Հետևեք մեզ։

Պատերազմի ժամանակ կարծում էի, թե դա իմ կյանքի ամենավատ շրջանն էր, բայց հիմա դժոխքում եմ ապրում. արցախցի

15:57, 23 հունիս 2023
Պատերազմի ժամանակ կարծում էի, թե դա իմ կյանքի ամենավատ շրջանն էր, բայց հիմա դժոխքում եմ ապրում. արցախցի

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը հունիսի 12-ին հրապարակել է արտահերթ եռալեզու զեկույցի թարմացված տարբերակը՝ Ադրբեջանի կողմից Արցախի վեց ամսվա (182-օրյա) շրջափակման հետևանքով մարդու անհատական և հավաքական իրավունքների խախտումների մասին:

 

Զեկույցում համապարփակ ու մանրամասն կերպով ներկայացվում են 7 անհատական իրավունքների, 5 խոցելի խմբերի և 4 հավաքական իրավունքների խախտումների վերաբերյալ տվյալներ, որոնք արտացոլում են խորացող հումանիտար ճգնաժամը և Արցախի ժողովրդի դեմ իրականացվող ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունը:

 

Զեկույցում ներկայացված են նաև որոշ արցախցիների պատմությունները, որը Hayastan.news-ը կներկայացնի «Արցախի շրջափակման հետևանքները» շարքով:


Գրիգորին հաշմանդամություն ունեցող 25-ամյա մարտունեցի է, ով ծանր վիրավորվել է 2020 թվականի պատերազմի ժամանակ և, բարեբախտաբար, ողջ է մնացել։ Մինչ շրջափակումը ամիսը մեկ գնում էր Երևան՝ վերականգնողական կուրս անցնելու Երևանի մասնագիտացված հաստատություններից մեկում։ Ներկայումս նա ոչ միայն զրկված է բուժումը շարունակելու հնարավորությունից, այլև՝ չի կարողանում ձեռք բերել ոտքերի և ձեռքի նոր պրոթեզներ, ինչպես նաև նոր սայլակ գնել Հայաստանից։ Արդյունքում նա զրկվել է իր բնականոն կյանքով ապրելու, տնից դուրս գալու, շրջելու, ինքնուրույն զբաղվելու հնարավորություններից։ Առանց այդ անհրաժեշտ պարագաների՝ նա կարիք ունի որևէ մեկի հատուկ խնամքի և մշտական ֆիզիկական աջակցության։ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանին տված հարցազրույցում նա ասել է.

 

«Պատերազմի ժամանակ ես կարծում էի, թե դա իմ կյանքի ամենավատ շրջանն էր։ Սակայն ահաբեկչությունն ու խոշտանգումները շարունակվում են ամեն օր։ Մենք հիմա դժոխքում ենք ապրում Ադրբեջանի շնորհիվ, բայց աշխարհը շարունակում է անտեսել դա։ Ես ուզում եմ շարունակել ապրել և վերականգնվել այն սարսափից, որի միջով անցել եմ գրեթե 3 տարի առաջ, բայց շրջափակման սթրեսը ինձ թույլ չի տալիս դա անել: Ես չգիտեմ, թե մարդիկ գիտակցում են, թե որքան դժվար է հաշմանդամություն ունեցող անձի համար ապրել շրջափակման մեջ և պայքարել նույնիսկ ամենատարրական բաների համար: Իսկ ինձ նման 9,000-ից ավելի մարդ կա Արցախում»։