների մասին:
Զեկույցում համապարփակ ու մանրամասն կերպով ներկայացվում են 7 անհատական իրավունքների, 5 խոցելի խմբերի և 4 հավաքական իրավունքների խախտումների վերաբերյալ տվյալներ, որոնք արտացոլում են խորացող հումանիտար ճգնաժամը և Արցախի ժողովրդի դեմ իրականացվող ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունը:
Զեկույցում ներկայացված են նաև որոշ արցախցիների պատմությունները, որը Hayastan.news-ը կներկայացնի «Արցախի շրջափակման հետևանքները» շարքով:
Ստեփանակերտից 23-ամյա Մարիամն իր 30-ամյա ամուսնու՝ Ռուբենի հետ, 2022 թվականի դեկտեմբերի 12-ին մեկ օրով գնացել էր Գորիս գնումներ կատարելու և այդ ժամանակվանից չի կարողացել տուն վերադառնալ։ Նրանք նորածին երեխային՝ 3 ամսական Սևակին, թողել էին Մարիամի 55-ամյա մոր հետ։ Նրանք ԿԽՄԿ-ի աջակցությամբ տուն վերադարձան միայն փետրվարի վերջին։ Մարդու իրավունքների պաշտպանին տված հարցազրույցում Մարիամն ասել է.
«Իմ ամենավատ մղձավանջի մեջ անգամ չէի կարող պատկերացնել, որ այդքան երկար կբաժանվեմ իմ երեխայից։ Ամեն անգամ, երբ զանգում եմ մորս և նա ցույց է տալիս որդուս, ես չեմ կարողանում զսպել արցունքներս և սկսում եմ հեկեկալ։ Երբ մտածում եմ նրա մասին՝ առանց ծնողական սիրո, ջերմության և խնամքի մնացած, սիրտս ուղղակի կտոր-կտոր է լինում։ Ես ինձ այնքան մեղավոր եմ զգում: Մայրս ու Սեւակը ցրտահարվել են ադրբեջանցիների կողմից հոսանքազրկման և գազամատակարարման խափանման ժամանակ։ Սևակը մթություն չի սիրում, ուստի լույսերը մարելուց հետո սկսում է լաց լինել։ Մայրս քրոնիկական հիվանդություն ունի, նա չի կարողանում գնալ ու ժամերով հերթ կանգնել սննդի համար, ոչ էլ կարող է գնալ ու ամբողջ Ստեփանակերտում Սեւակի համար անհրաժեշտ մանկական կաթնախառնուրդը փնտրել։ Ես ինքս ինձ չեմ ների, եթե երեխայիս հետ վատ բան պատահի։ Այս ամբողջ իրավիճակն ինձ խելագարեցնում է, ես անընդհատ խուճապի նոպաներ ու հոգեկան խանգարումներ եմ ունենում։ Ամուսինս էլ է նյարդայնանում, այս վիճակից մազերը սպիտակել են։ Մենք զրկված ենք տուն գնալու և սեփական երեխային գրկելու մեր տարրական իրավունքից։ Ինչո՞ւ ենք մենք արժանի մեր հարեւանների կողմից այդքան ատելության»։
Զեկույցը պատրաստելու ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկացվեց, որ Մարիամն ու Ռուբենը վերադարձել են տուն՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ: