Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը հունիսի 12-ին հրապարակել է արտահերթ եռալեզու զեկույցի թարմացված տարբերակը՝ Ադրբեջանի կողմից Արցախի վեց ամսվա (182-օրյա) շրջափակման հետևանքով մարդու անհատական և հավաքական իրավունքների խախտումների մասին:
Զեկույցում համապարփակ ու մանրամասն կերպով ներկայացվում են 7 անհատական իրավունքների, 5 խոցելի խմբերի և 4 հավաքական իրավունքների խախտումների վերաբերյալ տվյալներ, որոնք արտացոլում են խորացող հումանիտար ճգնաժամը և Արցախի ժողովրդի դեմ իրականացվող ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունը:
Զեկույցում ներկայացված են նաև որոշ արցախցիների պատմությունները, որը Hayastan.news-ը կներկայացնի «Արցախի շրջափակման հետևանքները» շարքով:
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի հետ հարցազրույցում ասկերանցի 5 երեխաների հայր 42-ամյա Արսենը, ով շրջափակման ժամանակ կորցրել է աշխատանքը, ասել է. «Շրջափակման պատճառով կորցրել եմ իմ եկամտի հիմնական աղբյուրը, քանի որ մթերային խանութը, որտեղ ես սովորաբար աշխատում եմ, փակվել է 2022 թվականի դեկտեմբերից։ Քանի որ թարմ բանջարեղենի և մրգերի մեծ մասը ներկրվում էր Հայաստանից, շրջափակումը առաջինը հարվածեց մեզ, և մենք ստիպված եղանք խանութը փակել գրեթե առաջիններից։ Այժմ ես այլևս չեմ կարող պատշաճ կերպով պահել իմ մեծ ընտանիքը:
Կինս հղի է մեր 6-րդ երեխայով, սակայն նրա հղիությունը բարձր ռիսկային է, քանի որ շրջափակման և մեր ապագայի անորոշության պայմաններում անընդհատ սթրեսի մեջ է։ Նա պետք է պարբերաբար բուժզննում անցնի, լավ սնվի և դեղահաբեր ընդունի, բայց մենք հիմա չենք կարող այդ ամենը ապահովել: Մեր երեխաներին կերակրելու համար մենք ստիպված մորթեցինք մեր վերջին անասուններին, որոնք ապահովում էին մեր ամենօրյա կաթնամթերքը և պետք է դառնային մեր երկարաժամկետ եկամտի աղբյուրը։ Դա կործանարար է, քանի որ մեր բնականոն կյանքը օրեցօր փլուզվում է շրջափակման պատճառով»։
Ստեփանակերտից 4 ամսական Դավիթի 23-ամյա երիտասարդ մայրը՝ Լիլիթը, Մարդու իրավունքների պաշտպանին տված հարցազրույցում նշել է. «Ինչպե՞ս կարող եմ ես վայելել իմ կյանքի ամենասպասված փուլը որպես երիտասարդ մայր ու կին, եթե ես մտածում եմ միայն իմ նորածին երեխային կերակրելու և տաքացնելու մասին՝ գազամատակարարման ու էլեկտրամատակարարման շարունակական խափանումների, սննդի, տաք ջրի և այլ անհրաժեշտ պարագաների բացակայության պայմաններում:
Ես և Դավիթը մեկ ամիս առաջ սաստիկ մրսեցինք և ընկանք հիվանդանոց։ Ես խելագարվում էի, վախենում էի կորցնել երեխայիս։ Քանի որ մշտական սթրեսի և թերսնման մեջ եմ, որդուս համար անհրաժեշտ բավարար կաթ չեմ ունենում, իսկ դեղատներում էլ չկա նրան հարմար մանկական կաթնախառնուրդ: Ամուսինս զինվորական է և հիմնականում մեզանից հեռու է գտնվում, իսկ ծնողներս շրջափակման պատճառով մնացել են Երևանում, ուստի կյանքիս այս դժվարին շրջանում ես զրկված եմ նրանց օգնությունից և աջակցությունից։ Սրանք ապրելու համար անմարդկային պայմաններ են, որ ստեղծում է մեզ համար Ադրբեջանը»:
38-ամյա մայր Մարինեն, ում 15-ամյա դուստրը՝ Անին աչքի վիրահատության համար մեկնել էր Երևան և արգելափակվել այնտեղ շրջափակման պատճառով՝ մնալով առանց ծնողական խնամքի, ասում է. «Մեր աղջկան՝ Անիին, իմ հարազատը տարել էր Երևան՝ աչքի բարդ վիրահատության համար, և դրանից հետո նա արգելափակվել է Երևանում շրջափակման պատճառով։
Ցավոք, ես չկարողացա գնալ նրա հետ, քանի որ այստեղ ևս 3 երեխա ունեմ, այդ թվում՝ 6 ամսական երեխա: Մինչև վերջին պահը մենք սպասում էինք Ամանորի հրաշքի և ճանապարհի բացմանը, բայց մենք բաժանվեցինք նաև մեր ամենասիրելի ընտանեկան տոնին՝ Ամանորին և Սուրբ Ծննդին: Անին այժմ խորը դեպրեսիայի մեջ է, նա պատշաճ չի սնվում և քնում, հրաժարվում է տնից դուրս գալ և շփվել մարդկանց հետ և հաճախակի հոգեբանական խնդիրներ է ունենում։ Եվ ամենածանրն այն է, որ ես չեմ կարող լինել նրա կողքին: 21-րդ դարում մենք նույնիսկ որպես ընտանիք վերամիավորվելու տարրական իրավունք չունենք։ Սա ուղղակի անմարդկային վերաբերմունք է մեր նկատմամբ»։
Անին իր ընտանիքի հետ վերամիավորվեց փետրվարին՝ ԿԽՄԿ-ի աջակցությամբ: