Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը հունիսի 12-ին հրապարակել է արտահերթ եռալեզու զեկույցի թարմացված տարբերակը՝ Ադրբեջանի կողմից Արցախի վեց ամսվա (182-օրյա) շրջափակման հետևանքով մարդու անհատական և հավաքական իրավունքների խախտումների մասին:
Զեկույցում համապարփակ ու մանրամասն կերպով ներկայացվում են 7 անհատական իրավունքների, 5 խոցելի խմբերի և 4 հավաքական իրավունքների խախտումների վերաբերյալ տվյալներ, որոնք արտացոլում են խորացող հումանիտար ճգնաժամը և Արցախի ժողովրդի դեմ իրականացվող ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունը:
Զեկույցում ներկայացված են նաև որոշ արցախցիների պատմությունները, որը Hayastan.news-ը կներկայացնի «Արցախի շրջափակման հետևանքները» շարքով:
Հադրութից 45-ամյա Լարիսան բռնի տեղահանված անձ է, ով, կորցնելով ամուսնուն 2016 թվականի ապրիլյան պատերազմում, իսկ որդուն՝ 2020 թվականի պատերազմում, այդ ժամանակվանից ի վեր բախվում է ծանր հոգեբանական խնդիրների, որոնք սրվել են շրջափակման հետևանքով: Նրա դուստրը պատմել է, որ երբ մայրն իմացել է ճանապարհի փակվելու մասին, խուճապի նոպա է ունեցել և սկսել է լացել՝ «Ադրբեջանցիները կգան մեզ բոլորիս կսպանեն», և ուշաթափվել: Նրա ընտանիքի անդամները ստիպված են եղել հոսպիտալացնել նրան։ Շրջափակման պատճառով Լարիսայի մեկուսացումը, անհանգստությունն ու սթրեսը հանգեցրել են խորը դեպրեսիայի՝ արտահայտված հետտրավմատիկ սթրեսային խանգարումով՝ առաջացնելով հալյուցինացիաներ և ինքնասպանության հակումներ: Լարիսան չի ճանաչում իր ընտանիքի անդամներին, գիշերները լաց է լինում, ինքն իրեն խոսում, կանչում է մահացած որդուն և ամուսնուն՝ խնդրելով, որ իրեն հետ տանեն Հադրութ։ Նրա վարքագծում դրսևորվում են նաև ագրեսիվություն, զայրույթ և գիտակցության կորուստ։ Լարիսան նյարդայնանում է շրջափակման մասին լուրերից և երբեմն նույնիսկ դառնում անկառավարելի: Նա այժմ գտնվում է Ստեփանակերտի հիվանդանոցի հոգեբույժների հսկողության տակ, սակայն այս պահին անհրաժեշտ դեղորայքը հասանելի չէ, ուստի բուժվում է փոխարինիչներով, որոնք ավելի քիչ արդյունավետ են։
Ստեփանակերտցի 63-ամյա Նինան կաթված է ստացել, երբ իմացել է իր սիրելի թոռների՝ 12-ամյա Արենի և 15-ամյա Արինայի մասին, որոնք մնացել են Երևանում՝ տուն վերադառնալու ճանապարհին։ Շրջափակումից առաջ նրանք իրենց դպրոցի ուսուցչի և ընկերների հետ միասին մեկնել ԷԻն Երևան՝ դիտելու Եվրատեսիլ երգի մրցույթը 2022 թվականի դեկտեմբերի 10-11-ը: Մարդու իրավունքների պաշտպանին տված հարցազրույցում Նինան ասաց. «Ամեն անգամ, երբ մտածում եմ իմ թոռների մասին, զրկված լինելով ծնողական խնամքից և իրենց բնականոն կյանքից՝ սկսում եմ լաց լինել։
Երեխաներին ծնողների հետ վերամիավորվելու արգելքն այս աշխարհում ամենադաժան և անմարդկային արարքներից մեկն է: Ես չեմ կարող տանել երեխաների տառապանքը, նրանք անմեղ արարածներ են, նրանք ոչինչ չեն արել Ադրբեջանին: Այդ օրերին ես ինձ չափազանց վատ էի զգում և տարօրինակ ցավ ունեի կրծքավանդակումս, բայց նույնիսկ չէի գիտակցում, որ կաթված եմ ստացել։ Աղջիկս շտապօգնություն կանչեց, և երբ բժիշկները եկան ինձ զննելու, հաստատեցին ախտորոշումը։ Առողջությունս ուղղակի քայքայված է։ Ինչու՞ պետք է այդքան չարչարվենք, ինչո՞վ ենք սրան արժանացել»։
Արենն ու Արինան, տասնյակ այլ բաժանված երեխաների հետ, հունվարի վերջին վերադարձել են իրենց տները ԿԽՄԿ-ի և ռուս խաղաղապահների աջակցությամբ:
Քրոնիկ ասթմայով և հաշմանդամություն ունեցող Ստեփանակերտի բնակիչ 67-ամյա Ալինան շմոլ գազի թունավորում է ստացել Ադրբեջանի կողմից գազամատակարարման հերթական խափանումների պատճառով: 2023 թվականի փետրվարի 7-ին, երբ Հայաստանից Արցախ գազամատակարարումը կրկին դադարեցվեց և վերականգնվեց Ադրբեջանի կողմից, Ալինան աշխատում էր խոհանոցում։
Ինչպես Մարդու իրավունքների պաշտպանին տված հարցազրույցում պատմել է նրա դուստրը՝ Մարիան, ինչ-որ պահի տարեց կինը սկսել է բողոքել գլխապտույտից և սրտխառնոցից։ Արդեն զրկված լինելով սննդարար պարենից ու էներգիայից՝ Ալինան իրեն շատ թույլ էր զգում և գնացել է իր սենյակում պառկելու։ Մարիան, վախենալով, որ մայրը կկորցնի գիտակցությունը, նրան անմիջապես տեղափոխել է հիվանդանոց։ Բուժզննման արդյունքում պարզվել է, որ Ալինան թունավորվել է շմոլ գազից, քանի որ Ադրբեջանի կողմից գազամատակարարման խնդրի պատճառով խոհանոցը գազով է լցվել կաթսայից, և կինը թունավորվել է։
Բարեբախտաբար, բժիշկներին հաջողվել է մաքրել նրա շնչուղիները և փրկել նրա կյանքը։